Լրագրողները գաղտնազերծել են Ջորջ Բուշ կրտսերի հուշագրության բովանդակությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 30, 2010 18:39
Այս մասին հինգշաբթի օրը` հոկտեմբերի 28-ին, հայտնել է Drudge Report-ը, որի աշխատակիցները գրքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել: Նախկին նախագահի հայրենիքում նրա “Decision Points” (“Որոշումների ընդունման կետերը”) գիրքը պաշտոնապես վաճառքի կհանվի նոյեմբերի 9-ին:
Հայտնի է, որ գիրքը 14 գլուխ ունի, առաջինը` “Հեռացումը” (“Quitting”), սկսվում է այսպես. “Շատ պարզ հարց էր. “ Կարո՞ղ ես հիշել, թե վերջին անգամ երբ չես խմել”: “Կրակի օրը” (“Day of Fire”) գլխում խոսքը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին է: Ջորջ Բուշը պատմում է, որ այն ժամանակ կարգադրել է խփել գրավված ինքնաթիռները և սկզբում կարծել է, թե դեպի Սպիտակ տուն ուղղված ինքնաթիռը, որ ընկավ Պենսիլվանիայում, իրոք խփել են:
Նախագահության դժվարին շրջաններին նվիրված գլուխների շարքում է “Կատրինը” (“Katrina”) 2005 թ. Նոր Օրլեանի փոթորիկից հետո ձեռնարկված փրկարարական գործողությունների մասին, ինչպես նաև “Ֆինանսական ճգնաժամը” (“Financial Crisis”), որում Բուշն անդրադառնում է աշխարհի վերջին տնտեսական խնդիրների թեմային: Համարվում է, որ ներկայիս ճգնաժամն առաջացել է ԱՄՆ հիփոթեքային ճգնաժամի պատճառով, որը սկսվել է Ջորջ Բուշի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում` 2007 թ.:
Ինչպես նշում են լրագրողները, ԱՄՆ 43-րդ նախագահը աշխատանքի դժվարություններից փրկությունը գտել է հավատքի մեջ: “Ցողունային բջիջներ” գլխում Ջորջ Բուշը պատմում է իր զրույցների մասին Հռոմի պապ Հովհաննես -Պողոս II-ի հետ, որը տառապում էր պարկինսոնի հիվանդությունից : Չնայած այն հանգամանքին, որ հոգևոր հոր հիվանդությունը կարելի էր բուժել ցողունային բջիջների միջոցով, նա հորդորել է Բուշին արգելք դնել այն օրենքի վրա, ըստ որի` թույլատրվում է բջջանյութ ստանալ էմբրիոնները քայքայելու ճանապարհով:
Նախկին նախագահը հիշում է, թե ինչպես հետագայում` Հովհաննես-Պողոս II-ի թաղման ժամանակ, աղոթել է ABC ալիքի լրագրող Պիտեր Ջենինգսի առողության համար, որը հիվանդ էր քաղցկեղով: Մեկնաբանը երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հռոմի պապի մահվանից երեք ամիս անց` 2005 թ.:
Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում են լրագրողները, Բուշը շատ քիչ ուշադրություն է նվիրել իր արարքների քննադատությանը: Նախկին նախագահը չի անդրադարձել նաև իր հետնորդի` Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը:
Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ջորջ Բուշը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ հեռուստահարցազրույց կտա նոյեմբերի 8-ին, իր հուշագրության լույսընծայման կապակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
