Թվայնացվել է Մատենադարանի շուրջ 1400 ձեռագիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | նոյեմբերի 4, 2010 12:05

Մինչ օրս թվայնացվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի շուրջ 1400 ձեռագիր, որը 1 միլիոն 600 հազար կադր է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական, ձեռագրերի թվայնացման աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը, օգոստոսից նոյեմբեր թվայնացվել է 100 ձեռագիր մատյան:

«Այս աշխատանքները մեծ ներուժ են պահանջում եւ նորագույն տեխնիկա, իսկ մեր ունեցած տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց Գ. Գասպարյանը` հավելելով, որ աշխատանքները տասնյակ, գուցե եւ հարյուրավոր տարիներ կշարունակվեն: Աշխարհում պաշտոնապես գրանցված է 30 հազար ձեռագիր մատյան, որից միայն 17 հազարը պատկանում է Մատենադարանին: Հայոց ձեռագրերի թվայնացումը կազմում է 12-13 միլիոն կադր, իսկ ներկա փուլում կատարվել է ողջ աշխատանքի 12 տոկոսը: Գուրգեն Գասպարյանը տեղեկացրեց, որ թվայնացված ողջ ձեռագրերն այժմ հասանելի են գիտական ուսումնասիրության համար, եւ ցանկացած հետաքրքրվող անձ կարող է օգտվել դրանցից: «Մեր գիտական ընթերցասրահները միշտ լեցուն են: Գիտական ուսումնասիրությունների համար Մատենադարան են դիմում ոչ միայն տեղի, այլեւ տարբեր երկրներից եկած գիտնականներ ու հայագետներ»,-հայտնեց Գ. Գասպարյանը:

Մատենադարանի կայքում տեղադրվել են որոշ թվայնացված մանրանկարներ, բոլոր ձեռագրերը չեն տեղադրվում, քանի որ դրանք նեղ մասնագիտական ուսումնասիրության նյութեր են: «Թվայնացումը շատ լավ նախաձեռնություն է, քանի որ միայն հազար ձեռագիր է լիարժեք ուսումնասիրվել, իսկ մնացածը` թռուցիկ: Հիմա ուսումնասիրման նյութերն ավելի հասանելի կդառնան, եւ ավելի արդյունավետ կլինեն»,-ասաց նա:

Դիտվել է 1243 անգամ:

Leave a Reply