Հայկական գոհաբանություն. միայն Մարտունիում է Վարդավառը բոլորի տոնը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 18, 2009 11:43
site012

Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը չորս տարի առաջ այս և տակի լուսանկարները նկարել է Մարտունիում Վարդավառի տոնին

«Ճժեեե’~~~~ր, չոր մարդ, ջրեեեեեե’ք» կանչից հետո մի քանի տասնյակ դույլ ջուր է լցվում նորեկի գլխին. ոչ ոք հաշվի չի առնում անցորդի տարիքը, սեռը, տեղացի կամ օտար լինելը: Անցորդին ջրում են թե’ երեխաները, թե’ երիտասարդները , թե’ տարեցները. բոլորը:

Եթե Վարդավառին Մարտունիում եք կամ հարակից գյուղերում, ապա անպայման նման իրավիճակում կհայտնվեք:

Այս տարի Վարդավառը նշվում է վաղը՝ հուլիսի 19-ին:

Մարտունիում Վարդավառին մեծ թե փոքր սկսում են նախապատրաստվել դեռ 1 ամիս առաջ. փոքրերն ու երիտասարդները նոր հնարքներ են մտածում, թե ինչ խորամանկությունների կարելի է դիմել (օրինակ` պատուհանից գաղտնի մտնել ընկերոջ տուն և նրան անակնկալի բերել մի դույլ ջրով), աղջիկները հոգատարությամբ վարդերն են խնամում ու ամեն օր ջրում, որ տոնին ըստ պահանջի թերթիկներ լինեն: Մեկ ամիս գրեթե ամեն խոսակցության ժամանակ հնչում է. «սպասի’, վարդավառին քեզ ի~~նչ օրն եմ գցելու»:

Մեծահասակները նախապես տոնական սեղանի ցուցակ են կազմում. որպես կանոն ամեն ընտանիք ոչխար կամ այծ է գնում:

Վարդավառը մարտունեցու համար ընտանեկան տոն է, ինչպես ամերիկացու համար գոհաբանության (thanksgiving) տոնը, երբ աշխարհի տարբեր ծայրերից հարազատները մի սեղանի շուրջ են հավաքվում։ Մարտունեցի Աննան պատմում է, որ ամեն տարի իր քեռիներն իրենց ընտանիքների հետ պարտադիր Ռուսաստանից գալիս են, որպեսզի Վարդավառին ողջ ընտանիքը հավաքվի մեկ հարկի տակ, բացառություն չի լինի նաև այս տարին:
Եթե ընտանիքի որևէ անդամ չի կարողանում հասնել Մարտունի, հարազատները տոնական սեղանի շուրջ նրա համար ազատ տեղ են թողնում, իսկ կենացներ խմելու պահին անպայման զանգում են ու, հեռավորությունն անտեսելով` միասին խմում ընտանիքի միասնության կենացը:

Այս տարի տոնական տրամադրության վրա չի ազդել անգամ տնտեսական ճգնաժամը. բոլորի բակերից լսվում է ոչխարների մայունը, այծերի մկկոցը: Առաջիկա տոնի մասին են հուշում նաև շուկայում ապրանքների` օրեցօր բարձրացող գները:

Մարտունին Վարդավառի նախօրեին մարդաշատ է. երթուղային տաքսին ամեն վայրկյան նոր հյուրեր է բերում քաղաք: Անգամ բարձրաստիճան պաշտոնյաները Վարդավառը Մարտունիում են նշում. ամեն տարի այստեղ են գալիս նախագահը, վարչապետը, ազգային ժողովի պատգամավորներ, և նրանք էլ չոր չեն մնում: Ըստ նախնական տվյալների` այս տարի էլ նախագահը Վարդավառին Մարտունիում կլինի, իսկ հուլիսի 18-ին կմասնակցի Արմաղանի լանջին կառուցված եկեղեցու բացմանը:

Ամեն տարի` Վարդավառին նախորդող երեկոյան` այս տարի հուլիսի 18-ին, քաղաքի հրապարակում մեծ համերգ է կազմակերպվում, իսկ կեսգիշերին Արմաղանի գագաթին մեծ հրավառություն է տեղի ունենում, որը տեսանելի է հեռու բնակավայրերում:

Վարդավառի նախօրեին բոլորն իրենց բակերում ջրով լիքը տակառներ են դնում, իսկ աղջիկներն էլ ջրի երեսին կարմիր վարդի տերևներ են շաղ տալիս. մարտունեցիները հավատում են, որ վարդաջրով միմյանց ջրելով` նաև միմյանց սեր են փոխանցում (ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո Աստծուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն է հաստատվում:

Երբ Վահագնն ազատում է Աստղիկին, նա շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում: Իսկ վարդերը կարմիր են, քանի որ ըստ ավանդության, երբ Աստղիկն, իր վիրավոր սիրեցյալի մոտ ոտաբոբիկ վազելիս տրորում է վարդենում փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը):

Վաղ առավոտյան` արևի հետ, արթնանում են բոլորը, և ամենաճարպիկները հասցնում են դեռ անկողնում ջրել քնկոտներին: Առաջին ջրոցին խաղում են վարդաջրով: Սկսվում է ընտանիքի ներսում` ամեն մեկի բակում, ապա տեղափոխվում փողոց: Այս օրը մարդիկ միմյանց ջրելով են բարևում:

Արևի բարձրանալուն պես խաղին են միանում մեծահասակները` անգամ տատիկ-պապիկները: Մարդիկ հավատում են, որ օրվա ընթացքում շատ ջրվողի համար ողջ տարին հաջող կլինի, իսկ վարդաջրով ջրվելն առողջություն կպարգևի անգամ հիվանդներին. ուստի տատիկ-պապիկները և նրանք, ովքեր դժգոհում են առողջությունից, դեմ չեն, երբ իրենց ջրում են:

Կեսօրից հետո ողջ քաղաքում տարածվում է խորովածի հոտը. ամեն բակից ծուխ է ելնում: Վարդավառի սեղանն իր ճոխությամբ գերազանցում է անգամ ամանորյա սեղանին ու հյուրասիրություններին: Ամենահամեստ սեղանի պարտադիր բաղադրիչներն են ոչխարի և այծի մսով խորովածը, դոլման, խաշլաման, թոնրի գաթան, գինին և սառը ձմերուկը:

Ընտանեկան քեֆի ընթացքում քաղաքի փողոցները դատարկվում են, միայն ամեն տնից եկող երաժշտության և քրքիջի ձայնն է հուշում, որ այդտեղ մարդիկ են ապրում:

site024

Շատ ընտանիքներ Մարտունիում Վարդավառը նշում են վանքի բակում

Շատ ընտանիքներ էլ նախընտրում են Վարդավառը նշել Սևանի ափին կամ լեռներում, ուր` սառնորակ աղբյուրների շուրջ, հավաքվում են մարդիկ:
Հավաքվում են նաև միջնադարյան վանքի մոտ, որի մոտ`երկրի ընդերքից, մարտունեցիների կարծիքով առողջարար ու օրհնված ջուր է հոսում:

Մեքենայից հնչում է հայկական երաժշտությունը, և մարդիկ, խոտերի մեջ շարան կազմած, Զիրոյի քոչարին են պարում, որը միայն մարտունեցիների պարն է:

Վարդավառը Մարտունիում նշելու համար պարտադիր չէ, որ այստեղ բարեկամներ կամ ծանոթներ ունենաք: Այստեղ հյուրն Աստծունն է` հատկապես նման տոնին: Բոլորի սեղանները և սրտերը բաց են հյուրի առջև: Հյուրանոցում կենողներին էլ մոտ գտնվող տների բնակիչներին հերթով իրենց տուն են հրավիրում. այդ օրն օտարներ չկան:

Մարտունիում բնակվող օտարազգիները ևս Վարդավառին վերածվում են մարտունեցու. դույլը ձեռքներին`խաղում են բոլորի հետ, իսկ ամեն տուն մտնելուց էլ առանց հյուրասիրության չեն հեռանում:

Եթե ուզում եք հուլիսի 19-ին անմոռանալի օր անցկացնել, պարզապես եղե’ք Մարտունիում. իսկ մնացածի մասին կհոգան բնակիչները:
Վարդավառը հեթանոսական տոն է, որը հայ առաքելական եկեղեցին որդեգրել է ու դարձրել 5 տաղավար տոներից մեկը` որպես Քրիստոսի պայծառակերպության տոն, իսկ անվանումը մեկնաբանվում է Քրիստոսին վարդի հետ համեմատությամբ:

Ըստ եկեղեցու` տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ: Ըստ այդմ`երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի:

Որոշ լեզվաբաններ նշում են, որ վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:

Դիտվել է 4539 անգամ:
Print Friendly

Leave a Reply