Երեկ Վարդավառ էր… «Լաթար» հյուրանոցում չոր մարդ չմնաց

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 20, 2009 13:23

«Տղե~րք, չոր մարդ»,-փողոցներում գոռում էին ոտքից գլուխ թաց պատանիներն ու ջրով լի դույլով վազում դեռևս չթրջված մարդկանց ետևից. երեկ վարդավառ էր` Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը խոր հեթանոսական արմատներ ունի` կապված Աստղիկ աստվածուհու հետ:

Հայ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը տոնվում է Զատիկից 98 օր հետո: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

Երեկ 3-րդ գյուղի «Լաթար» հյուրանոցային համալիրում հազարից ավել երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ էին հավաքվել` հին հայկական ավադույթին համաձայն տոնելու վարդավառը: Տոնը, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, մեկնարկեց ձեռք ձեռքի միասնության շուրջպարով:

Ճոխ սեղաններին հայկական հյութեղ մրգեր էին, հյութեր, հայկական գինի, որ լցնում էին սառը փայտե տակառից: Առատ սեղաններին նոր եփած գառան տաք խաշլամա էլ կար:

Տոնն ավելի գեղեցկացավ պարի պետականի ազգային երգ ու պարով: Ազգային երգին միախառնվել էին լարախաղացի շուրջ հնչող հայկական զուռնան, կոխ բռնած պատանիների զրնգուն ձայնը, ծաղրածուների հնարքները:

Վարդավառի նախօրեին կազմակերպիչները հասցրել էին մեծ խարույկ վառել ու բակում ջրով լի տակառներ դնել:

Հայկական տարազով աղջիկները կարմիր վարդի թերթիկներ էին շաղ տալիս լողավազանի մեջ՝ հավատալով, որ վարդաջրով ջրոցին սեր է փոխանցելու բոլորին:

Ըստ ավանդության`ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո Աստվածուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն է հաստատվում: Երբ Վահագնն ազատում է Աստղիկին, նա շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում: Նույն ավանդության համաձայն` Աստղիկն իր վիրավոր սիրեցյալի մոտ ոտաբոբիկ վազելիս տրորում է վարդենու փշերը, ու նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը:

Կեսօրին կարմիր վարդաթերթիկներով ջրով լի կարմիր դույլերը գործի դրվեցին… սկսվեց ջրոցին…րոպեներ անց չոր մարդ չկար:

dav_0018

Picture 1 of 10

Դիտվել է 6293 անգամ:
Print Friendly

Leave a Reply