Նոր համալրում, նոր սպասելիքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 1, 2010 12:19

2011-ի մարտին կանցկացվեն մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվոպայի առաջնության ընտրական մրցաշարերը: Իսրայելում կայանալիք 6-րդ խմբի մրցաշարին, տանտիրուհիների հավաքականից բացի, կմասնակցեն նաև Հոլանդիայի, Ռումինիայի, Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք լրջորեն են նախապատրաստվում այդ փորձությանը: Սեպտեմբերից Հայաստանի հավաքականը մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի գլխավորությամբ ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում: Թիմի անդամները շաբաթական 5 օր պարապում են: Մարզումներն կազմակերպվում են մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի, Շենգավիթի և Արաբկիրի համայնքների մարզադպրոցների դահլիճներում: Նախապատրաստվողներից 11-ը 16 տարեկան է, 8-ը` 15 տարեկան: Կան շնորհալի, հեռանկարային խաղացողներ: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի կազմը կարող են ուժեղացնել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիները: Ինչպես հայտնի է, 2010-ի սկզբին Ֆրանսիայում հիմնվել է «Աջակցություն` հայկական հանդբոլին» կազմակերպությունը, որի նշանաբանն է ` «Մեկ ազգ, մեկ հավաքական»: Եվ տարբեր տարիքային խմբերի հանդբոլի Հայաստանի հավաքական թիմերը համալրում են արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները: Այդ ամենն արվում է անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի, գլխավորը` մեծ խանդավառությամբ: Եվ անգամ հայերեն երկու բառ չիմացող մեր հայրենակիցները սիրով են պաշտպանում եռագույնի պատիվը, խաղահրապարակում կռիվ տալիս հեղինակավոր մրցակիցների հետ: Ընդ որում, սելեկցիոն լուրջ աշխատանք է կատարվել և մեկ տասնյակ թեկնածուներից ընտրվել են առայժմ միայն հինգը: Դա բարդ գործընթաց է, քանի որ աղջիկները սովորում են, դժվար է նրանց դասերից կտրելը, մրցումների տանելը: Բացի այդ, ծնողները ոչ այնքան հեշտությամբ են համաձայնվում, որ երեխաներն իրենցից հեռու խաղերի մեկնեն: Եվ դա բնական է: Դժվար է նաև, քանի որ ընտրյալները Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են: Մասնավորապես, դարպասապահ Մարգո Թերզյանը (հասակը` 175 սմ)` Նորմանդիայից Է: Մյուսները խաղահրապարակի տարբեր գծերի հանդբոլիստուհիներ են: Մարի-Ասթրիդ Միրաքյանը (175 սմ), որը շատ բարձրակարգ մարզուհի է, ներկայացնում է Վուարոն քաղաքը: Լիոնից, Փարիզից, Մարսելից են Նոյեմի Մուրադյանը (174 սմ), Ֆամի Աբրահամյանը (171 սմ), Սաշա Բոյաջյանը (174 սմ): Ի դեպ, նոյեմբերի 5-ին Ֆրանսիայից Երևան է ժամանելու Պատրիկ Օթամյանը: Նա Հայաստանի հավաքականի մարզիչներից է և հստակեցվելու են, թե ինչպես են առաջիկայում համակարգվելու նախապատրաստական աշխատանքները: Հնարավոր է, որ Հայաստանի հավաքականը համալրվի դրսից հրավիրված նոր խաղացողներով: Իսկ նպատակն այն է, որ Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիներն արժանավայել մեր երկիրը ներկայացնեն Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply