Լոնդոնում բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 12:34

Բրիտանա-ֆրանսիական մեկօրյա գագաթնաժողով է ընթանում Լոնդոնում` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի մասնակցությամբ: Օրակարգում քաղաքական, ֆինանսա-տնտեսական և պաշտպանության հարցերի համալիր է, ինչպես նաև երկիր մոլորակի կլիմայի պաշտպանության հարցեր: Կարևոր իրադարձություն էր պաշտպանության և անվտանգության ոլորտում Լոնդոնի և Փարիզի միջև համաձայնագրի կնքումը: Ֆրանսիացի դիվանագետները այս փաստաթուղթը պատմական որակեցին:

Հայտնի է դարձել, որ բրիտանա- ֆրանսիական նոր արշավախմբեր կստեղծվեն` աշխարհի հեռու շրջաններում համատեղ աշխատելու համար: Տեղեկատվության համաձայն`այս նոր կառույցը առաջին փուլում կազմված կլինի 2 գումարտակներից`քանակակազմում կընդգրկվեն 10 հազար զինծառայողներ: Առաջարկվում է նաև ավիակիրների, բեռնակիր ինքնաթիռների, ինչպես նաև բենզալցման ինքնաթիռների համատեղ կիրառություն:

Համագործակցությունը նոր ոլորտներ է ընդգրկում` ներառյալ կիբերհանցագործությունները և ահաբեկչության նոր դրսևորումները: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նաև վերլուծում են պաշտպանության արդյունաբերության ավելի արդյունավետ համագործակցությունը` համատեղ խնդիրներ լուծելու համար:

Կարևորվել է համագործակցությունը միջուկային ոլորտում. ակնկալվում է երկու երկրների ծրագրերի մերձեցում`ծախսերի կրճատման նպատակով: Այսպես` Մեծ Բրիտանիան  ֆրանսիական նորագույն լաբորատորիաներ մուտքի իրավունք կունենա , այս լաբորատորիաների գերհզոր համակարգիչներում նմանակեղծվում  են միջուկային փորձարկումները: Անցյալ երկուշաբթի Բրիտանիայի խորհրդարանում Դևիդ Քեմերոնը ելույթում ընդգծել է Ֆրանսիայի հետ համագործակցության պաշտպանության ոլորտը: Վարչապետի հայտարարության համաձայն` խոսքը գործընկերության և ոչ թե ինքնիշխանության հանձնման մասին է: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան հասկանալ տվեց, որ չի աջակցում այժմ գաղտնի կարգով քննարկվող` Եվրամիության բոլոր 27 երկրների միացյալ զինուժ ստեղծելու գաղափարը:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply