Հայաստանից առաջին ուսանողական ջոկատը Սոչիի օլիմպիական կառույցների մասնակից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 3, 2010 1:01

Երեւանի Շինարարա-ճարտարապետական համալսարանի մի խումբ ուսանողներ իրենց ղեկավարի` նույն համալսարանի ասպիրանտ Էդգար Գալստյանի հետ 2010 թվականի ամառը անցկացրեցին Սոչիի «Կրասնոյա Պոլյանա» գյուղում, որտեղ կառուցվում են 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար հիմնական կառույցները: Հայազգի երիտասարդները ակտիվորեն մասնակցեցին եւ շինարարական աշխատանքներին, եւ հասցրեցին աշխույժ կուլտուրական, մարզական բովանդակալից հանգիստ անցկացնել: Մայր Հայաստանից Սոչի ժամանած շինարարաների այցը անմիջապես գրավեց տեղի հայկական համայնքի ղեկավարության ուշադրությունը, ովքեր միահամուռ որոշեցին հնարավորության սահմաններում օգնել ուսանողական ջոկատին ադապտացվելու տեղային պայմաններին, ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու, բնակավայրի, սնունդի եւ այլ հարցերում: Այս ամենի հետ միասին, համայնքի ղեկավարները կազմակերպեցին երիտասարդների ակտիվ հանգիստը, զանազան միջոցառումների, կարեւոր հանդիպումների, էքսկուրսիաների ու մարզական մրցույթների միջոցով: Ռուսաստանի հայերի միության Սոչիի տարածաշրջանի երիտասարդական թեւի նախագահԱրթուր Մակեյանը վերցնելով իր ձեռքը նախաձեռնությունը` մոբիլազացրեց կազմակերպության ուժերը շինջոկատի առօրյան բովանդակալից, աշխույժ ու տպավորություններով լեցուն դարձնելու համար: Բացի հայկական ուսանողական շինջոկատից Օլիմպիական գյուղում էին գտնվում նաեւ ԱՊՀ երկրներից ժամանած բազմաթիվ այլ ջոկատներ, որոնց հետ կազմակերպվեցին ֆուտբոլի մրցախաղեր, ճանաչողական հանդիպումներ, մարզական բնույթի այլ միջոցառումներ… Հաղթողները պարգեւատրվեցին հուշանվերներով, պատվոգրերով ու դրամական պարգեւներով: Հայաստանի ուսանողական ջոկատի նկատմամբ անտարբեր չմնացին նաեւ ՌՀՄ-ի Սոչիի տարածաշրջանի մշակութային գծով փոխնախագահ Համլետ Բաղդասարյանը, ֆինանսական գծով փոխնախագահներ Հրաչ Մակեյանը, Հմայակ Ուստյանը, ՌՀՄ-ի նախագահության կենտրոնական մասի անդամ, Սոչիի ավտո-ճանապարհային վարչության պետ Հմայակ Վարդանյանը: Սոչիի «Սեւան» հայկական համայնքի կորիզը կազմող այս ակտիվիստները առաջին իսկ օրվանից բոլոր հարցերում աջակցություն, նյութական ու բարոյական օժանդակություն ցուցաբերեցին հայրենիքից ժամանած առաջին ուսանողական ջոկատին` կոչ անելով հաջորդ ամառ նորից վերադառնալ եւ իրենց աշխատանքային փորձը փոխանցել Հայաստանի Հանրապետության մյուս ուսումնական հաստատություններին: Ուսանողական ջոկատի տղաները պետք է հպարտանան, որ իրենց աշխատանքային պրակտիկան անցկացնում են ոչ թե սովորական շինարարական օբյեկտներում, այլ հատկապես այնտեղ, որտեղ պետք է անցկացվեն 2014 թվականի պատմական օլիմպիական ձմեռային խաղերը, – ասաց Հմայակ Վարդանյանը: – Սա շատ կարեւոր հանգամանք է երիտասարդ ճարտարապետի աշխատանքային կարիերայի ճանապարհին: Հետագայում աշխատանքի ընդունվելիս, այն հարցին, թե որտեղ են անցկացրել իրենց ուսանողական պրակտիկան, մեր պրակտիկանտները հնարավորություն կունենան հպարտորեն պատասխանել. «Սոչիի Օլիմպիական կառույցներում»: Մենք շատ գոհ ենք Սոչիի հայկական համայնքի մեր նկատմամբ ցուցաբերած աննախադեպ ուշադրությունից, ջերմ, բարեկամական ընդունելությունից, – մեր թերթի թղթակցին պատասխանեց շինջոկատի բրիգադիր Էդգար Գալստյանը, – ջոկատի տղաներից ոմանք հիմնախնդիրներ ունեցան էմիգրացիոն ծառայության հետ, ժամանակավոր գրանցման եւ նման բնույթի այլ հարցերի լուծման ու հարթման կապակցությամբ, որոնք բարեհաջող լուծվեցին «Սեւան» հայկական համայնքի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ: Նրանց բարյացակամության եւ ուշադրության շնորհիվ մենք մեզ զգում էինք մեր տանը: Օտարության մեջ կամ հյուրի կարգավիճակում մենք ոչ մի օր մեզ չզգացինք, ընդհակառակը` գտնվում էինք բարեկամական, միջավայրում` շրջապատված հարազատ մարդկանցով: Այս պրակտիկան մեզ համար շատ կարեւոր էր: Բացի այն, որ մենք միջազգային նշանակություն ունեցող շինհրապարակում ծանոթացանք ժամանակակից տեխնիկայի ամենավերջին նվաճումներին, կառուցման ամենակատարելագործված մեթոդների հետ, մեզ բախտ վիճակվեց նաեւ ականատեսն ու մասնակիցը դառնալ այդ պատմական շինարարության լայնածավալ աշխատանքներին: Մենք մեր փոքրիկ ներդրումն ունեցանք 2014 թվականի միջազգային Օլիմպիական խաղերի կազմակերպման ու հաջող անցկացման պատասխանատու, պատվաբեր ու հեղինակավոր գործին: Թող Հայաստանից ժամանած ուսանողական շինջոկատի հաջողությամբ պսակված շինարարական պրակտիկան ընդօրինակման առարկա դառնա մեր հայրենիքի բոլոր մյուս ուսանողների համար եւ ոգեւորի նրանց նույնպես կազմել շինարարական ջոկատներ եւ գալ Սոչի` մասնակցելու Օլիմպիական շինարարության մեծածավալ աշխատանքներին:

Անահիտ Անտոնյան, Ք. Սոչի

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply