Կոսովոյի թնջուկն ու արցախյան հիմնահարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 2, 2010 14:40

Վերջերս մեր հանրության ուշադրության կենտրոնը դարձյալ Կոսովոն էր։ Միջազգային դատարանի որոշումը մեծ կրքեր բորբոքեց հայ քաղաքական դաշտում։ Այսօր թերևս չկա մի ուժ Հայաստանում, որին չհետաքրքրի սերբական այդ երկրամասի ճակատագիրը։ Իսկ Կոսովոյի շուրջ շատ երկրների շահեր են բախվում. Սերբիա-Ալբանիա, ԱՄՆ-Ռուսաստան…

Բայց նախ փոքր պատմական անդրադարձ։ Կոսովոն բուն սերբական երկրամաս է և պատմականորեն սերբական քաղաքակրթության բնօրրաններից է։ Սակայն գտնվելով Ալբանիայի սահմանին մոտ` համարվել է սերբ-ալբանական շփման գոտի։ Մինչ XVI դարը սերբերի և ալբանացիների միջև երբևէ հակամարտություն չի եղել։ Վիճակը փոխվեց, երբ օսմանյան թուրքերը, հենց Կոսովոյի դաշտում ջախջախելով սերբական զորքերը, գրավեցին թե՛ Սերբիայի, թե՛ Ալբանիայի տարածքները։ Ի տարբերություն ալբանացիների (առնաուդների), որոնք ազգովի իսլամ ընդունեցին և ինտեգրվեցին թուրքական քաղաքակրթությանը, սերբ ժողովուրդը դարերով զինված պայքար էր մղում գոյատևման ու ազգային ինքնիշխանության վերականգնման համար։ Այս ժամանակներում էլ Կոսովոյում հայտնվեցին առաջին ալբանացի եկվորները, որոնց միջոցով Օսմանյան կայսրությունը ցանկանում էր տարածաշրջանում փոխել էթնիկական պատկերը։ Ծայր առան սերբերի հալածանքները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում։

Ամեն դեպքում, էթնիկ ալբանացիները միշտ էլ Կոսովոյում փոքրամասնություն էին կազմում։ 1939 թ. նրանք կազմում էին Կոսովոյի բնակչության ընդամենը 10%-ը։ Վիճակը փոխվեց Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի կառավարման տարիներին (1945-1980 թթ.)։ Նա ազգությամբ խորվաթ էր և ընդգծված հակասերբական քաղաքականություն էր վարում։ Ազգային զտումների  հետևանքով արդեն 1980-ականներին Կոսովոյի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ ավելի քան 80%-ը, էթնիկ ալբանացիներն էին։ 1974 թ. նույն Տիտոյի ջանքերով Կոսովոյի երկրամասին ինքնավարություն տրվեց Սերբիայի կազմում։ Տիտոյի մահից շատ չանցած` 1981-ից Կոսովոյի ալբանացիները պայքար սկսեցին միութենական հանրապետության կարգավիճակ ստանալու համար։ Իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում այն վերածվեց արյունահեղ պատերազմի։ Երկու կողմերն էլ էթնիկական զտումների արդյունքում ցանկանում էին խնդիրը լուծել իրենց օգտին։ Պատերազմը ահագնանալով մեծ վտանգ էր ներկայացնում եվրոպական հանրության համար։ Իհարկե, Կոսովոյի ալբանացիները ի զորու չէին միայնակ դիմակայելու սերբական բանակին, բայց նրանց ռազմական, ֆինանսական և բարոյական աջակցություն էր ցուցաբերում Տիրանան:

Գերտերությունները նման առիթը չէին կարող չօգտագործել. նախ Թուրքիան փորձեց հանդես գալ անձնական շահերի պաշտպանությամբ, տարածաշրջանում իր սասանված դիրքերը փորձեց վերականգնել Ռուսաստանը, ի վերջո, ԱՄՆ-ն, որ չէր կարող առիթը բաց թողնել այդ նախկին «խորհրդային» տարածքում իր ազդեցությունը տարածելու համար։ Հետևեցին ՆԱՏՕ-ի զինուժի հարվածները Սերբիային, շփման գոտում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումը, երկարատև բանակցությունները:

Այսպիսով, այսօր Կոսովոյի անկախությունը իրականություն է դարձել:

Կոսովոյի թնջուկի  նկատմամբ անտարբեր չի կարող մնալ նաև հայ հասարակությունը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այսօր Կոսովոյում իրենց առաքելությունն են իրականացնում հայ խաղաղապահները։

Դեռ Կոսովոյի պատերազմի նախնական փուլում, թվում էր Հայաստանը և Ադրբեջանը վարում էին երկակի ստանդարտների քաղաքականություն։

Խնդիրն այն է, որ հայ և սերբ ժողովուրդների ճակատագրերը նման են, և հայ հասարակության բացահայտ համակրանքը սերբերի կողմն էր։ Բացի այդ, Սերբիայի շահերի պաշտպանության դիրքերից էր հանդես գալիս Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը` Ռուսաստանը։

Ադրբեջանի պարագայում  նույնպես միանշանակ չէր գնահատականը։ Նախ` Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան (նաև ԱՄՆ-ն) հանդես էր գալիս Կոսովոյի ալբանացիների պաշտպանության դիրքերից։ Ապա, կարծում ենք, այստեղ երկրորդական չէր նաև իսլամի պարագան։ Սակայն, Ադրբեջանի իշխող վերնախավը ստիպված էր ավելի զգուշավոր կեցվածք ընդունել, քանզի Կոսովոյի ալբանացիների շահերի պաշտպանությունը շատ «ինչուների» առաջ կկանգնեցներ Բաքվին Ղարաբաղյան բանակցությունների ընթացքում։ Այսօր էլ Ադրբեջանի համար (նաև Ռուսաստանի և Վրաստանի) խնդիրն արդիական է, և վախ կա, թե Կոսովոյի անկախությունը կարող է նախադեպ դառնալ և բազում նոր խնդիրներ առաջացնել տարածաշրջանում։

Կոսովոյում զարգացող իրադարձությունները, սակայն, սառը ցնցուղ էին Ադրբեջանի համար։ Դեռ տարիներ առաջ պաշտոնական Բաքուն հույս ուներ, որ երբևէ ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այսօր տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյի ալբանացիների անվտանգության և անկախության երաշխավոր եղան։ Այսինքն` ՆԱՏՕ-ի միջամտությունը Հարավսլավիայի պատերազմին  հանգեցրեց Կոսովոյի փաստացի անկախությանը Աերբիայից և Ադրբեջանի համար վտանգավոր նախադեպ ստեղծեց։

Սակայն պետք է հաշվի առնել, որ այնուամենայնիվ, Կոսովոյի և Ղարաբաղի խնդիրները, որոշ նմանություններով հանդերձ, էական տարբերություններ էլ ունեն: Ինչպես նշվեց, Կոսովոն պատմականորեն սերբական տարածք է, միշտ գտնվել է Սերբիայի քաղաքական-տնտեսական ազդեցության ոլորտում և նրա անբաժանելի մասն է եղել։ Մինչդեռ Արցախը զուտ հայկական տարածք է և այստեղ պայքարող  հայ բնակչությունը նաև պատմական արդարությունն է վերականգնում։ Բացի այդ, Արցախը միայն խորհրդային ժամանակներում է պատկանել Ադրբեջանին, իսկ մինչ այդ Հայաստանի անքակտելի մասն էր, իսկ Կոսովոն երբևէ անկախ չի եղել կամ ալբանական պետության մասը չի կազմել:

          Եթե Կոսովոյի ալբանացի բնակչությունը եկվոր է, արցախահայությունը բնիկ է և պայքարում է իր պատմական հայրենիքի համար։

          Կոսովոյի պատերազմի պարագայում այն չվերածվեց Սերբիայի և Ալբանիայի միջև զինված բախման, մինչդեռ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում էին չհայտարարված պատերազմի պայմաններում։

          Ի տարբերություն Երևանի` պաշտոնական Տիրանան նախապես շատ զգուշավոր էր վերաբերվում Կոսովոյի խնդրին՝ վախենալով մեղադրվել Սերբիայի ներքին գործերին միջամտելու մեջ։

          Արցախն ու Հայաստանը բավական ինտեգրված են քաղաքական, տնտեսական ոլորտներում, ինչը առկա չէ Կոսովոյի և Ալբանիայի պարագայում։

          Սերբիան այդ պատերազմում պայքարում էր պատմական արդարության համար։ Ադրբեջանը սոսկ նվաճող էր։

          Սկզբնապես Արցախի հարցում Հայաստանը ակտիվորեն հանդես է եկել որպես բանակցող (երբեմն նաև որպես կոնֆլիկտի) կողմ, Ալբանիայի պարագայում այդպես չէ։

          Արցախահայության համար պայքարը ազգային-ազատագրական նշանակություն ուներ, մինչդեռ Կոսովոյի ալբանացիների համար այդպես չէր։

          Կոսովոյում ալբանացիները, առանց արտաքին միջամտության, ի վիճակի չէին դիմակայել սերբական ճնշմանը, մինչդեռ արցախահայությունը միայնակ հաղթանակ տարավ Ադրբեջանի գերակշիռ ուժերի դեմ։

          Կոսովոյի հակամարտությունը վերածվեց միջազգային մեծ բախման և առիթ տվեց այլ պետությունների զինված միջամտության, Արցախի պարագայում բոլորովին այլ էր:

Շարքը կարելի է շարունակել, բայց թերևս մեզ համար ամենակարևորն այն է, որ իսկապես նախադեպ է ստեղծվում, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը վեր է դասվում որևէ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքից։ Սակայն այսօր պակաս արդիական չէ և այն հարցը, թե ինչպես օգտվել ստեղծված իրավիճակից: Թվում է` ստեղծված իրավիճակից օգտվելու համար պետք է փորձել Արցախը և Կոսովոն ներկայացնել մեկ հարթության վրա և ուղղակի ճանաչել Արցախի ու Կոսովոյի անկախությունը: Սակայն դա ամենևին հեշտ չէ:

Ինչ վերաբերում է Արցախին` մեր հասարակությունն այդ հարցում բավական երկփեղկված է և միասնական տեսակետ անգամ չկա: Կոսովոյի պարագայում մեր պետության արտաքին քաղաքականությունն ավելի քան զգուշավոր է, կարելի է ասել` պահպանողական է: Գաղտնիք չէ, որ այսօր արևմտյան պետություններն ազգերի ինքնորոշման, ազատականության մասին իրենց բանաձևերն այլ ձևաչափով են կյանքի կոչում. որքանո՞վ է դա ձեռնտու տվյալ երկրին կամ հասարակությանը: Այդ իմաստով մենք ամենևին էլ շահեկան վիճակում չենք: Ակներև է, որ այսօրվա արևելք-արևմուտք (Ռուսաստան-արևմուտք) հակամարտության եվրոպական հարթակում (իմա` Հարավսլավիայում) Ռուսաստանը պարտվեց և զիջեց իր դիրքերը: Սակայն Ռուսաստանն իր կորցրածը փոխհատուցեց Կովկասում` ձեռք գցելով Աբխազիան և Օսեթիան: Եվրոպան Վրաստանի մասնատմանը կարծես անտարբեր վերաբերվեց. մի քանի հայտարարություն, դիվանագիտական նոտա, ու ամեն ինչ ավարտվեց: Միգուցե, դա ձեռնտու էր անգամ Եվրոպային. չէ՞ որ Վրաստանի ներկայիս իրավիճակը պարտադրում է Թբիլիսիին ուղղակի նետվել ՆԱՏՕ-ի գիրկը, մանավանդ որ դրա գինը Վրաստանն արդեն վճարել է Աբխազիայով և Օսեթիայով:

Իսկ ի՞նչ շահեր են բախվում Արցախի շուրջ, երբ այստեղ ստատուս քվոյի խախտումը, թվում է, ներկայումս ոչ ոքի ձեռնտու չէ, և Արցախի խնդրի վերջնական կարգավորումը շարունակ ձգձգվում է` արտաքին միջամտությունից ավելի ու ավելի կախվածության մեջ գցելով թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին:

Այսինքն` Կոսովոյի դեղատոմսն այստեղ չի օգնում, և թվում է` արցախյան թթխմորը դեռ շատ ջուր է առնելու…

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 6727 անգամ:
Print Friendly

Leave a Reply