Գործնական ծրագիր` ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 29, 2010 17:00

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուի:
ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը սկիզբ է առել 2001 թվականին` համապատասխան փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Մինչև 2008 թվականը երկու երկրների միջև կնքվել է ևս 2` փոխըմբռնման հուշագիր և գործնական ծրագիր: 2008 թվականից առ այսօր շարունակվել են նոր համաձայնագրի վերաբերյալ քննարկումները, բայց տարբեր պատճառներով դրա ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է: Վերջապես 2010 թվականին երկու կողմերը համաձայնության են եկել նոր Գործնական ծրագրի դրույթների շուրջ:
Համաձայն նոր Գործնական ծրագրի` կողմերը կրթության բնագավառում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կապահովեն կրթական համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, որը կվերաբերի կրթական և գիտական հաստատություններին և ընթացող գործընթացներին: Բացի այդ, կողմերը կաջակցեն երկու երկրների բուհերի ուղղակի կապերի հաստատմանը, կկազմակերպեն բարձրագույն, մասնագիտական և հետբուհական կրթության վերաբերյալ ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև կիրականացնեն համատեղ կրթական ծրագրերի մշակում և գործադրում: Գործնական ծրագրի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթաթոշակների ամենամյա փոխանակում, մասնավորապես, ՀՀ-ն իրանական կողմին կհատկացնի 5 ասպիրանտական տեղ, իսկ ԻԻՀ-ը` 2 բակալավրական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական տեղեր:
Գործնական ծրագրի ստորագրմամբ կողմերը կնպաստեն միմյանց լեզվի, գրականության, պատմամշակութային, հոգևոր ժառանգության և քաղաքակրթության ուսուցմանը և իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան գիտահետազոտական կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև կաջակցեն ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:
Ծրագրի ստորագրմամբ կձեռնարկվեն քայլեր Երևանի պետական համալսարանում իսլամագիտության ամբիոն և ԻԻՀ որևէ համալսարանում հայագիտության ամբիոն հիմնադրելու ուղղությամբ: Բացի այդ, կողմերը կնպաստեն ՀՀ-ում իրանագիտական և ԻԻՀ-ում հայագիտական առարկաներ դասավանդող դասախոսների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը: Համաձայն ծրագրի` կողմերը կխրախուսեն գիտնականների և դասախոսների փոխայցելությունները՝ բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում իրենց գիտական և ուսումնական հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց ծանոթացնելու նպատակով: Գիտական համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով կողմերը կաջակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական նախագծերին, հնարավորություն կընձեռնեն իրենց երկրների կրթական և գիտական հանդեսներում հոդվածների հրապարակման համար, կխրախուսեն համատեղ ուսումնասիրությունների և հետազոտությունների հրատարակմանը, համատեղ գիտաժողովների անցկացմանը: Կողմերը համալսարանների և բուհերի համար կփոխանակեն նոր տեխնոլոգիաներ, միմյանց գիտական հաստատությունների և կազմակերպությունների համար փոխշահավետ պայմաններով կիրականացնեն տեխնիկական միջոցների և սարքավորումների առաքում:
Կողմերը համաձայնության են եկել ՀՀ բուհերի գիտական մակարդակն ուսումնասիրելու նպատակով մոտ ապագայում ՀՀ գործուղել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների պատվիրակությանը, որպեսզի մինչև տարվա վերջ իրանական կողմը քայլեր ձեռնարկի Հայաստանի որոշ բուհերի դիպլոմների ճանաչման ուղղությամբ:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply