ՀՀ ազգային գրադարանը կսկսի գրքերի եւ մամուլի թվայնացումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | նոյեմբերի 4, 2010 11:53

Հայաստանի ազգային գրադարանը էլեկտրոնային կատալոգի հետ զուգահեռ առաջիկայում կիրականացնի նաեւ գրքերի ու մամուլի թվայնացման գործընթաց: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային գործառույթների ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման բաժնի վարիչ Նունե Սամվելյանը, գրքերի ու մամուլի թվայնացումը սկսելու նպատակով գրադարանը ձեռք է բերել լայնաֆորմատ բարձրակարգ սքաներներ:

Ազգային գրադարանում շուտով կբացվի նոր թվայնացման կենտրոն: «Նախատեսված է օրական թվայնացնել մոտ 10-12 գիրք, ինչը կկազմի 3-4 հազար էջ: Թվայնացման աշխատանքները նախատեսվում է սկսել թերթերից եւ հնատիպ գրքերից` ելնելով դրանց պահպանման հրատապությունից»,- նշեց Ն. Սամվելյանը: Հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո գրքերի էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն գրադարանի կայքում, որտեղ արդեն տեղակայված են էլեկտրոնային կատալոգները: Ըստ Ն. Սամվելյանի` գրադարանի 6.5 միլիոն միավոր գրականությունից մոտ 500 հազարը արդեն արտահայտված է էլեկտրոնային քարտարանում: Կա միավորների տարեկան պարտադիր քանակ, որ պետք է մուտքագրվի էլեկտրոնային քարտարան:

Դիտվել է 1141 անգամ:

Leave a Reply