Ադրբեջանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընդդիմադիր եւ իշխող կուսակցությունների թեկնածուները կռվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2010 10:23
Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ օրերս կազմակերպված նախընտրական բանավեճի ժամանակ «Ժողճակատ-Մուսավաթ» ընդդիմադիր բլոկից թիվ 33 Խաթաիի ընտրական շրջանում միակ թեկնածու, Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի եւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Հուսեյնբալա Միրալամովի միջեւ միջադեպ է տեղի ունեցել:
Ֆ.Գահրամանլըն ընդդիմացել է հեռուստատեսություններում «Ժողճակատ»-ի նախագահ Ալի Քերիմլիի հասցեին իշխանական օղակների կողմից հաճախակի հնչեցվող ստորացուցիչ արտահայտությունների առթիվ եւ հայտարարել, որ դրանք որակվում են որպես ադրբեջանական ժողովրդին ուղղված վիրավորանք: Նա դատապարտել է նաեւ նման մարդկանց առաջ տանողներին եւ թեկնածու առաջադրողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, դրան ի պատասխան, Հ.Միրալամովը վիրավորանքներ է տեղացել Ֆ.Գահրամանլըի հասցեին:
Վերջինս էլ իր պատասխանում հայտարարել է, որ իշխող կուսակցության այդ թեկնածուն եւ նրա ներկայացրած կուսակցությունը գողացել են ադրբեջանական ժողովրդի ունեցվածքը: Արդյունքում Ադրբեջանի հանրային հեռուստատեսության անվտանգության ծառայության աշխատակիցը ստուդիայից հեռացրել է ընդդիմադիր թեկնածուին: Սակայն, Ֆ.Գահրամանլըն հասցրել է ուղիղ եթերով հայտարարել, որ իր եւ իր կուսակցության հասցեին հնչած վիրավորանքները համապատասխանում են իշխանության ընդհանուր բարոյական նկարագրին:
Թերթի հետ զրույցում Ֆ.Գահրամանլըն հայտնել է, որ իշխող կուսակցության մրցակիցն իր հասցեին վիրավորանքներ է թույլ տվել անելանելի վիճակում լինելու պատճառով: «Ընտրողների եւ ժողովրդի առաջ վատ վիճակում հայտնված Հուսեյնբալա Միրալամովը ձեռք է մեկնել վիրավորանքին: Դա ցույց է տալիս, որ իշխանությանը ներկայացնող անձինք հարմար չեն էթիկական-քաղաքական բանավեճի համար: Իշխանության հասցեին իմ հնչեցրած մեղադրանքներին պատասխանել չկարողացած իշխող կուսակցության թեկնածուն ընտրեց խառնակչություն ստեղծելու ճանապարհը», -ասել է Ժողճակատի փոխնախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
