Հանդիպում Ուկրաինայի նորանշանակ դեսպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 3, 2010 16:58
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև ձևավորված բարեկամական փոխհարաբերությունների դինամիկ զարգացմանը։
Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում կառավարության ղեկավարն ընդգծել է առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման ու միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարների շուրջ։ Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքների կազմակերպման մանրամասներ։ Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը։
Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply