Շախմատ: Գոլիկովը փրկում է մրցաշարի անունը: Հայերը մասնակցել են մի մրցաշարի, որի կազմակերպիչները Լոռին «մտցրել են» Վրաստանի կազմի մեջ :

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 17, 2009 20:25

untitled21Արդեն մի քանի տարի Ջերմուկում անհաջող փորձեր են արվում շախմատի միջազգային մրցաշարեր կազմակերպելու, բայց կատարվածից ոչ մի դաս չի քաղվում և նույն պատմությունը շարունակ կրկնվում է:

Մի քանի օր առաջ Ջերմուկում զուգահեռ կայացած Կարեն Ասրյանի միջազգային շախմատի հուշամրցաշարի և «Ջերմուկ 2009» միջազգային պատանեկան մրցաշարերի կազմակերպմանը միայն «խայտառակ» գնահատականը կարելի է տալ:

Ինչպես հայտնի է, անցյալ տարի Երևանում շախմատի միջազգային «Հսկաների մրցաշարի» մեկնարկից առաջ անսպասելիորեն մահացել էր Կարեն Ասրյանը, և այդ ստուգատեսը կոչվել էր ճանաչված գրոստմայստերի անունով:

Միաժամանակ, որոշվել էր նրա հիշատակը վառ պահելու համար հետագայում պարբերաբար հուշամրցաշարեր անցկացնել: Եվ ահա,սա առաջին փորձն էր: Բայց այդ մրցաշարն ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Բանն այն է, որ խաղալ չէին ցանկացել ոչ միայն արտասահմանյան, այլև Հայաստանի հեղինակավոր շախմատիստները: Եվ որպեսզի մրցաշարի միջազգային անվանումը պահպանվի, կազմակերպիչները սողոմոնյան «հնարամտության» էին դիմել` մեր երկրի 40շախմատիստների ցուցակին մեխանիկորեն ավելացնելով նաև ռուսաստանցի Սերգեյ Գոլիկովի անունը, որի եղբայրն էլ խաղում էր շախմատի պատանեկան միջազգային մրցաշարում: Ընդ որում, հուշամրցաշարին Հայաստանից մասնակցում էին այնպիսի խաղացողներ, որոնց անունները մարզասերները գրեթե չէին լսել:

Բնական է, մրցաշարի մակարդակը բարձր չէր: Համեմատության համար նշենք, որ այն խաղացողների կազմը միջին գործակցով ավելի թույլ էր, քան մեկ ամիս առաջ Երևանում կայացած մայրաքաղաքի առաջնության եզրափակիչը: Ընդ որում, եթե Երևանի առաջնության պարգևատրման հիմնադրամը 250 հազար դրամ էր, ապա հուշամրցաշարի պարգևատրման հիմնադրամը 5 մլն դրամ էր:

Հուշամրցաշարին հանդես եկած ամենահեղինակավոր շախմատիստը պատանի գրոսմայստեր Սամվել ՏերՍահակյանն էր, ով ամենայն հավանականությամբ համաձայնել էր խաղալ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում գրեթե անգործության էր մատնվել:

Մինչդեռ, Ասրյանը մեր այն գրոսմայստերն էր, ով սիրված էր, բազմաթիվ շախմատիստ ընկերներ ուներ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում և նրանք մեր երկրում հաճույքով կխաղային, եթե կազմակերպիչներն իրենց դերում լինեին: Եվ ստացվում է, որ հուշամրցաշարի անցկացումն ինքնանպատակ է:

Մինչդեռ, հատկացված ֆինանսների սահմաններում հնարավոր էր ամեն բան հավուր պատշաճի անել: Իսկ այսպես պետության կողմից տված ֆինանսները ջուրն է գցվում:

Իսկ օրերս Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվել էր «Թբիլիսյան գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը: Կազմակերպիչները Հայաստանին մեծ վիրավորանք էին հասցրել` հրավերում զետեղելով կանոնակարգի հետ մի քարտեզ, որում Լոռին ընդգրկված է Վրաստանի տարածքում: Չնայած դրան, շախմատի ՀՀ ֆեդերացիան 9 մարզիկի էր գործուղել այդ մրցաշարին, ովքեր ամփառունակ մրցելույթներ ունեցան: Մինչդեռ, Ասրյանի միջազգային հուշամրցաշարին, «Ջերմուկ 2009» միջազգային մրցաշարին Վրաստանից նույնիսկ մեր հայրենակից մեկ շախմատիստ չկար, էլ չենք ասում, որ վրացի շախմատիստներ էլ չէին եկել:

Պատանեկան միջազգային մրցաշարը 4-րդ անգամ է տապալվում: Իսկ դրա պատճառն այն է, որ արտասահմանից սահմանափակ թվով խաղացողներ են գալիս, այն էլ հիմնականում հայկական արմատներ ունեցողներ: Մասնավորապես, այս տարի դրսից եկած 13 շախմատիստներից կեսը մեր հայրենակիցներն էին:

Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստներին էլ չի հրապուրում Ջերմուկում խաղալը: Մինչդեռ, ունենք մինչև 16 տարեկան շնորհալի շախմատիստներ, ովքեր գերադասում են խաղից դուրս մնալ: Մասնակիցների քիչ լինելու պատճառով էր, որ 14 և 16 տարեկան շախմատիստները միասին մեկ խմբով հանդես եկան:

Իսկ մինչև 12 տարեկանների խմբում 49 մասնակցից ընդամանը 3 շախմատիստ ունեին միջազգային վարկանիշ:

Իսկ 10 տարեկանների խմբի 38 խաղացողներից ոչ մեկը միջազգային վարկանիշ չուներ:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը բարձր էր` 2,5 մլ դրամ: Փաստն այն է, որ մրցաշարը, չնայած հնչեղ անվանմանը, այդպես էլ մեր պատանի շախամատիստներին ոչինչ չտվեց:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply