Արսեն ՅԱՐՄԱՆԻ նոր հրատարակությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 6, 2010 2:49

BALU-HARPUT  1878. Çarsancak, Çemişgezek, Çapakçur, Erzincan, Hizan ve Civar Bölgeler

(«Բալու-Խարբերդ» 1878)

Կան հեղինակներ և ուսումնասիրություններ, առանձին հրատարակություններ, որոնց կարևորությունը դուրս է սոսկ արժեքավոր գործ լինելու շրջանակներից։ Դրանք ավելի դասվում են առաքելությունների  շարքը,   եթե մանավանդ  ուղղված են այլալեզու ընթերցողներին և ծանոթացնում են  մեր երկրին, նրա պատմությանը, վեր հանում մինչ օրս անհայտ վավերագրեր, թարգմանաբար ներկայացնում հույժ կարևոր  ուսումնասիրություններ։  Մի կողմից` կարևորվում է հայ հեղինակների ու հայկական աղբյուրների եզակիությունն ու հավաստիությունը, մյուս կողմից` կից տրվում է հայագիտական այնպիսի մատենագիտություն, որը մրցակից չունի։ Ավելին, եթե այս ամենը կարող է նաև վերահաստատել պատմական արդարությունը,  կանխելով տվյալ ասպարեզին, նյութին սպառնացող մոռացման, խեղաթյուրման որոգայթները, ապա «առաքելություն» որակումը  բնավ չի կարող որպես ծեքծեքուն բառ  ընկալվել։

Արսեն Յարմանը պոլսահայ երևելի մտավորական  ընտանիքի շառավիղ է։ Նրան մենք ծանոթ ենք 2001 թ. Ստամբուլում հրատարակված «Osmanlı Sağlık »Hizmetlerinde Ermeniler ve Surp Pırgiջ Hastanesi Tarihi» («Օսմանյան կայսրության առողջապահական ասպարեզում հայերի ներդրումը և ս.Փրկիչ  հիվանդանոցի պատմությունը»):  Հանրագիտարանային արժեք ունեցող 856 էջերից բաղկացած այս  գիրքը Օսմանյան կայսրության առողջապահական ասպարեզում հայերի ունեցած ներդրման և ս.Փրկիչ հայ ազգային հիվանդանոցի 175-ամյա պատմության լիակատար ուսումնասիրություն է։  Շքեղ, պատկերազարդ, մեծածավալ այս հատորը ներառում է հայ բժիշկների, դեղագործների, բնագետների, և ընդհանրապես՝ արևմտահայ բժշկության պատմությունը։ Այս ուսումնասիրությունը բացառիկ է նաև նրանով, որ առաջին անգամ թուրքերեն շարադրված է մեր ժողովրդի պատկերազարդ պատմությունն ուրարտական շրջանից մինչ օրս։  Եզակի ուսումնասիրություն հայ բժշկության  ու նրա երախտավորների մասին՝ կենսագրական հարուստ տվյալներով։ Այս պատկառելի հրատարակության համար ջերմ առաջնորդող  է գրել եվրոպական բժշկության ամենափայլուն ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի հայտնի ուռուցքաբան և մարդու իրավունքների պաշտպան Լեոն Շվարցենբերգը։

Երկրորդ կարևոր  գործը 2008 թ.  լույս ընծայված  «SIVAZ 1877» («Սվազ 1877») հատորն է։ Այն հրատարակության է պատրաստել, ծանոթագրել և լուսանկարներով հարստացրել  Արսեն Յարմանը։ Թարգմանչուհին է Սիրվարդ Մալխասյանը։

Այսօր Թուրքիայում  շատ կարևոր են համարվում  երկրի առանձին նահանգների մասին ուսումնասիրությունները։ Ակնհայտ է, որ հայկական աղբյուրների, նախկին և այսօրյա հայ հեղինակների ուսումնասիրությունների թուրքերեն  թարգմանված հրատարակությունները  չափազանց կարևոր են, որպեսզի պատմական արդարությունը խեղաթյուրվելու վտանգից հեռու մնա, դուրս՝ կանոնավոր դարձած նման գայթակղության  հնարավորություններից։

Սվազի, նաև Թոքատի, Ամասիայի, Մարզվանի մասին այս հատորը հրատարակիչ Արսեն Յարմանը նախընտրել է ներկայացնել ծնունդով վանեցի բանասեր, մշակութային գործիչ Պողոս Նաթանյանի (1856-1886) Պոլսում տպագրված մի քանի երկերի թարգմանությամբ, որոնք  Արևմտյան Հայաստան նրա շրջագայությունների տպավորություններն են և XIX դարի հայ գավառի տնտեսական, քաղաքական կյանքի մասին հարուստ նյութ են ներկայացնում։

Հրատարակիչ Արսեն Յարմանը ներկայացնում է  մի քանի լուսանկարներ, որոնք պատկերում են կաթոլիկ եկեղեցու ամենասիրված սրբերից, ծագումով սվազցի հայ, հայկական աղբյուրներում հիշվող ս. Վլասի (ծնվ. 280 թ., նահատակվել 316 թ.) գերեզմանաքարը՝ դեղատոմսերի արաբերեն արձանագրություններով, մարդկանց  ու կենդանիներին բուժող  սրբացված այս բժիշկ-ճգնավոր եպիսկոպոսի  դեղանյութերը ծեծելու համար հատուկ փորվածք հիշեցնող դամբանաքարով։ Այս սրբի անունով աշխարհում մոտ 2000 եկեղեցի, զանգակատուն  և այլ հուշարձաններ կան։ Նա եվրոպական մի շարք վայրերի, քաղաքների հովանավոր է (օրինակ` Դուբրովնիկի)։ Ապշեցուցիչ է, որ այսքան հարյուրամյակներ անց Արսեն Յարմանը գտել է նրա գերեզմանը Սվազի Բուրուջիյե Մեդրեսեյի մուտքի աջ կողմում, մահմեդական երկու գերեզմանաքարերի միջև։

Դժվար է գերագնահատել այս ուղեգրությունների, հուշագրությունների տեղեկագրային, տեղագրական նյութի  բարձր որակը, տարբեր գավառների սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի մանրամասն նկարագրությունները, ցանկերը։ Եթե դրան գումարենք նաև լուսանկարչական նյութը, ֆաքսիմիլեները, ապա թուրքերեն այս հրատարակությունն այնքան լիարժեք կթվա, որ երկար ժամանակ ոչ մի թուրք գիտնական չի ձեռնարկի նույն այս նահանգների մասին նոր ուսումնասիրություն կատարելու գործը, որը բազմաթիվ խեղաթյուրումներով պիտի լիներ։

Այսօր Արսեն Յարմանը, շարունակելով իր հրատարակիչ-հեղինակի առաքելությունը, լույս է ընծայել  նախորդի տրամաբանական շարունակությունը` «BALU-HARPUT  1878. Çarsancak, Çemişgezek, Çapakçur, Erzincan, Hizan ve Civar Bölgeler » երկհատորյակը (2010)։ Ա հատորը հեղինակել է Արսեն Յարմանը։ Բ հատորը կազմված է երեք հոգևոր հայրերի տեղեկագրերից՝  Վահան Պարտիզակցու, Պողոս Նաթանյանի, Գարեգին Սրվանձտյանի։ Թարգմանիչներն են՝ Սիրվարդ Մալխասյանը և հատորը հրատարակության պատրաստած, լուսանկարային նյութը հայհայթած Արսեն Յարմանը։

Երկհատորյակը հարստացնող ու նրան առանձնակի հմայք հաղորդող, արժևորող լուսանկարչական նյութը բացառիկ է իր նորությամբ, բազմազանությամբ։ Դրանք հազվագյուտ օսմաներեն տեքստերի ֆաքսիմիլեներ են, բնականաբար՝ ուսումնասիրության առարկա վայրերի, նրա հուշարձանների տեսարաններ,  արձանագրություններ, բազմազգ բնակիչների, նրանց տարազների ու զբաղմունքների, տարբեր ծիսակատարությունների, տոների  (նաև՝ թաղման, հարսանիքի, աշխատանքի, շուկայի), դպրոցների, առանձին  երևելիների ու նրանց զարմանալի տների պատկերներ։ Իհարկե, չափազանց արժեքավոր են տարբեր վայրերի ազգային տարազների,  առանձին արհեստների, կիրառական և արվեստի առարկաների նկարներն ու դրանց հայ վարպետների կնիքները և այլն։

Ա հատորն արժևորող առաջաբանի հեղինակ Դոնալդ Քաթերդը (Donald Quataert) այն համարում է տարբեր կրոնների բազմազգ ու բազմալեզու ժողովուրդների կյանքը պատկերող  հրաշալի ուսումնասիրություն, որը, լրացված լուսանկարչական հարուստ նյութով, ընթերցողին է  մատուցում բարձրորակ մի գիրք Օսմանյան կայսրության պատմության մասին։ Իրապես հրաշալի մի ուսումնասիրություն, որը միաժամանակ նոր էջ է և՛ Արևմտյան Հայաստանի, և՛ Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրության ասպարեզում և մեծապես օգտակար է լինելու գիտնականների համար։

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է 1946 անգամ:
Print Friendly

Leave a Reply