Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2010 13:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպված երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ Հայաստանի գործարար համայնքի համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման, հեռանկարային ծրագրերի իրագործման տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել աշխարհի առաջավոր փորձը, ուսանելի դարձնել հաջողությունների հասած ընկերությունների օրինակը:

«McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը նշել է, թե ուրախ է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցությամբ, որն աչքի է ընկնում իր գործնական ու արդյունավետ աշխատանքով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հետճգնաժամային փուլում համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաև` քննարկել Հայաստանի հարաբերական առավելություններն ու առանձին ոլորտների զարգացման հեռանկարները:

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply