Apple-ը հեռախոսների համաշխարհային վաճառքների ծավալով առաջ է անցել RIM-ից
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 2, 2010 0:45
iPhone սմարթֆոնների մեծաքանակ վաճառքներն Apple-ին թույլ են տվել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով չորրորդ տեղը գրավել աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողների վարկանիշում` առաջ անցնելով BlackBerry սմարթֆոնների ստեղծող կանադական RIM ընկերությունից: Այդ մասին հաղորդել է Business Wire կայքը` վկայակոչելով IDC վերլուծական ընկերության հաշվետվությունը: Հաշվետու ժամանակաշրջանում Apple-ին հաջողվել է վաճառել 14,1 մլն iPhone (շուկայի 4,1 տոկոսը) այն դեպքում, երբ RIM-ը կարողացել է իրացնել 12,4 մլն BlackBerry: Apple-ը եւ RIM-ն ամենաակտիվ աճն են արձանագրել. անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ իրացված iPhone-ների թվաքանակն աճել է 90,5 տոկոսով, իսկ BlackBerry-ներինը` 45,9 տոկոսով:
Ընդամենն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում աշխարհում վաճառվել է 340,5 մլն հեռախոս, ինչը 14,6 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Հեռախոսների համաշխարհային խոշորագույն արտադրողը մնում է Nokia-ն, որը երրորդ եռամսյակում վաճառել է 110,4 մլն հեռախոս: 71,4 մլն հեռախոսով նրան հաջորդում են Samsung-ը եւ LG-ն, որը հաշվետու ժամանակաշրջանում իրացրել է 28,4 մլն բջջային սարք: LG-ն այժմ ճգնաժամ է ապրում հեռախոսների շուկայում. երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության բջջային սարքերի ստորաբաժանման վնասները գերազանցել են 100 մլն դոլարը: Այն հեռախոսների միակ խոշոր արտադրողն է, որը երրորդ եռամսյակում ավելի քիչ սարքեր է վաճառել, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Բացի այդ, 2004 թվականից ի վեր առաջին անգամ, երբ IDC-ն սկսեց այսօրինակ վարկանիշ կազմել, խոշորագույն արտադրողների հնգյակը լքել է Sony Ericsson ընկերությունը:
Շուկայական գլխավոր միտումը մնում է սմարթֆոնների նկատմամբ սպառողական հետաքրքրության աճը: Այսպես, Apple-ը եւ RIM-ը, որոնք հետախոսների համաշխարհային մատակարարումների ծավալներով զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ տեղերը, թողարկում են միայն սմարթֆոններ: IDC-ի ավագ վերլուծաբան Կեւին Ռեստիվոն ասում է, որ այն արտադրողներին, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում սմարթֆոնների շարքի զարգացմանը, ապագայում դժվար կլինի պահպանել իրենց դիրքերը հեռախոսների շուկայում:






Facebook
Tweet This
Email This Post
