Պատմվածքների ամենամսյա մրցույթ` մանկապատանեկան գրականության զարգացման նպատակով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 2, 2010 13:48

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտարարել է պատմվածքների ամենամսյա մրցույթ մանկապատանեկան գրականության զարգացման նպատակով: «Ուսումնասիրելով շուկան` պարզ դարձավ, որ մեր մանկապատանեկան գրականությունն առանձնապես հարուստ չէ, եւ կա պահանջարկ սպառողի կողմից:

Այս մրցույթը նպատակ ունի երեխաներին ու պատանիներին կապել գրականության հետ: Մենք պետք է գտնենք հետաքրքրությունների այն շրջանակը, որ կբավարարի նրանց», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սամվել Մերթարջյանը: Նրա խոսքով` այս մրցույթը լավ հնարավորություն է նաեւ մանկապատանեկան գրականության ասպարեզում ստեղծագործողների համար, քանի որ նրանք տպագրվելու հնարավորություն կունենան: Պատմվածքների թեմաները, կերպարները, հարցադրումները պետք է նախատեսված լինեն 10-16 տարեկան պատանիների համար:

Աշխատանքների գնահատման համար ստեղծված հանձնաժողովի կողմից հավանություն ստացած պատմվածքները կտպագրվեն առանձին գրքույկով, իսկ լավագույն հեղինակների հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր: Ըստ Ս. Մերթարջյանի` վաղ տարիքից երեխաներին ու պատանիներին գրքի հետ կապելը ռազմավարական նշանակություն ունի, «քանի որ նաեւ գրականության շնորհիվ է ապագա քաղաքացու մեջ ձեւավորվում արժեհամակարգ, որից մեծապես կախված է Հայաստանի վաղվա օրը»:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply