Հանդիպել են ՀՀ տրանսպորտի նախարարը և Հայաստանում Ղազախստանի դեսպանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 2, 2010 12:07
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ենթակառուցվածքների, մասնավորապես տրանսպորտային ոլորտում իրականացվող կարեւոր ծրագրերի մասին: Մ.Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը: Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:
Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաեւ, որ շարունակվում են «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ:
Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքի մասին եւ նշել, որ այն կառուցվելու է փուլերով: Հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր են ներկայացրել երեք ընկերություններ եւ ներկայումս դրանց փաստաթղթերի գնահատման փուլն է ընթանում:
Դեսպանը Այիմդոս Բոզժիգիտովին նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առեւտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
