Սնկային թունավորումների դեպքերը շարունակվում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2010 10:34

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային` թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած և մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավոր սնկերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31-ը` 4-ը մահվան ելքով:

Թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր և Երևան):

2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11-ը` 1 մահվան ելքով:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):

Սննդային թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

Չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

  • Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան  իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
  • Չգնել շուկայում, փողոցներում վաճառվող պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք:
  • Պահածոները պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում:
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման` 20-25 րոպե տևողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով:
Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply