Հայկական ֆուտբոլի պերճանքն ու խայտառակությունը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | November 4, 2010 12:59
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս մարզաձևի միջազգային դասակարգման աղյուսակում հայտնվել է 60-րդ հորիզոնականում, մի բարձունքում, ուր նախկինում երբեք չի եղել: Դրան նպաստել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերում Սլովակիայի և Անդորրայի ներկայացուցիչների նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակները:
Սակայն, մեր երկրի առաջնությունում ևս մի իրադարձություն է արձանագրվել, որը նույնպես աննախադեպ է: Որակազրկվել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների ողջ անձնակազմը: Փաստորեն, անգործության են մատնվել Արման Ամիրխանյանը, Տիգրան Հովսեփյանը, Վահան Մինասյանը, Սուրեն Բալիյանը, Կամո Մահտեսյանը, Արարատ Շահինյանը, Հակոբ Արտոյանը, Արման Ղուշչյանը, Արշակ Կնյազյանը, Զավեն Հովհաննիսյանը, Արթուր Մուրադյանը, Վանիկ Սիմոնյանը, Վարդան Ծատուրյանը, Էրիկ Արևշատյանը, Արմեն Կոստանյանը: Ընդ որում, այսպիսի բան համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ չի եղել: Իսկ պատճառն այն է, որ դժգոհությունները շատ են: Եթե ժամանակին մեկ-երկու ակումբի ներկայացուցիչներ էին սրտնեղում, որ մեր երկրի խաղադաշտերում անարդարությունները շատ են, և դրան ուշադրություն դարձնող չկար, հիմա դժգոհությունը համատարած է:
Եվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է այդպիսի կտրուկ քայլի դիմել: Բնական է, որ ակումբների ներկայացուցիչներն էլ առարկություններ չունեն: Իսկ բացը լրացնելու համար որոշվել է մինչև Հայաստանի առաջնության ավարտը մնացած հանդիպումները սպասարկելու հնարավորություն տալ նախկինում ավելի ստորին խմբի խաղերը վարած մրցավարներին: Ինչպես ասում են` անփոխարինելի մարդիկ չկան, և ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն էլ գլորվում է վերջնագիծ, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Հարցն այն է, որ թացը չորին է խառնվել. պատժվել են բոլոր բարձրակարգ մրցավարները: Սակայն, թե որտեղ է թաքնված շան գլուխը, ովքեր են պատվիրատուները, պարզ չէ: Ակնհայտ է, որ չէր լինի այս ամենը, եթե կասկածներ չլինեին, թե սխալները միտումնավոր են: Քանի որ անմեղության կանխավարկած գոյություն ունի, հնարավոր չէ ասել` մատուցած ծառայությունների կամ կողմնակալության համար մրցավարները փող վերցրե՞լ են, թե՞ ոչ: Գուցե որոշ դեպքերում ոմանք ընդառաջել են ծանոթների խնդրանքի՞ն:
Ամեն դեպքում առանց կրակի ծուխ չի լինում: Երևույթը տգեղ է, իսկ կատարվածը ոչ մի արդարացում չունի: Ուշագրավ է թեկուզ միայն այն փաստը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ փողեր է ծախսել, որպեսզի այդ մրցավարները մասնագիտանան: Ի դեպ, զավեշտական պայման է դրվել, որ եթե մրցավարները խոստովանեն, բացեն փակագծերը, թե ինչպես, ում թելադրանքով են «սխալներ» թույլ տվել հանդիպումները սպասարկելիս, ապա հնարավոր է, որ ներվեն:
Հարց կարող է առաջանալ, իսկ մի՞թե հնարավոր չէր չարիքը ժամանակին կանխել, երբ ամեն բան այդպիսի համատարած բնույթ չէր ստացել: Ի դեպ, ամենազարմանալին այն է, որ թեև Հայաստանի բոլոր բարձրակարգ մրցավարները որակազրկվել են, մեր երկրում խաղեր չեն վարում, սակայն շարունակում են միջազգային հանդիպումներ սպասարկել: Փաստը խոսուն է և վկայում է, որ հայկական ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:






Facebook
Tweet This
Email This Post
