Նարգիլե. օգուտ ու վնաս
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | November 9, 2010 5:00
Մերձավոր Արևելքում ծնունդ առած այս սովորույթն այսօր նորաձև է ողջ աշխարհում: Հայաստանը նույնպես նորաձևության հոսանքի տակ է: Նարգիլե ծխելը մեզանում համարվում է նորաձև, ասես ինքնահաստատման ու համարձակության վկայություն: Ի՞նչ գիտենք դրա մասին և գիտե՞նք արդյոք, թե ինչպես է այն իրականում գործածվում: Նարգիլեի կողմնակիցներն ասում են, որ այն ոչ միայն հաճելի է, այլև ավելի անվնաս, քան ծխախոտն ու ծխամորճը:
Նախ ասենք, որ նարգիլեի, ինչպես և ծխախոտի ու սիգարի օգտագործումը վատ սովորույթներ են, որոնցից մարդկությունը չի կարողանում ձերբազատվել: Կախվածությունն առաջանում է նիկոտինի ազդեցությամբ: Թոքերի միջոցով նիկոտինը թափանցում է արյան մեջ, որտեղից սկսվում է դրա դուրսբերումը, իսկ ծխող մարդու մեջ առաջանում է նիկոտինի հաշվեկշռի վերականգնում, այսպես կոչված նիկոտինային քաղց. մարդը կրկին ծխելու պահանջ է ունենում: Թութունը միայն նիկոտինով չէ հարուստ. դրա բաղադրության մեջ մտնող խեժերը նույնպես ծխի միջոցով ներթափանցում են օրգանիզմ, կպչում անոթների պատերին ու նստում թոքերում, ինչն էլ իր հերթին կարող է շնչառական օրգանների, աթերոսկլերոզի ու քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ:
Իսկ իրականում….
Նարգիլեն ջրային զտիչով ծխամորճ է, որի համար նախատեսված թութունները կարող են տարբեր համեր ունենալ: Հետազոտողների մեծ մասի կարծիքով` առաջին նարգիլեները պատրաստվել են Հնդկաստանում, սակայն, ներկայիս տեսքով դրանք պարտական են Թուրքիային: Հենց նրանցից է սկիզբ առել նարգիլեի վատ սովորույթը, որ օսման-քոչվորները հասցրել են արաբական երկրներ: Սկզբից նարգիլե պատրաստում էին կոկոսի կեղևից: Հետագայում այն կատարելագործվեց, ու դրա պատրաստմամբ սկսեցին զբաղվել հմուտ արհեստավորները: Հենց նրանք էլ ստեղծեցին նարգիլեի ներկայիս տեսակը: Դարերի ընթացքում վարպետները կատարելագործել են նարգիլեն, ինչի շնորհիվ այն ձեռք է բերել ոչ միայն կիրառական, այլև գեղագիտական արժեք` դառնալով արևելյան մշակույթի, պատմության ու ավանդույթների անբաժանելի մաս:
Գոյություն ունեն «նարգիլե ծխողների վարքականոններ», որոնք պարտադիր են այն կիրառողների համար: Այսպես, երբեք այն բարձր մի դրեք կամ տեղադրեք նարգիլեի համար նախատեսված հատուկ սեղանի վրա, այն ձեռքից ձեռք մի փոխանցեք, դրա մեջ ուրիշ թութուն մի օգտագործեք, բացի դրա համար նախատեսվածից (սև և թանձր), երբեք դրա ածուխից ծխախոտ մի կպցրեք, ուրիշին մի սովորեցրեք, թե ինչպես պետք է ծխել. յուրաքանչուրն ունի իր նախասիրությունը, չի կարելի նարգիլեի մեջ ալկոհոլային խմիչքներ օգտագործել կամ էլ ծխելուց հետո օգտագործել, նարգիլեի մեջ ջուրը զտիչի դեր է կատարում: Նարգիլե կարելի է ծխել կուշտ փորին, ցանկալի է` կիսապառկած դիրքով:
Նարգիլեի ծխի ազդեցության մասին մինչև վերջերս լուրջ հետազոտություններ չկային: Այժմ որոշ հետազոտողներ զգուշացնում են, որ նարգիլեի մեկ անգամ օգտագործումը հավասարազոր է երկու գլանակ ծխելուն, սակայն նարգիլեի համար նախատեսված թութունն իր խտությամբ ավելի թույլ է և բուրավետ: Այլ գիտնականներ հայտարարում են, որ նարգիլեի ծուխն իսկապես էլ մաքրվում է նիկոտինից ու խեժերից` խողովակից ջրին անցնելով, սակայն ոչ այնքան, որ հնարավոր լինի հայտարարել, թե սիգարետի համեմատությամբ այն առողջությանը վնաս չէ: Կես ժամ ծխելով` մարդը ստանում է այնքան նիկոտին, որքան ֆիլտրով երկու թունդ գլանակից: Ինչ վերաբերում է խեժի բացակայությանը, ապա դա նույպես թյուր տեղեկություն է, քանի որ խեժերը դժվար են լուծվում ջրում:Սակայն նարգիլեի ծուխն իսկապես էլ ավելի մեղմ է, քանի որ այն մոխրացող թութունի ու ջրի միախառնման արդյունք ՝է:
Վերջերս նոր տվյալներ են հայտնի դարձել, որոնց համաձայն` նարգիլեի թութունը չի չափանշվում. նիկոտինի պարունակությունը, ածխածնի օքսիդները, խեժերը, ծանր մետաղները դրա մեջ ավելի շատ են , քան ծխախոտի մեջ: Օրինակ՝ նիկոտինի պարունակությունը կազմում 2%-4%, մինչդեռ ծխախոտինը՝ 1-3%: Ածխածնի օքսիդի խտությունը, համապատասխանաբար՝ 0,34%- 1,40%, իսկ գլանակի ծխում՝ 0,41%: Ստացվում է, որ նարգիլե ծխողներն ավելի շատ թույներ են կուլ տալիս, քանի որ ծուխն ավելի խորն են քաշում, իսկ ծխելու գործընթացն էլ կարող է երկարաձգվել մի քանի ժամ: Այսպիսով, նարգիլեի սիրահարների օրգանիզմում նիկոտինի, կատոնինի, մկնդեղի, քրոմի ու արճիճի խտությունն ավելի մեծ է: Նարգիլեի ու ծխախոտի հետևանքները հավասարազոր են. քաղցկեղային հիվանդություններ, թոքային, սրտի արյունատար անոթների հիվանդություններ, փոքր քաշով երեխաների ծնունդ և կախվածություն:
Հետաքրքիր հայտարարություն են արել կանադացի գիտնականները: Հետազոտությունների արդյունքներն անմխիթարական էին. որոշ ժամանակահատվածում նարգիլեի սիրահարի թոքեր ընկած (CO) ածխածնի օքսիդի պարունակությունը երեք անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ծխած սիգարետի խտությանը: Նրանք անհանգստություն են հայտնում, մոտ ժամանակներս Եվրոպայում ու Կանադայում կարող է մի սերունդ ծնվի, որը թութունի կախվածություն կունենա: Գիտնականների համոզմամբ, նարգիլե ծխողները հետագայում կարող են հոգեմետ դեղորայք ընդունել: Քանի որ այս սովորույթն արմատախիլ անելու համար երկար ժամանակ է հարկավոր, ուստի փորձենք դրա հասցրած վնասները նվազեցնել մի քանի խորհուրդներով:
Օգտագործեք նարգիլեի միայն բարձրորակ թութուն, պարբերաբար մաքրեք, լվացեք սարքի մասերը, նարգիլե ծխելու հետ միաժամանակ ալկոհոլային խմիչքներ մի օգտագործեք, նախապատվությունը տվեք թեյին ու լիմոնադին: Անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց հետ մեկ ընդհանուր ծխափողից մի օգտվեք:
Զարմանալի կլիներ եթե նարգիլեի ջրամանը, բացի ջրից, այլ հեղուկներով չլցվեր. նարգիլեի գիտակները կտրականապես անթույլատրելի են համարում ջրամանում ջրի փոխարեն թունդ սպիրտային խմիչքների կիրառումը. հետևանքները կարող են ողբերգական լինել:
Ծխել նարգիլե, թե ոչ, ամեն մարդ ինքը պետք է որոշի, այնուամենայնիվ, ինչպես և ամեն ինչի դեպքում, շատ կարևոր է չափի զգացում ունենալ:






Facebook
Tweet This
Email This Post
