Էսսեների մրցույթ` ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2010 11:03

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկը, որը  նախատեսված է ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար: Կարիերայի Զարգացման Ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Իրավաբանական աշխատություն» (էսսե) ծրագրին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև ասպիրանտները: Դիմորդներն էսսե կարող են գրել հետևյալ թեմաներից որևէ մեկի շրջանակներում.

1.            Հեռահաղորդակցություն և համացանցային (ինտերնետային) իրավունք

2.            ՀՀ կորպորատիվ և միջազգային մասնավոր իրավունք

3.            ՀՀ պայմանագրային իրավունք

4.            ՀՀ Քաղաքացիական դատավարություն և արբիտրաժ

Ծրագրի դիմորդները պետք է ունենան ուսանողական տոմս, որի վավերականության ժամկետը չպետք է ավարտվի ավելի շուտ, քան  ծրագրի արդյունքների հայտարարումը: Ընդունվելու է ուսանողի աշխատանքի բնօրինակը, որը  չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը: Էսսեն պետք է բաղկացած լինի 40,000 նիշից (առանց միջնատարածքների): Ավելի կարճ կամ երկար աշխատանքներն կարող են ընդունելի համարվել պահանջված չափանիշից չափավոր շեղման դեպքում: Դիմորդները կարող են հանձնել նաև իրենց այն թեզը, ատենախոսությունը կամ գիտական աշխատությունները, որոնք դեռևս չեն հրատարակվել կամ ներկայացվել մեկ այլ կազմակերպության (ծրագրի): Աշխատության մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիր (աբստրակտ): Էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառատեսակը` 14, Arial կամ Arial AM:

Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Էսսեն պետք է գրված լինի առանց տառասխալների: Այն չի դիտարկվի, եթե պարունակի բազմաթիվ սխալներ կամ չհամապատասխանի սահմանված պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանն իրավունք է վերապահվում  ձևափոխել կամ խմբագրել աշխատանքը` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել legalessay@mts.am էլեկտրոնային հասցեի միջոցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2010թ. դեկտեմբերի 1-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2011 թվականի մարտի կեսին: Դրանց ընտրության հիմքում լինելու է անանուն ստուգման սկզբունքը, որն ապահովելու են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության իրավաբանները:

Հաղթողները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կորպորատիվ նվերներ և կարժանանան պաշտոնական պատվոգրերի: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կայքի «Կարիերա» էջում և ներկայացված կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում:

Դիտվել է 2422 անգամ:
Print Friendly

Leave a Reply