Ապատեղակատվական արշավը հերթական անգամ հարվածեց հայկական լրատվադաշտը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | October 31, 2010 17:09
Անանուն տեսանյութը «յութուպ» ծառայության բաժնով համացանցային շրջանառության մեջ մտավ և գրավեց հայկական կարգ մը լրատվամիջոցներու թողարկած լրատվություններուն առաջին հորիզոնականները։ Տեսանյութը իբրև թե գաղտնի նկարահանված խոսակցությունն էր Միացյալ Նահանգներու փոխնախագահ Բայդնի և հայ քաղաքական գործիչի մը միջև (որ հստակ ալ չէ, թե ամերիկահա՞յ է, Հայաստանե՞ն է, թե՞ օտարազգի է. համենայնդեպս կը ներկայանա իբրև հայ)։ Այս վերջինը, երբ կը շեշտեր հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, փոխնախագահը կը վկայակոչեր Հայաստանի Հանրապետության նախագահին հեռաձայնային հաղորդակցությամբ փոխանցված պատգամը առ այժմ չճանչնալու հայոց ցեղասպանությունը, որպեսզի չխանգարվի ճանապարհային քարտեզի գործադրությունը։ Պարզամիտ դիտողին վրա բնականաբար հրամացվածը կրնա մեծ տպավորություն ձգել առաջին հայացքով։ Իբրև թե գաղտնի նկարահանում է կատարված բջջային հեռախոսով. հետո խնդրո առարկան Միացյալ Նահանգներու նման գերպետության մը փոխնախագահն է, որ «գաղտնիքներ» կը բացայայտե և Հայաստանի նախագահին ենթադրյալ հեռաձայնային հաղորդակցության մասին կը խոսի։ Հայկական մամուլի որոշ ներկայացուցիչներ չեն դիմացած այս «զգայացունց» լրատվությունը արագորեն թողարկելու փորձության` լրագրողական հարթության վրա հետաքրքրաշարժ «նորություն» հայտնաբերելու մտադրութենեն մեկնելով։ Յութուպի հերոսը փաստորեն հարվածած էր իր ճշտած թիրախը։ Բայց նախքան դիտարկումներ կատարելը խոսինք խնդրո առարկա տեսանյութին մասին։ Նախ, ամեն բանե առաջ պետք է հարց տալ, թե ե՞րբ նկարահանված է այս խոսակցությունը։ Թվականի նշումի բացակայության և բովանդակութենեն մեկնելով ապրիլ 24-ի կամ ճանապարհային քարտեզի հրապարակման նախօրյակին կամ մոտավորապես այդ օրերուն եղած ենթադրյալ այս խոսակցությունը ինչո՞ւ այսքան ժամանակ ետք է, որ կը հրամցվի հանրության։ Եվ որովհետև կը խոսինք ժամանակի նշանակության մասին, ապա պետք է մտածել, որ տեսանյութի հայտնաբերման օրերուն ի՞նչ դիպաշար կարձանագրվեր հայկական քաղաքական թատերաբեմին վրայ։ Հիմնական երկու իրադրություն՝ Աստրախանի եռակողմ հանդիպումն ու ազրբեջանական բանակի հրադադարի խախտումներու սաստկացումը և ազրբեջանցի դիպուկահարի պատճառած հայ զինվորին սպանությունը։ Միացյալ Նահանգներու բարձրաստիճան պաշտոնատարի հետ շուրջ մեկ ու կես տարի առաջ կատարված հեռաձայնային հաղորդակցությունը հրատարակելու գյուտը լավ առիթ էր ուշադրություն շեղեցնելու, հայ-թուրք ուղղակի սառեցված հարաբերություններու շրջածիրին մեջ ներհայկական նոր ճեղքեր առաջացնելու։ Տակավին չենք խոսիր տեսանյութի վավերականության կամ ներկայացվող անձերու իրողականության մասին։ Պարզապես հարցնելու համար, թե Միացյալ Նահանգներու փոխնախագահը ինչո՞ւ մինչ այդ պաշտոնապես որևէ հայտարարությամբ հանդես չեկավ ըսելու համար այն, ինչ որ կըսե տեսանյութին մեջ։ Հայ քաղաքական գործիչի մը փոխանցվածը ի վերջո կարելի է նաև հարապարակավ ըսել։ Տեսանյութի վավերականության հաստատման պարագային կարելի է մտածել անշուշտ Միացյալ Նահանգներու խուսափողական մոտեցումին մասին, պատասխանատվությունը հայկական կողմին վրա բարդելու առումով։ Մինչ այդ, սակայն, նման կարևոր խնդիրի պարագային առանց բովանդակության ստուգման լրատվություն տարածելը կը նպաստե բացառապես թրքական կողմի թելադրած խաղին։ Ասոր ապացույցը այն էր, որ թրքական մամուլը չուշացավ ցնծությամբ նախանշելու, որ տեսնյութի հաստատման պարագային լուրջ հարց պիտի ծագի հայկական դաշտին մեջ։ Բեմագրությունը կ՛ընթանար ծրագրված ձևով։ Տարածել լրատվությունը և ակնկալել հայկական երկփեղկվածության նախանշանները։ Հայկական մամուլի որոշ ներկայացուցիչներ տակավին չէին հասկցած այս բոլորին շարժառիթները։ Կու տային «Հյուրիեթի» լուրը` առանց մեկնաբանության։ Նախագահի մամլո գրասենյակն էր, որ ժամեր ետք կը պարզաբաներ խնդիրը, ըսելու համար որ Հայաստանի Հանրապետության նախագահը երբեք չէ հեռաձայնած ԱՄՆ փոխնախագահին, և թե որևէ ձևով իրեն վերագրվող արտահայտություն չէ կատարած, ո՛չ ուղղակի, ո՛չ ալ անուղղակի։ Ավելցնելով, որ նախագահի աշխատակազմը իր համաձայնությունը կու տա փոխնախագահ Ջո Բայդնի կողմե կատարված հեռախոսազրույցներուն սղագրությունն ու ձայնագրությունները հրապարակելու։ Հայկական լրատվամիջոցներու պատասխանատուները այս հստակացումեն ետք պարտ էին համացանցային ծառայություններու ճամփով տարածել այս հերքումն ու հստակացումը և ոչ թե յութուպի կասկածելի տեսանյութը։Մանավանդ որ վերջին օրերուն բազմիցս արծարծվեցավ և քննարկվեցավ հակառակորդի ապատեղեկատվության ծուղակներուն չներքաշվելու և հետզհետե ծավալվող այս մարտահրավերը միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը։
Շահան Գանտահարյան «Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
