ԱԳՆ-ում տեղի ունեցավ երիտասարդ դիվանագետների երդման արարողությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 2, 2010 20:18

Նոյեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով:

Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը եւ նրանց հանձնվեցին դիվանագետի վկայականները:

Երիտասարդ դիվանագետներին շնորհավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց.

«Գիտեմ, որ երազել եք այս օրվա մասին։ Ավելի ճիշտ՝ հուսով եմ, որ երազել եք, որովհետեւ բացի գիտելիքներից ու ունակություններից կարեւոր է ձգտումը եւ նվիրվածությունը, որովհետեւ առանց այդ հատկանիշների դժվար է դառնալ լավ դիվանագետ: Ի տարբերություն նախորդ սերնդի, դուք այդ երազելու հնարավորությունն ունեցել եք, որովհետեւ մեծացել եք անկախ Հայաստանում։

Մենք օգտագործում ենք “հազարից մեկ” արտահայտությունը` բացառիկությունն ընդգծելու համար։ Ձեր մասին ես կարող եմ մի քիչ ավելի ստույգ թիվ տալ. տասը հազարից մեկը։ Սա թեւավոր խոսք չէ, այլ պարզ թվաբանություն։ Մեր երկրի յուրաքանչյուր տասը հազար քաղաքացուց մեկին է միայն վիճակվում այդ պատիվը ՝ լինել Հայաստանի Հանրապետության դիվանագետ: Սա նաեւ, ինչ-որ իմաստով, մեծ պատասխանատվություն է ՝ մյուս ինը հազար ինը հարյուր իննսունիննի առջև։

Նախկինում շատերը նույնիսկ չէին համարձակվում երազել դիվանագետ դառնալու մասին. Հայաստանի դիվանագիտական ծառայությունը բուն իմաստով ձեւավորված չէր, Խորհրդային Միության դիվանագետ լինելու համար հարկավոր էր լինել հարյուր հազարավորներից մեկը:

Այսօր իրականացել է ձեր երազանքը եւ ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Շնորհավորանքի հետ ես ոչ թե մաղթանքներ, ավելի շուտ մի քանի պատգամ կցանկանայի փոխանցել:

Դիվանագետ լինելը նախեւառաջ նշանակում է նվիրվածություն Հայրենիքին: Նշականում է գիտակցել, որ Հայրենիքը, Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:

Դիվանագետ լինելը պահանջում է մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի մշտական լարում, բարձր աշխատունակություն, իհարկե`ֆիզիկական դիմացկունություն։

Դիվանագետի աշխատանքը չունի ավարտ կամ դադար: Արձակուրդ, վատ ինքազգացողություն, աշխատանքային ժամեր, հանգստյան օր. այս ամենը, իհարկե, կա դիվանագետի համար, բայց միայն տեսականորեն, որովհետեւ գործնականում իսկական դիվանագետը, իսկ ես հուսով եմ, որ դուք ցանկանում եք լինել իսկական դիվանագետ, աշխատանքի մեջ է միշտ։

Դիվանագետ լինելը նաեւ նշանակում է մշտապես սովորել` ոչ միայն հարստացնել գիտելիքները դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների, այլ նաեւ` այլ, հնարավորինս շատ ասպարեզներում, որովհետեւ դիվանագետը պետք է լայն եւ բազմակողմ աշխարհահայցք ունենա, որպեսզի լավագույն կերպով կարողնա դրսեւորել իրեն որպես դիվանագետի:

Շնորհավորում եմ Ձեզ եւ բարի երթ եմ մաղթում»:

Նորանշանակ դիվանագետները համալրեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի, Եվրոպայի, իրավաբանական վարչությունները, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply