Արկադի Անդրեասյան. «նրանք ոչ միայն խաղադաշտում մրցավար չեն, այլև կյանքում մարդ չեն, վախկոտ են»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 18, 2009 17:30

sporttՀայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանը մերօրյա Դոն Կիխոտի է նմանվում: Նա փորձում է պայքարել հանուն մարզական արդարության` չիմանալով, ի վերջո ինչի կհասնի, կամ էլ թե ինչ փորձություններ կարող են բաժին հասնել իրեն: Իսկ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի փոխնախագահի, գործադիր տնօրենի պարտականությունները վերջին շրջանում ստանձնել է նա, Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնությունում 13 խաղից հետո դեռևս ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը:

Ի՞նչն է Արարաատի անհաջողության պատճառը: «Անկախի» հարցերին պատասխանում է Անդրեասյանը:

Մեր թիմն ամեն խաղի լրջորեն է նախապատրաստվում, բայց մրցավարները «ֆոկուսներ» են անում, ֆուտբոլիստներին դեղին, կարմիր քարտեր են ցույց տալիս, չեն թողնում, որ նորմալ խաղան: Նրանք հաշվարկում են, թե ում զգուշացնեն, հեռացնեն խաղադաշտից, որ հաջորդ հանդիպմանը չմասնակցի:

Այսինքն գտնում եք, պատահակա՞ն չէ, որ «Արարատը» այդ պատիժների համար ավելի մեծ տուգանք պետք է վճարի, քան առաջնության մասակից մյուս բոլոր թիմերը միասին վերցրած:

Մրցավարները դիտավորյալ ամեն քայլի դիմում են: Օրինակ` ասում են, որ «Շիրակի» հետ հանդիպման ժամանակ հայհոյել եմ: Իսկ ես միայն մրցավարին ասել եմ` չես ամաչում, ըսենց 11 մետրանոց են տալիս: Եվ ինձ 5 խաղով որակազրկել են, 150 հազար դրամ էլ տուգանել:

Ո՞վ էր մրցավարը:

Չեմ էլ հիշում, իրանք բոլորն էլ նույնն են` տարբերություն չկա: Ի դեպ, խաղի ընթացքում մարզադաշտում կարգուկանոն հաստատող ոստիկանները վկայություն են տվել, որ ես չեմ հայհոյել: Երբ այս մասին ասացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանին, նա պատասխանեց, որ ոստիկանները ոչ մի կապ չունեն, և դա միայն մրցավարների, խաղի տեսուչի որոշելու հարցն է: Մինչդեռ, երբ մրցավարների հետ զրուցում էի, ոստիկանները մեր կողքին կանգնած էին: Իսկ մրցավարները պնդում են, որ ես իրենց հայհոյել եմ: Վատն այն է, որ նրանք ոչ միայն խաղադաշտում մրցավար չեն, այլև կյանքում մարդ չեն, վախկոտ են և վերջ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ցանկացած թիմ իր միջոցների հաշվին կարող է արտասահմանից մրցավարներ հրավիրել, որպեսզի նրանք սպասարկեն խաղերը:

Երբ առաջնության երկրորդ կեսը սկսվի, ես կստանձնեմ մեր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, և այդ ժամանակ կփորձենք ստեղծված դրությունից դուրս գալ: Գիտեմ, որ կաշխատեն խանգարել: Կմտածենք նաև արտասահմանից մրցավարներ հրավիրելու մասին: Ֆեդերացիայի նախագահն ասել էր, որ Ադրբեջանից, Թուքիայից մրցավար հրավիրենք: Ադրբեջանից մրցավարներ չենք կարող հրավիրել, քանի որ մեր երկու երկրների հարաբերությունները լավ չեն: Իսկ Թուրքիայից մրցավարները, թերևս, սիրով այստեղ գան հանդիպումներ վարելու: Այն փաստը, որ «Միկա» ակումբը սկսել է մրցավարներ դրսից հրավիրել Հայաստանի առաջնության խաղերը սպասարկելու համար, նշանակում է, որ նրանք ևս դժգոհ են: Մնում եմ այն տեսակետին, որ ակումբները միասին պետք է ստեղծեն ֆեդերացիայից առանձնացված մրցավարական կորպուս, որն անկախ լինի, որպեսզի մրցավարները չկատարեն վերից տրվող հրամանները:

Շատ է խոսվում այն մասին, որ «Արարատը» ներկայումս լավ ֆուտբոլիստներ չունի: Իրո՞ք այդպես է:

