Աղետի հիշեցում. Ոչնչացված խաչքարերի մասին վկայում են լուսանկարները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 18, 2009 12:44
Ջուղայի խաչքարերը, բացառությամբ մի քանի փրկվածների, մնացել են միայն լուսանկարներում

Ջուղայի խաչքարերը, բացառությամբ մի քանիսի, մնացել են միայն լուսանկարներում

Մեր գիտակցության մեջ աղետը նույնանում է միայն մահվան, մարդու մարմնի կորստի, դրա նկատմամբ բռնության հետ, մարդը սովոր չէ մշակութային կորուստը որպես աղետ ընկալելու, մշակութային աղետը «մարդկայնացնելու»:

Հուլիսի 17-ին Երևանի Պոպլավոկ սրճարանի հարակից այգում  բացօթյա  ֆոտո-ցուցահանդեսում ներկայացված էին խաչքարագետ Արգամ Այվազյանի և լուսանկարիչ Ջավեն Սարգսյանի Ջուղայի կործանված գերեզմանատան պատմությունը` փրկված և կորստի գիրկն անցած խաչքարերի լուսանկարները: Ցուցադրությունը կազմակերպել էր «Ծիրանի» մշակութային երիտասարդական  ՀԿ-ն:

Միջոցառման կազմակերպիչ և «Ծիրանի»-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանի խոսքերով`  փորձ էր արվել ցույց տալ Ջուղայի խաչքարերի ողբերգական ճակատագրի ժամանակագրությունը, ինչպես նաև այս հարցի շուրջ իրազեկել հանրությանը. « Ջուղայի խաչքարերն այսօր չենք կարող վերականգնել, սակայն, մեր համառությամբ և սրտացավությամբ կարող ենք այս և այլ օրինակների իրազեկումով կանխել այլ հուշարձանների ոչնչացումը: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայ երիտասարդությունը քնած չէ և հոգացավ է իր ազգային մշակույթով»:

Բացօթյա, հանրային միջոցառման տեսակը, որ իր նախադեպն ունի «Ծիրանի» ՀԿ-ի գործունեության մեջ, ըստ իս, լավագույն ձևն է աղետի, տվյալ դեպքում մշակութային աղետի մասին խոսելու:

site2

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարը «փրկել է» խաչքարը

90-ականներից սկսած Ադրբեջանը պարբերաբար ոչնչացնում է Ջուղայի գերեզմանատունը՝  2005-ի դեկտեմբերին հասնելով իր վայրագությունների ծայրակետին (մոտ 10.000 խաչքարեր արդեն չկան): Իսկ մեր հասարակության մեջ այս իրողության շուրջ իշխող լռությունն էլ ավելի է բարձրացնում այս միջոցառման նշանակությունը: Միջոցառման նման տեսակը թույլ է տալիս առանց ամբիոնների ու պաշտոնականության խոսել աղետի մասին, դա էլ իր հերթին ապահովում է մշակութայի աղետի մասին խոսողի ու լսողի միջև հավասարության ու մտերմության զգացումը, ինչպես նաև, որ ցուցադրությունը դիտում են բազմապիսի մարդիկ:

Ներկա լինելով ցուցադրությանը, որ տևեց մեկ օր, ինքս ականատես եղա այգում ցուցադրվող ֆոտոների շուրջ հանրային ուշադրությանը: Նարեկ Աշուղաթոյանի խոսքերով՝  «Մեզ մեծապես զարմացնում էին այն մարդիկ, ովքեր պատկերների կողքով քայլելիս անգամ հայացք չէին նետում այդ կողմ: Այդուհանդերձ, ողջունելի էր երիտասարդների մի ստվար զանգվածի՝ մեզ ուղղված հայրենանվեր խոսքերը, որ պատիվ ունեցանք լսելու և ոգևորվելու»:

Հետաքրքրություն ցուցաբերողները մշակույթի հետ առնչվող և չառնչվող մարդիկ էին, և վերջին հանգամանքը հատկապես կարևոր է: Եթե աղետի մասին առաջին ձեռքից իմանում է մշակութային գործունեության հետ ընդհանրապես չառնչվող  քաղաքացին, ուրեմն,  կարելի է հաջողություն գրանցել:
Նման կորուստների դեմ պայքարելու, թերևս, միակ ճանապարհը կանխող  ծրագրեր մշակելն է, ինչպես «Ծիրանի»-ի կազմակերպածն էր:

Երկրաշարժի դեմ պայքարում հաջողությունը ոչ թե եղած ավերի արձանագրումն է, այլ երկրաշարժը կանխող գործիքների հայտնաբերումը, իսկ Ջուղայի խաչքարերի կորուստը  մշակութային երկրաշարժի պես բան է:

Դիտվել է 2239 անգամ:
Print Friendly

Leave a Reply