Վրացական դատարանը Հայաստանի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման` Աբխազիա մուտք գործելու մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 3, 2010 19:24

2010 թվականի սեպտեմբերի 8-ին Արտաշես Մելքոնյանը, Վրաստանից Հայաստան գալիս, վրացական սահմանակետում ձերբակալվել է: Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել «օկուպացված տարածք» մուտք գործելու կանոնների խախտման առթիվ. գործում նշվում է` իբր Մելքոնյանը 2009 թ. մայիսին Ռուսաստանի դաշնության «Ադլեր» սահմանային անցակետից մտել է Աբխազիայի տարածք: Իրականում նա, եռամսյա գրանցման նոր ժամկետ ձեռք բերելու նպատակով, Ադլերից դուրս է եկել,  սակայն չի հատել Աբխազիայի սահմանը, այլ գտնվել է Ադլերի և Աբխազիայի միջև գտնվող չեզոք գոտում:

Հոկտեմբերի 25-ին վրացական դատարանի որոշմամբ Մելքոնյանին դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրկման:

Արտաշեսի քույրը` Արմինեն, հայտնում է, որ մեղադրանքն անհիմն է, քանի որ իր եղբայրն, Ադլերից դուրս գալով, չի մտել Աբխազիայի տարածք, այլ մոտ մեկ ժամ անց է կացրել Ադլերի և Աբխազիայի միջև գտնվող չեզոք գոտում և կրկին վերադարձել Ռուսաստան:

«Որևէ փաստաթուղթ, որևէ հիմնավորում չկա, որ նա գտնվել է Աբխազիայի տարածքում,-ասում է քույրը,-պարզապես, ըստ վրացական օրենքի, եթե Ադլերից դուրս ես եկել, նշանակում է` արդեն ոտք ես դրել Աբխազիայի տարածք: Այդ օրենքը վրացական կողմը հատուկ է ստեղծել` հայերին (և ոչ միայն հայերին) «կլպելու» համար. վրացիները լավ տեղյակ են, որ Ռուսաստանում ժամանակավոր բնակվող օտարերկրյա քաղաքացիները հաճախ են գրանցման ժամկետը երկրարացնելու նպատակով այդպես վարվում»:

Արմինեն ասում է, որ կալանքից խուսափելու համար կա մի միջոց` մեղադրյալն ընդունում է իր մեղքը, վճարում 20 000 լարի (մոտ 12 հազար դոլար) և ազատ է արձակվում: Արտաշեսը հրաժարվել է այդ պայմանից, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ինչու՞ պետք է իմ եղբայրն այդքան գումար վճարի, եթե նա ոչ մի օրինախախտում չի կատարել,-ասում Արմինեն,-բացի այդ, նա այդքան գումար չունի, որ վճարի»:

Արմինեն, մինչ դատավճռի կայացումը, նախ հանդիպել է Վրաստանում Հայաստանի հյուպատոս Վարդան Հովհաննիսյանի հետ, որի խորհրդով նաև փաստաբան է վարձել: Վրացի փաստաբանը, ուսումնասիրելով գործը, հայտնել է, որ Արտաշեսին անհիմն են ձերբակալել: Ի դեպ, նա ասել է, որ նման գործերի հետ էլի է առնչվել, սակայն նախորդ դեպքերում մեղադրյալները համաձայնել են վճարել  տուգանքը և ազատ են արձակվել:

Արմինեն դիմել է նաև ՀՀ արտգործնախարարությանը, որտեղից համապատասխան գրություն է ուղարկվել Վրաստանի գլխավոր դատախազին և Արդարադատության նախարարությանը` Մելքոնյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

«Ո՛չ դատախազը, ո՛չ էլ Արդարադատության նախարարությունը բանի տեղ չեն դրել այդ գրությունը,-նշում է Արմինեն ,-ավելին, ասել են, թե դա սովորոկան երևույթ է, կգան էլ, կզանգեն էլ, գրություն էլ կուղարկեն, սակայն դա ոչ մի էական ազդեցեություն չի ունենա գործի վրա»:

Ի դեպ, Արմինեն փաստաբանի ծառայությունների դիմաց նախնական հազար դոլար  է վճարել` չհաշված Վրաստան գնալ-գալու ճանապարհածախսը, մնալու ծախսերը և այլն.

«Արտաշեսի ֆինանսական վիճակը շատ վատ է,-պատմում է քույրը,-ապրում էին Պիտիգորսկում` վարձով: Ընտանիքի միակ աշխատողն էր: Կինն ու երեխան ստիպված եղան տունն ազատել` վարձը չմուծելու պատճառով: Հիմա հեռավոր բարեկամներից մեկի տանն են ապրում, մինչև տեսնենք` ինչ կլինի…»:

Այսօր Մելքոնյանի փաստաբանը դիմել է վերաքննիչ դատարան:

Դիտվել է 1979 անգամ:
Print Friendly

Leave a Reply