Ֆուտբոլիստներ ունենք, սակայն թիմի տարբեր օղակներում խնդիրներ կան: Փորձենք վերհիշել, թե անցյալ տարի ովքեր էին խաղում կիսապաշտպանությունում, հարձակման գծում: Փաստորեն, բոլորը բրազիլացիներ էին և նրանք լավ էին գործում: Իսկ այժմ առաջ գնալու, սուր փոխանցումներ, վերջին «պասը» կատարելու, դարպասը գնդակ խփելու խնդիրներ ունենք: Այժմ խաղադաշտ ենք դուրս բերում Գևորգ Կարապետյանին, որը երիտասարադ է` 20 տարեկան, և նոր է հայտնվել փորձությունում: Գալուստ Պետրոսյանը վիրահատության էր ենթարկվել և 6-7 ամիս չէր մարզվել: Նա նախապատրաստական շրջան չէր անցել: Արթուր Մինասյանը ևս 6 ամիս ֆուտբոլ չէր խաղացել: Գեորգի Կրասովսկուն էլ հրավիրել ենք որպես կենտրոնական պաշտպան, իսկ իրականում նա հարձակվող է: Կրասովսկու կողքին է հանդես գալիս Վիրաբ Մեյթիխանյանը, որը «Միկայում» աջ պաշտպան էր: Այսինքն խաղացողներն իրենց տեղում չեն: Գործնականում ձախ պաշտպան չունենք: Խնդիրներ են, որոնք այժմ ցանկանում ենք լուծել և այդ դիրքերում փորձարկում ենք տարբեր ֆուտբոլիստների:

Գևորգ Պռազյանը հուսալի՞ է պաշտպանում դարպասը:

Նա լավ է խաղում, բայց պաշտպանները վրիպումներ են թույլ տալիս, ընդ որում` հիմնականում հանդիպումների առաջին րոպեներին: Եվ դրանից հետո միայն ֆուտբոլիստներն սկսում են խաղալ: Կարծում եմ, որ նրանց վրա հոգեբանական ազդեցություն է ունենում մրցավարների վերաբերմունքը:

Ձեր ընտրած ֆուտբոլիստներից բրազիլացի Մարկոսը հնարավո՞ր է, որ առաջիկայում համալրի «Փյունիկի» կազմը:

Տեղյակյակ չեմ: Բայց որքան ինձ հայտնի է այդ ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Արարատի» ղեկավարության հետ: Այլ հարց է, որ Մարկոսին վճարել են, որպեսզի նա հայտնի, որ ազատ ֆուբոլիստի կարգավիճակ ունի: Մութ գործ է:

Հնարավո՞ր է, որ Պռազյանն էլ «Արարատից» հեռանա:

Կյանք է, ոչ մի երաշխիք չկա, բայց նա պետք է աճի, իսկ այդ հարցում երիտասարդ դարպասապահին կարող են օգնել միայն լավ մարզիչները:

Ֆինանսական անճշտությունների պատրվակով ՀՖՖն «Արարատին» չթույլատրեց Եվրալիգայում խաղալ: Սպասո՞ւմ էիք դրան:

Այո, գիտեինք: Այնպես արվեց, որ մեր փոխարեն ուրիշ թիմ` «Միկան» մասնակցի, որն այդ իրավունքը չէր նվաճել: Այդպիսի բաները նույնպես չեն թողնում, որ ֆուտբոլը մեզանում առաջ գնա:

– «Արարատ» ակումբին մեղադրում են, որ այն հանել է իր թիմերը տարբեր տարիքային խմբերի Հայաստանի պատանեկան առաջնություններից:

Արամ Ավանեսյանը Նորքի զանգվածում մարզում է պատանեկան մի քանի թիմեր: Երբ զրուցեցինք նրա հետ, այն տեսակետը հայտնեց, թե բոլոր այն ֆուտբոլիստները, որոնց մարզում է, իրենն են և կարող են խաղալ կամ չխաղալ միայն իր ցանկությամբ: Այսինքն, նրանք «Արարատ» ակումբի տրամադրության տակ չեն: Մինչդեռ, այդ մարզիչն ակումբից աշխատավարձ էր ստանում: Եվ մենք էլ հրաժարվեցինք Ավանեսյանի ծառայությունից: Եվ նրա մարզած թիմերը դուրս են եկել Հայաստանի պատանեկան առաջնություններից: Այդ բացը լրացնելու համար Աբովյանում հիմնել ենք Արկադի Անդրեասյանի անվան ֆուտբոլի դպրոց: Աշխատանքը վստահվել է «Կոտայքի» նախկին խաղացող Գագիկ Հովհաննիսյանին:

Իսկ «Արարատ» ակումբում խնդիրներ կա՞ն:

Իհարկե, սակայն փորձում ենք դրանք հաղթահարել, կարգուկանոն հաստատել: Ակումբում մի շարք փոփոխություններ են կատարվել: Այն կարծիքին եմ, որ պետք է ֆուտբոլի մարդիկ աշխատեն, իսկ ոչ այդպիսիները կարող են միայն վնասել:

Հնարավո՞ր է, որ «Արարատ» ակումբն ուրիշ տիրոջ անցնի:

Ոչ մեկը չի կարող այն վերցնել, թեև այդ ցանկությունը կա:

Եվրոպական գավաթային մրցաշարերն են սկսվել: Մեր թիմերից ակնկալիքներ կարելի՞է ունենալ:

Ամեն տարի էլ սպասում ենք, բայց ինչ ենք սպասում` չգիտենք:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply