Մասնավոր բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 միավորով իջեցվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2009 13:52

դրամՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի  որոշմամբ` վերաֆինանսավորման(ռեպո) տոկոսադրույքը 0.5-ով իջեցվեց` սահմանվելով 5.5 տոկոս: 2008թ. դեկտեմբերին այն 7.75 տոկոս էր, որն աստիճանաբար իջեցվեց:

Վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը փողի այն գինն է, որով ԿԲ-ն փող է տրամադրում մասնավոր բանկերին: Ռեպո տոկոսադրույքի իջեցման նպատակը փողի զանգվածը շուկայում մեծացնելն է: Դա կատարվում է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կանգնած տնտեսությունը խթանելու համար:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այդ տոկոսադրույքը Հայաստանում չունի այն ազդեցությունը, ինչի համար որ աշխատում է աշխարհում,- «Անկախ»-ին ասաց Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Ռուբեն Հայրապետյանը,- Տնտեսությունը դրանից չի ակտիվանա, որովհետև գործարքները շատ քիչ են, այսինքն` ԿԲ մասնավոր բանկերին տրամադրվող գումարներն այնքան փոքր են ու կարճաժամկետ, որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ տնտեսության վրա»:

Ռեպո տոկոսադրույքի իջեցումը ենթադրում է, որ մասնավոր բանկերն էլ պիտի իջեցնեն տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, սակայն Հայաստանում բանկերը տոկոսադրույքները դեռ չեն իջեցնում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունն «Անկախ»-ին հայտնեց, որ առևտրային բանկերի տոկոսադրույքների վրա ռեպոյի ազդեցությունը միանգամից չի լինի. «Դրամավարկային քաղաքականության փոխանցման ուղին պահանջում է որոշակի ժամանակահատված»:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply