Արմեն Շեկոյան ու Բորիս Գրեբենշիկով. ռուս թափառաշրջիկի երգերը հայերեն թարգմանությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 1, 2010 15:25

Ձախից աջ՝ Կարեն Մկրտչյան, Բորիս Գրեբենշիկով, Արմեն Շեկոյան

«Բյուրոկրատ» նորաբաց գրախանութի սրահներից մեկում Բորսի Գրեբենշիկովն ու Արմեն Շեկոյանը շրջապատված են երկրպագուների խմբով:

«Ես մի անհոգ ռուս թափառաշրջիկ եմ՝ ծնունդով Վոլգայի ափերից: Ես վերցրել եմ այն, ինչ Աստված տվել է, ու կվերցնեմ այն, ինչ քամին կբերի». տողերի հեղինակը Գրեբենշիկովն է, իսկ հայացնողը՝ Արմեն Շեկոյանը:  Նա թարգմանել է Բորիս Գրեբենշիկովի երգերի տեքստերը, որոնք հրատարակվել են փոքրիկ գրքույկով և ներառում են լավագույն հիթերից 40-ը:

Գրքի շնորհանդեսից հետո Գրեբենշիկովի երկրպագուները դեռ երեկոյան նրան պիտի ունկնդրեին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ մեկ կատարմամբ նրա հետ բեմ բարձրացավ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Իսկ մինչ այդ ռուսական ռոքի ու հայ ժամանակակից արձակի  դասականները երկրպագուների համար ստորագրում են գրքի նրանց օրինակները:

«Ամեն Շեկոյանը խորը հայկական երևույթ է, իսկ Գրեբենշիկովը՝ նույնքան խորը ռուս, բայց երկուսն էլ համաշխարհային մարդ են,- ասաց գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:-  Քանի որ ես կարդում եմ մեկին ու լսում մյուսին, գիտեմ, որ նրանք անհամատեղելի երևույթներ են, սակայն այս գիրքը ցույց տվեց, թե ինչպես կարելի է համատեղել անհամատեղելի ու համատեղելի երևույթները»:

Արմեն Շեկոյանն «Անկախին» ասաց, որ միշտ էլ լսել է Գրեբենշիկովին ու մեծ հաճույքով է թարգմանել տեքստերը: «Հետո ես մոտ 10 տարի է, որ պոեզիա չէի գրել, ու մեջս պոեզիայի խտացում կար, պոեզիայի նկատմամբ` կարոտի մեծ ավելցուկ, որից ազատվեցի թարգմանության ընթացքում»,- ասաց նա:

Շեկոյանի դուստրը՝ Սեդա Շեկոյանը, որ սրբագրել է գիրքը, ասաց, որ անիմաստ է համարում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկվող այն տեսակետը, թե իբր  ռուսերեն լավ իմացող հայ հանրության համար անիմաստ է Գրեբենշիկովին հայերեն թարգմանել: «Թարգմանությունն ինքնին առանձին տեքստ է և իրավունք ունի լինելու,- ասաց նա,- բացի այդ, մարդու գիտակցության մեջ միշտ էլ կա թարգմանության կողքին բնօրինակը դնելու և  համեմատություն անելու մղումը»:

«Ինչո՞ւ հենց Գրեբենշիկով» հարցը բոլորի շուրթերին է:  «Բորիսը տարբերվում է շատերիցս նրանով, որ ավելի խորը լսել և լսածն ավելի հոգեթով պատմել գիտի».- ասում է նախագծի ղեկավար Միքայել Մկրտչյանը: Նրա խոսքով՝  գիրքը գնահատանքի մի փորձ է իր և բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ապրել են նրա երաժշտությամբ ու մտածողությամբ:

«Ամեն մարդու կյանքում կան կարևոր մարդիկ ու կարևոր հանդիպումներ, որոնք ազդում են էդ մարդու հետագա ճանապարհի վրա,- ասում է Մկրտչյանը,-  Բորիսի երաժշտության հետ առաջին հանդիպումը, որը տարիներ հետո վերածվեց իրական կյանքում նրա հետ հանդիպման, շատ կարևոր նշանակություն ունեցավ ինձ համար»:

Գիրքը տպագրվել և համերգը կազմակերպվել է  Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի ջանքերով:

Ձախից աջ՝ Միքայել Մկրտչյան, Սամվել Հովհաննիսյան, Կարեն Մկրտչյան, Բորիս Գրեբենշիկով

2010-ը  Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի  համար հոբելյանական է: Տոնվում է համայնքի հիմնադրման  300-ամյակը: Այդ առիթով այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ, սակայն համայքնի ղեկավարը կարևորության տեսանկյունից առանձնացնում է այս միջոցառումը: «Ես համոզված եմ, որ Բորիս Գրեբենշիկովը ռուսական ռոքի ամենալուրջ երևույթն է,- ասում է Մկրտչյանը,- նրա երաժշտության տակ մի ամբողջ սերունդ է կրթվել, և բոլորի համար էլ նա մեծություն է»:

Ինչի՞ մասին է երգում Գրեբենշիկովը: «Նրա տեքստերը լի են հոգևորով, ու նա հոգևոր մարդ է,- ասում է Մկրտչյանը,- նրա կորիզը հոգևորն է ու հոգևորի մասին խոսելու կերպը»:

«Հեյ, ո՞վ է հիշում. ո՞վ էր խաչված խաչին,- երգում է  Գրեբենշիկովը մի տեղ, իսկ մյուսում,- Պողոս ու Թովմաս առաքյալները վիճում էին հազար ու մի բանի մասին: Մեկը լուրջ էր մոտենում հարցին, մյուսն էլ` ավելի լուրջ: Վերջում հաղթեց սերը: Երկուսն էլ իրար զիջեցին: Ու երկուսին էլ խաչեցին: Չափից շատ է սերը»:

Մկրտչյանը պատմեց, որ 10 տարի առաջ ծանոթացրել է Գրեբենշիկովին ու Ջիվան Գասպարյանին, իսկ երեք տարի առաջ էլ՝ Արտո Թունջբոյաջյանին:

Գրեբենշիկովը պատմեց, որ Ջիվան Գասպարյանի դուդուկը լսել է 70–ականների վերջին:  «Այդ երաժշտությունը սրտիս դիպավ ու նույնիսկ ամենաանհավանական երազում չէի կարող պատկերացնել, որ ոչ միայն կհանդիպեմ նրան, այլև հնարավորություն կունենամ նվագելու և ձայնագրվելու նրա հետ»,- ասաց նա:

Նրանց հանդիպումը վերածվել է ընկերության ու համագործակցության: Մկրտչյանն ասաց, որ Գրեբենշիկովի ու Արտո Թունջբոյաջյանի հետ ևս նախագիծ անելու ցանկություն կա, որի վրա այժմ աշխատում  են:

Նույն օրը երեկոյան արդեն Բորիս Գրեբենշիկովն ու «Ակվարիում» խումբն ունկնդիրներին ներկայացրեցին  «Կրասնայա րեկա» նոր ծրագիրը, որը ներառում էր 4 նոր երգ, ինչպես նաև «Поезд в Огне» հիթը, որը կենդանի չէր կատարվել վերջին 20 տարվա ընթացքում:

Սա Գրեբենշիկովի երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին անգամ նա այստեղ եղել է 2008 թ. Ջիվան Գասպարյանի 70-ամյակին  նվիրված միջոցառման կապակցությամբ:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply