Վահան Հովհաննիսյան. «Նախագահների ընդունած դեկլարացիան ունի հումանիտար բնույթ»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 1, 2010 13:53

Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ մի նոր բան տեղի չի ունենում և հենց սա է գլխավոր իրադարձությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Այս տարի նախատեսված  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումներից մեկն արդեն կայացել է: «Աստրախանի հանդիպումից հետո նախագահների ընդունած դեկլարացիան ավելի շուտ ունի հումանիտար, քան  քաղաքական բնույթ:  Հարցի քաղաքական լուծման առաջընթաց չկա»,- ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ հաջորդը դեկտեմբերին Աստանայում սպասվող հանդիպումն է, որի համար կանխատեսումներ անելը դեռ  վաղ է:

Հովհաննիսյանը նշում է, որ ներկայումս ադրբեջանական հասարակությունը և առավել ևս իշխանությունները զբաղված են առաջիկա` նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելով:

Սակայն անգամ ուժերի բացահայտ առավելություն ունենալով, ինչպես մատնանշում է Հովհաննիսյանը,  ադրբեջանական իշխանությունները նախընտրական փուլում էլի Ղարաբաղի վերաբերյալ ագրեսիվ, ոչ կառուցողական արտահայտություններ են կիրառում. «Ադրբեջանի ամենահանդուրժող քաղաքական ուժը սոցիալ- դեմոկրատներն են, բայց անգամ վերջիններս վստահ են, որ Ղարաբաղի հարցը պատերազմից բացի այլ լուծում չի կարող ունենալ»:

Ըստ Հովհաննիսյանի` սրան զուգահեռ հայ իրականությունում աստիճանաբար նկատում են, որ նախորդ տասնամյակում սխալ քաղաքականություն է վարվել Ղարաբաղի հարցի առնչությամբ. «Զինադադարից հետո իշխանությունները մշտապես տպավորություն էին ստեղծում, որ միջազգային հարթությունում Հայաստանը հաղթող դիրք ունի, միջազգային հանրությունը գիտի, որ մենք ենք արդարը և քարոզչության կարիք չկա»:

Այս տարվա  մայիսին Եվրոխորհրդարանում բուլղարացի պատգամավորի ոչ հայանպաստ զեկույցից հետո, որի հիման վրա ընդունվեց  ԵԽ 2216 բանաձևը,  որով «Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից՝ թույլ տալով ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները», հայկական կողմը, ըստ Հովհաննիսյանի, մի փոքր ակտիվացել է:

«Միջազգային հարթակում խորհրդարանականները մշտապես փոխվում են, գալիս են նոր մարդիկ` նոր շահերով ու պարտավորություններով, ուստի պետք է սրանց հետ էլ աշխատել»,- ասում է Հովհաննիսյանը:

ՀՅԴ պատգամավորը նշում է, որ հիմա հայկական բոլոր ուժերը պետք է համախմբվեն և պայքարեն ԼՂՀ միջազգային ճանաչման համար. «Ճանաչումը միանգամից չի լինի, սա փուլային ծրագիր է: Պետք է սկսել կրթական և մշակութային ծրագրերից, քույր քաղաքների հիմնումից»:

Միջազգային մակարդակով յուրաքանչյուր պաշտոնյայի կամ հայտնի անձնավորության Ղարաբաղ այցելությունը Ադրբեջանի մոտ հիստերիա է առաջացնում: Սա Հովհաննիսյանը պայմանավորում է, նրանով, որ «յուրաքանչյուր նման այցելություն լեգիտիմացնում է Ղարաբաղը որպես ինքնակառավարվող հասարակություն»,  ուստի պետք է որքան հնրավոր է, շատ նման այցելություններ կազմակերպվեն:

Անդրադառնալով Ժառանգության կողմից ԼՂՀ ճանաչման մսաին օրինագծի շուրջ ծավալված իրադարձություններին` Հովհաննիսյանը նշում է, որ և ընդդիմությունը և իշխանական կոալիցիոն ուժերը սխալներ թույլ տվեցին, ինչը անառողջ մտնոլորտ է առաջացրել հասարակությունում:

Հովհաննիսյանը նշում է, որ ԼՂՀ ճանաչումը մի շարք խնդիրներ լուծելով նաև նոր խնդիրներ կառաջացնի,  միջազգային հանրության մոտ հարց կառաջանա. մինչև հիմա Հայաստանը չէ՞ր ճանաչում ԼՂՀ-ն, իսկ ինպե՞ս բացատրել, որ այնտեղ կիրառվում է հայկական դրամը, կա միջկառավարական համագործակցություն և այլն:

Հովհաննիսյանի խոսքով`  միջազգային ասպարեզում հայկական կողմի հաղթանակի հնարավորթյունը աշխատանքի որակը բարձրացնելու մեջ է, իսկ դրա համար ամեն քայլից առաջ պետք է մի քանի անգամ մտածել:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply