Չինաստանում հազարավոր երեխաների տրվել է “Համաշխարհային ցուցահանդես” անունը` ի պատիվ ԷԿՍՊՕ-2010-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 30, 2010 18:15
“Ռիա նովոստիի” փոխանցմամբ` Չինաստանի ավելի քան 30 հազար ամենափոքր քաղաքացիներ, որոնք ծնվել են այս տարի, ստացել են “Շիբո”` “Համաշխարհային ցուցահանդես” անունը (հղում է արվում “Սինխուա” գործակալությանը, որն էլ իր հերթին վկայակոչում է ՉԺՀ քաղաքացիների անձնական վկայականների համարների հաշվառման կենտրոնին): Ծնողներն այդ անունն ընտրել են ի պատիվ Շանհայում բացված ԷԿՍՊՕ-2010 ցուցահանդեսի: “Համաշխարհային ցուցահանդես” անունը ստացած նորածինների թիվը ներկայումս հասել է 31240-ի: Ընդ որում, “Շիբո” անունը ստացել են 30397 տղա և 1023 աղջիկ: Շիբո անվամբ նորածինների մեծ մասը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` 6247 երեխա:
Ուշագրավ է նաև այդ անվան տարածման աշխարհագրությունը: Այդ անունն առավելապես տարածված է Հենան գավառում, որտեղ արդեն այդ անունը կրող 10537 երեխա կա: Պեկինում այդ անվամբ կնքել են 255 երեխայի: Այդ անունն առավել է քիչ է տարածված բուն Շանհայում, որտեղ ընթանում է ԷԿՍՊՕ-2010-ը. ընդամենը 82 նորածին:
Չինաստանում երեխաներին հասարակական մեծ հնչեղություն ստացած այս կամ այն իրադարձության պատվին անուն շնորհելու ավանդույթ կա: Օրինակ` 2008 թ. ավելի քան 100 հազար նորածին տղա և աղջիկ ստացել է “Աոյուն”, այսինքն` Օլիմպիադա անունը: Այս երկրում տարածված անուններից է Ցզյանգոն` ‘”Պետականաշինություն ”: Այս անունը լայնորեն տարածված է 1949 թ. ծնվածների շրջանում, երբ կազմավորվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:
ԷԿՍՊՕ-2010 ցուցահանդեսը Շանհայում բացվել է մայիսի 1-ին, և մինչև փակումը մնացել է ընդամենը 1 օր: Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 200 երկիր, տարածաշրջան, միջազգային կազմակերպություն և համաշխարհային ընկերություն:
Ուրբաթ օրը ցուցահանդես է այցելել ավելի քան 72,8 մլն մարդ, այդ թվում` ավելի քան 3,5 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ:






Facebook
Tweet This
Email This Post
