Ճգնաժամ. Համահայկական խաղերը հարվածի տակ են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 20, 2009 13:05

Ինչո՞ւ հայտեր գրեթե չկան

Դրվագ`վերջին`2007թ. Համահայկական խաղերից

Օգոստոսի 9-16-ին Հայաստանում Համահայկական խաղերի ծրագրով նախատեսված բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերը կարող են ձախողվել: Մասնակցության հայտերի ընդունման ժամկետները քանիցս փոխվել են, այսուհանդերձ արձագանքողներ գրեթե չկան:
Խաղերում ուժերը պետք է չափեին Հայաստանի և արտասահմանյան երկրների հավաքականները:
Դեռ մայիսի 13-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայացած Համահայկան խաղերի հանաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում Հանահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ահազանգ հնչեցրեց, որ արտասահմանյան միայն 2-3 երկրներ են պատվիրակներ ուղարկելու ցանկություն հայտնել:
Որոշվեց սպասել մինչև հունիսի 1-ը: Սակայն դրանից հետո էլ գրեթե ոչինչ չփոխվեց, և ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 1-ը: Այժմ էլ ստեղծված իրավիճակը ստիպում է ակնկալիքով սպասել մինչև հուլիսի 20-ը:
Բասկետբոլի կանանց մրցաշարում հանդես գալու հայտեր են ներկայացրել միայն երեք թիմ` Երևան, Գյումրի, Ստեփանակերտ: Տղամարդկանց մրցաշարին վեց թիմ` Երևան, Գյումրի, Ստեփանակերտ, Հալեպ, Կահիրե, Ալեքսանդրիա:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում խուսափեցին տեղեկություն տալ, թե ինչքան հայտ է եկել ֆուտբոլի համար: Դժվար է կանխագուշակել, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց մի բան պարզ է, որ մրցաշարերի վիճակահանությունը պետք է անցկացվի օգոստոսի 1-ից ոչ ուշ:

Կազմակերպիչները մասնակիցների պակասը կապում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի` մայիսին կայացած գործկոմի նիստում տարբեր երկրների ներկայացուցիչները դժգոհում էին, որ Երևանը դարձել է աշխարհի թանկ քաղաքներից մեկը, և մեկ մարդու հյուրանոցային գիշերավարձը հասնում է 100 դոլարի: Սակայն պատճառը միայն այդ չէ:

Որոշ երկրների դաշնակցական շրջանակների ներկայացուցիչներ, թերևս, գերադասեն խաղերին չմասնակցել քաղաքական նկատառումներով:
ՀՄԸՄ-ի խաղերը Երևանում անցկացվելու են օգոստոսի սկզբին: Նախատեսվում էր, որ դրանց մասնակցած բասկետբոլի և ֆուտբոլի թիմերը հանդես կգան նաև համահայկական խաղերի մրցումներում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Ստեփան Տեր-Պետրոսյանն (Լիբանան) այն ժամանակ`գործկոմի նիստից հետո, հայտնեց, որ չի կարծում, թե քաղաքական նկատառումներով մեծ փոփոխություններ կլինեն, և մի շարք քաղաքների ներկայացուցիչներ չեն մասնակցի խաղերին: Իսկ Համահայկական խաղերի տարեգրությունը հուշում է, որ նախկինում բասկետբոլի տղամարդկանց և կանանց մրցաշարերին մասնակցել են շուրջ երկու տասնյակ թիմեր:

Համահայկական խաղերը տեղի են ունենում 4 տարին մեկ: Սակայն նախկինում 2 տարին մեկ անգամ միջանկյալ անցկացվել են բասկետբոլի տղամարդկանց և կանանց մրցաշարեր: Իսկ այս անգամ էլ դրանց ավելացվել է նաև ֆուտբոլը: Փորձը ցույց է տվել, որ այս մարզաձևերի մրցումներն ամենահետաքրքիրն են անցնում: Ընդ որում, գրեթե առանց բացառության, ամեն անգամ այդ մարզաձևերի մրցումների մասնակիցների միջև իսկական «պատերազմներ» են լինում: Մասնավորոպես, 2 տարի առաջ կայացած վերջին խաղերի ֆուտբոլի եզրափակչում իրար անխնա ծեծել էին Ստեփանակերտի և Ստամբուլի հավաքականների խաղացողները: Աբովյանի խաղադաշտում այնպիսի իրարանցում էր առաջացել, որ ոչ մեկին այլևս չէր հետաքրքրել խաղի հաշիվը: Իսկ մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում կայացած Երևանի և Կահիրեի բասկետբոլի թիմերի հանդիպման ժամանակ առաջացած ծեծկռտուքն այնքան անողոք էր եղել, որ դրանից հետո Կահիրեի թիմի մի քանի խաղացողների տեղափոխել էին հիվանդանոց, իսկ Երևանի հավաքականը որակազրկվել էր և հանվել մրցաշարից: Մինչդեռ, մասնակիցների պակասի պատճառով այս տարվա խաղերը կարող են կորցնել գրավչությունը: Չի էլ նախատեսվում շքեղ հանդիսավոր բացում կազմակերպել: Չի բացառվում, որ հետագայում օրակարգային դառնա ընդհանրապես Համահայկական խաղերն անցկացնել- չանցկացնելու հարցը:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply