Հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, զրպարտության դեպքի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2010 16:25

ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դատավորին, դատախազին, քննիչին և հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ:

«Հետք» շաբաթաթերթի` 2010թ. սեպտեմբերի 13-ի թիվ 31 համարում, հղում կատարելով նախկին դատապարտյալ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Մարիանի անունից ՀՀ Նախագահին, արդարադատության նախարարությանը, դատախազությանը և ԱԱԾ-ին հասցեագրված բաց նամակին, տպագրվել էր հոդված, թե Հայաստանում իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու համար նախկին դատապարտյալը դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների տվել է կաշառք:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Հետք» շաբաթաթերթում տպագրված նշված հոդվածն ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` օրենքով սահմանված կարգով ստուգելու:

Հոդվածում մատնաշված հանգամանքները ստուգելու առնչությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում նույն քրեական գործի շրջանակներում 12 տարվա ազատազրկման դատապարտված Կոնստանտին Ստենգաչուն, որպես հիշյալ «բաց նամակի օրինակ», քննությանն է տրամադրել դեռևս 2010թ. օգոստոսի 23-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացված, Օլիվեր Ռադուկուի անվամբ ուղարկված անստորագիր տպագիր նամակ, մինչդեռ ՀՀ դատախազությունում և ԱԱԾ-ում վերջինիս կողմից գրված նմանատիպ բովանդակությամբ նամակ չի ստացվել:

Փոխարենը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ուղեկցական գրությամբ 29.09.2010թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Կոնստանտին Ստենգաչուի անունից հայերենով, ձեռագիր 23.09.2010թ. գրված վճռաբեկ բողոք, որում վերջինս որպես նոր երեւան եկած հանգամանք է հիշատակել 23.08.2010թ. Օլիվեր Մարիանի անունից ստացված հիշյալ անստորագիր «բաց նամակը» եւ խնդրել ամբողջությամբ բեկանել իր վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանին հասցեագրված Կոնստանտին Ստենգաչուի նմանատիպ վճռաբեկ բողոքին կցվել է հիշյալ նույն անստորագիր տպագիր կեղծ նամակը, որի օգտագործմամբ Օլիվեր Մարիանի անունից հանդես եկող անձն իրավապահ և դատական մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հասցեին առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ կեղծ մեղադրանքներ տարածելու և հրապարակելու` նրանց զրպարտելու եղանակով փորձել է արժեզրկել քրեական գործով իրականացված քննությունը, ապա` օժանդակել Կոնստանտին Ստենգաչուին ապօրինի ճանապարհով դատավճռի բեկանմանը հասնելու հարցում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Օլիվեր Մարիանի անունից ներկայացվող «բաց նամակը» վերջինիս ստորագրությամբ չի հայտնաբերվել: Անգամ Վճռաբեկ բողոք ներկայացված փաթեթում կցված է եղել նրա անունից ներկայացվող նամակը` անստորագիր: Իսկ 2010թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում Մեծ Բրիտանիայից փոստով ստացվել է Օլիվեր Մարիանի ստորագրությամբ դիմում, որտեղ վերջինս հերքել է իր կողմից ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակով հանդես գալու հանգամանքը: Օ.Մարիանը տեղեկացրել է, որ իր անունից ներկայացվող «բաց նամակի» բովանդակությանը ծանոթացել է «Հետք»-ի կայքում զետեղված համապատասխան հոդվածների միջոցով, ինչը հերյուրանք է:

Նկատի ունենալով, որ ԱԱԾ-ի կողմից նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply