Ձախորդները կզրկվեն թոշակից

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 2, 2010 11:21

Հայաստանի ծանրորդների համար մրցաշրջանը մոտենում է ավարտին, մնացել է մեկ մեկնարկ: Նոյեմբերի 20-27-ը Կիպրոսում կայանալու են մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Մեր այս մարզաձևի ներկայացուցիչները չեն շտապում հրապարակել, թե քանի մեդալ են նվաճել մինչև այս ստուգատեսները: Բայց գաղտնիք չէ, որ դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Իսկ գաղտնապահության պատճառը թերևս այն է, որ ցանկանում են` աչքով տվողներ չլինեն. ակնկալվում է,  որ պարգևների հավաքածուն էլ ավելի է համալրվելու:

Մեր ծանրորդները ներկայումս ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Աբովյանում և Ծաղկաձորում: 28 մարզիկ պարապում է Աբովյանում, տասը` Ծաղկաձորում: Երկաթախաղի մեր վարպետները երկու խմբի են բաժանվել, որովհետև մարզվողների թիվը մեծ է: Իսկ Հայաստանի հավաքականի ծանրորդուհիները սկզբում նախապատրաստվում էին Գյումրիում, այժմ պարապմունքները շարունակում են Աբովյանում: Եվրոպայի երիտասարդական առաջնություններում Հայաստանից շատ ներկայացուցիչներ կլինեն: Մինչև 20 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգա  6-7 մարզուհի և նույնքան մարզիկ: Հայաստանի առնվազն  8 ներկայացուցիչ էլ հանդես կգա բարձր տարիքի երիտասարդների առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ թիմերի կազմերում ընդգրկվել են նոր հեռանկարային ծանրորդներ: «Կփորձենք ապացուցել, որ ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդների ուժեղ թիմեր ունենք: Մեր անվանի մարզիկ-մարզուհիներից  մրցահարթակ դուրս կգան Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, այս տարի կայացած Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանը, պատանեկան օլիմպիադայի մրցանակակիր Սմբատ Մարգարյանը: Ստուգատեսին կմասնակցի նաև օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` Նորիկը: Նա ներկայումս բարձր արդյունքներ է ցույց տալիս: Նախապատրաստվում է նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբոր որդին` Արայիկ Միրզոյանը: Երիտասարդ նոր մարզիկներ ունենք  ծանր քաշային կարգերում: Ի դեպ, ծանրորդների և ծանրորդուհիների հավաքականների մարզիչներ Աշոտ Դանիելյանը  և Արտաշես Ներսիսյանը հնարավորն են անում, որ իրենց սաները կրկին ուրախացնեն մարզասերներին»,- ասաց  Սամվել Խաչատրյանը:

Հետաքրքիր է ներկայումս Արա Խաչատրյանի առողջական վիճակը: Ինչպես հայտնի է, նա Թուրքիայում վերջերս կայացած  աշխարհի առաջնության ժամանակ պոկում վարժությունում ոսկե մեդալի արժանանալուց հետո ձեռքի վնասվածք էր ստացել և դուրս էր մնացել պայքարից: Արան այժմ Մոսկվայի վնասվածքաբանական կենտրոնական հիվանդանոցում հետվնասվածքային վերականգնողական կուրս է անցնում: Այդ ամենն արվում է հմուտ բժիշկների հսկողությամբ: Ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով նա լազերային բուժում է ստանում: Մասնագետներն այն կարծիքին են, որ վիրաբուժական միջամտության կարիք չկա և կասկած լինել չի կարող, որ Արան 2012-ի ապրիլին կկարողանա մասնակցել Ռուսաստանի Կազան  քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում անհաջողության մատնված մարզիկներին`  Գևորգ Դավթյանին և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին, ապա չնայած նրանք տիտղոսակիր են, սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում որոշել են հաշվի չառնել, որ նրանք նախկինում մեծ ծառայություններ են մատուցել: Այսինքն` դա էլ չի փրկել ծանրորդներին: Գուցե պատճառն այն է , որ բոլորի համար անսպասելի էր, որ այս մարզիկները աշխարհի առաջնությունում գրեթե չփորձեցին պայքարել: Բացատրությունն այն էր, որ  մրցահարթակում վնասվածք են ստացել: Կատարվածից զարմացած է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը: «Նախքան աշխարհի առաջնությունը երկուսն էլ որևէ բողոք  չեն ունեցել, չեն հայտնել, որ իրենց կարող է վնասվածքը խանգարել: Եվ  անսպասելի էր մրցավայրում կատարվածը: Դավթյանը և Մարտիրոսյանը, եթե ցանկանում են կրկին հանդես գալ  միջազգային մրցահարթակում, ապա փետրվարին կարող են մասնակցել Հայաստանի առաջնությանը: Եթե նրանց  արդյունքները բարձր լինեն, ապա ազգային հավաքականի դռները կրկին կբացվեն այդ ծանրորդների առջև»,- ասաց Խաչատրյանը: Այդուհանդերձ, երկու մարզիկներն էլ զրկված կլինեն  թոշակից: Խաչատրյանը բացատրեց, որ համապատասխան կարգ է սահմանված, և այդպիսի արտոնություն ստանում են այն մարզիկները, ովքեր դրսևորում են իրենց: Եթե մարզիկներին դա չի հաջողվում, ապա նրանց բացառություններ չեն արվում:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մի կնճռոտ խնդիր ուներ: Բանն այն է, որ անսպասելիորեն կյանքին հրաժեշտ տված գլխավոր մարզչին` Աշոտ Մխիթարյանին, արժանի փոխարինող պետք է գտնվեր: Այդ է պատճառը, որ աշխարհի առաջնության շեմին հավաքականի աշխատանքների համակարգման գործը վստահվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին, իսկ մարզչական աշխատանքով պետք է զբաղվեր թիմի երկրորդ մարզիչը: Փաստորեն, երկուսն էլ պետք է պատասխանատվություն կրեին: Սակայն Ալավեդյանը պատասխանատու աշխատանք է կատարում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում. պետք էր հստակեցնել, թե, ի վերջո, ով է գլխավորը:

Հայտնի դարձավ, որ վճռվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը վստահել Պողոսյանին: Նա է մեր երկրի ընտրանին նախապատրաստելու 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Փաստորեն, մեկուկես տարի է մնացել մինչև այդ կարևոր մեկնարկը, և համարձակ քայլերի չեն դիմում: Թերևս պատճառն այն է, որ Պողոսյանը երկար տարիներ եղել է Մխիթարյանի օգնականը, ծանոթ է մարզիկների նախապատրաստման այն մեթոդներին, որոնք նախկինում հաջողություն են բերել մեր երկրի հավաքականին: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն անկեղծորեն հայտնեց, որ մինչև որոշում կայացնելը շատ են մտածել այդ մասին և խուսափել են նոր մարզիչ փնտրելուց, հնարավոր է, որ կտրուկ քայլերի դիմելը ճակատագրական սխալի հանգեցներ:

Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, ապա այդ ստուգատեսի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի մասնակիցների թիվը որոշվելու է Փարիզում 2011-ին կայանալիք աշխարհի առաջնությունից հետո: Հաշվի են առնվելու աշխարհի վերջին երկու առաջնություններում մարզիկների և մարզուհիների հավաքականների ցույց տված ընդհանուր արդյունքները: Խնդիր է դրված օլիմպիական խաղերում ունենալ 5 ծանրորդ և 4 ծանրորդուհի: Ընդ որում, մեր երկրի ներկայացուցիչները դրան հասնելու իրական հնարավորություններ ունեն: Խաչատրյանի կարծիքով` մարզուհիները 90 տոկոսով, իսկ մարզիկները 99 տոկոսով կկատարեն այդ առաջադրանքը: Նշվեց, որ  ունենք փորձառու մարզիկներ, նաև հուսալի հերթափոխ է աճում: Նա այն կարծիքին է, որ  եկող ամիս կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն էլ կհաստատի, որ հեռանկարային ծանրորդներ ունենք: Ընդ որում, այդ մարզիկներից մի քանիսն այնպիսի մեծ հույսեր են ներշնչում, որ չի բացառվում` նրանք նաև հայտնվեն առաջիկա օլիմպիական խաղերի մասնակիցների թվում:

Ի դեպ, առաջիկա` կիպրոսյան ստուգատեսին չի մասնակցելու մեր օլիմպիական հիմնական հույսերից մեկը` Ռուբեն Ալեքսանյանը: Նա որևէ խնդիր չունի, նրկայումս պարապում է, լավ արդյունքներ է ցույց տալիս, պարզապես հաջորդ մրցաշրջանը երիտասարդ հսկայի համար ծանրաբեռնված է լինելու: Ալեքսանյանը 2011-ին երեք խոշոր ստուգատեսի է մասնակցելու: Նա Հայաստանի պատիվն է պաշտպանելու Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, աշխարհի ուսանողական առաջնությունում և աշխարհի մեծահասակների առաջնությունում:

Ամեն տարի աշխարհում ծանրամարտի մեծ թվով միջազգային ստուգատեսներ են կազմակերպվում, որոնց մասնակիցներին հյուրընկալում են տարբեր երկրների ներկայացուցիչներ: Տարօրինակն այն է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է համարվում, սակայն այստեղ այդպես էլ այս  մարզաձևի ոչ մի խոշորամասշտաբ միջազգային մրցում չի անցկացվում: Փաստորեն, մեր մարզասերները մոտիկից չեն տեսել, թե  ինչ է բարձրակարգ կենդանի ծանրամարտը: Երկաթախաղի սիրահարները սպասում են, թե, ի վերջո,  երբ է լուծվելու այդ հարցը, երբ է Երևանում ծանրամարտի բարձր մակարդակի ստուգատես կազմակերպվելու: Խաչատրյանը հայտնեց, որ դա ցանկալի է, բայց մեծ ծախսերի հետ է կապված: Մասնավորապես, հաշվարկները ցույց են տվել, որ պահանջվում է 150-200 մլն դրամ: Մինչդեռ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդպիսի դրամական միջոցներ չունի: Այլ հարց է, որ եթե Հայաստանի կառավարությունն օգնության ձեռք մեկնի, այդ խնդիրը կկարգավորվի: Իսկ ֆինանսներն անհրաժեշտ են հիմնականում էլեկտրոնային տարբեր սարքավորումներ, համակարգիչներ գնելու համար: Ինչ վերաբերում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, ապա այն կարող է օգնել կազմակերպական, մեթոդական, նաև մարզագույքի, որակյալ ծանրաձողերի ձեռբերման հարցերում, իսկ այդ սարքավորումների հետ կապված խնդիրները  պետք է  մրցումների կազմակերպիչները հոգան:

Դիտվել է 1698 անգամ:
Print Friendly

Leave a Reply