Սեռական բռնություն և աշխատանքի շահագործում երեխայի նկատմամբ. որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 29, 2010 12:21

Նուբարաշենի 18 դպրոցի սաները

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ,  արդեն տարիուկես ընթանում է  Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի նախկին փոխտնօրեն Սմբատ Ուրումյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  երկու հոդվածների  մի շարք կետերով՝ երեխաներին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու և սեռական բռնություն գործադրելու մասերով (132-1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով և 139 հոդվածի 3-րդ մասով):

Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոց

Այս դպրոցը նախատեսված է բարդ վարքագիծ ունեցող երեխաների համար: Նրանք նախկինում հիմնականում ընդունվել են ոստիկանության միջնորդությամբ, ուղարկվել են  որպես թափառաշրջիկ, մուրացկան, սոցիալապես վատ ապահովված ընտանիքների կամ մանկատների երեխաներ: Հետխորհրդային ժամանակներում դպրոցը երեխաներ է ընդունում նաև Հայ օգնության ֆոնդի միջնորդությամբ: Դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 160 երեխա: Այժմ այնտեղ սովորում է 85 աշակերտ:

Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ  Նարինե Հովհաննիսյանն «Անկախին» ասաց, որ այժմ աշխատանքներ են տարվում դպրոցի կարգավիճակը փոխելու համար, այն դառնալու է «Փոքր Մհեր» ռազմամարզական դպրոցի մասնաճյուղ: «Մենք մոնիթորինգ ենք անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վարքային շեղում ունեցող երեխաների թիվը շատ փոքր է,- ասաց նա,- մենք ուզում ենք  վերացնել դպրոցի այդ պիտակը, որովհետև այնտեղ սովորողները հիմնականում սոցիալապես վատ ապահովված ընտանիքներից են, ոչ թե վարքային բարդ շեղում ունեցող: Նրանց հետ շատ հանգիստ կարելի է աշխատել, եթե լավ մթնոլորտ լինի»:

Հովհաննիսյանն ասում է, որ հակասոցիալական վարք ունեցող երեխաները հիմնականում 14 տարեկանից բարձր տարիքում են, որոնցով զբաղվում է ոստիկանությունը, իսկ այդ դպրոցում սովորող 14-ից ցածր տարիքի  և վարքային շեղում ունեցող աշակերտներ  թերևս լինեն ընդամենը 5-6-ը, որի համար չարժե դպրոցը պահպանել նման անվան տակ:

Հայաստանում մինչև վերջերս գոյություն է ունեցել տարբեր կարգավիճակների 52 գիշերօթիկ դպրոց, որոնց մի մասը փակվել է: Այժմ գործում է 24 գիշերօթիկ դպրոց:

Հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար Նուբարաշենի այս դպրոցից բացի գործում է  նաև Վարդաշենի թիվ 1 դպրոցը: Հովհաննիսյանն ասում է, որ հենց այստեղ էլ ուղարկում են Նուբարաշենի դպրոցում սովորող հակասոցիալական վարք ունեցող փոքրաթիվ երեխաներին:

Մինչ Կրթության նախարարությունն այժմ զբաղվում է դպրոցի կարգավիճակի և համապատասխան կադրային քաղաքականություն իրականացնելու ռազմավարությամբ, այս դպրոցի առօրյայի ոչ վաղ անցյալում ծեծը եղել է կենցաղի ամենօրյա պարտադիր բաղադրիչ, իսկ երեխաներից ոմանք  հարկադրաբար զբաղվել են մուրացկանությամբ:

Նախապատմություն

Նուբարաշեն 18 դպրոցը

2008 թ. նոյեմբերին դպրոցի տնօրեն Ծովինար Գևորգյանը  Էրեբունու ոստիկանության քննչական բաժին դիմում է ներկայացրել, ըստ որի` դպրոցի երկու սան (պայմանական՝Արմենն ու Կարենը) իրեն բողոքել են, թե  ուսմասվար Սմբատ Ուրումյանն իրենց դրդել է մուրացկանության:

Որքան էլ զարմանալի է, Նուբարաշենի թիվ 18 դպրոցում տեղի ունեցած անցքերին վերաբերող դատավարությունը հասարակական հնչեղություն չի ստացել, լրատվամիջոցները գործի նկատմամբ այնպիսի ուշադրություն չեն ցուցաբերում, ինչ նույն դպրոցի հարևանությամբ գործող  Նուբարաշենի թիվ 11 դպրոցում հայտնաբերված մանկապղծության և հարուցված գործի նկատմամբ, որի դեպքերն, ի դեպ,  համաժամանակյա ընթացքում են զարգացել:

Դատական նիստերն ընթանում են հիմնականում առանց լրագրողների, մամուլում շատ քիչ են հրապարակումներն այս գործի վերաբերյալ:

Այս գործը շատ  բարդ է և գործում միմյանց խառնված են բազմաթիվ մարդիկ, իսկ  իրադարձություններն այնքան խճճված են ու վկայություններն էլ՝ հակասական, որ անհնար է մեկ լրագրողական հոդվածում անդրադառնալ գործին կամ ներկայացնել ամբողջ պատմությունը: Տուժողների ու գործով հարցաքննված վկաների ցուցմունքները շատ դեպքերում իրար հակասում են կամ տրամաբանորեն չեն բխում միմյանցից:

Գործի հիմքում ընկած է տնօրենի և նախկին փոխտնօրենի միջանձնային հարաբերությունները, որոնք դուրս գալով դպրոցի պատերից ու գալով իրավական հիմքերի վրա` միաժամանակ վեր են հանում այդ դպրոցում բուն դրած ներքին կեղտն ու բացահայտում մեր հասարակության կեղտոտ սպիտակեղենը:

Սմբատ Ուրումյանն իրեն մեղավոր չի ճանաչում և կտրականապես հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները` ասելով, որ դրանք սարքված են դպրոցի տնօրեն Ծովինար Գևորգյանի կողմից:

«Այս քրեական գործը ծայրից ծայր հորինված է, որը սարքել է Ծովինար Գևորգյանը՝ լավ տիրապետելով զրպարտանքների մեխանիզմին»,- ասաց  նա իր պաշտպանական ճառում: Նա ասաց, որ կռվել է Զանգելանում, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում գնահատված է  եղել կոլեկտիվի կողմից, անգամ  «Project harmony»  և «World vision» բարեգործական կազմակերպությունների սերտիֆիկատ ունի` շնորհված աշխատանքային գործունեության համար:

Ուրումյանը պատմեց, որ Ծովինար Գևորգյանը դպրոց գալուն պես (2007 թ.) կադրային ջարդ է սկսել և ազատել մոտ 40 մանկավարժի, սակայն իրեն չի ազատել: «Ուրեմն հարմար է գտել, որ մնամ և աշխատեմ դպրոցում»,- հետևություններ է անում նա: Ուրումյանը նաև ասում է, որ ներկայումս դպրոցում աշխատող կոլեկտիվը Գևորգյանի ազդեցության  ոլորտում է և  նրա հլու կամակատարը: Իսկ իրեն, թեպետ  դուր չեն եկել Գևորգյանի հավակնոտ դրսևորումները, որևէ կերպ նրան չի հակադարձել:

ննջասենյակ Նուբարաշեն 18 դպրոցում

Այդ նույն դպրոցում աշխատող պատմության ուսուցչուհին, որ գերադասեց չասել «Անկախի» լրագրողին իր անունը, ասաց, որ չի հավատում Ուրումյանին վերագրված մեղադրանքներին` բնորոշելով նրան որպես մարդամոտ, շփվող և կենսուրախ մարդ: Միաժամանակ այդ ուսուցիչը, որ Ուրումյանի օրոք աշխատել է որպես ջոկատավար, իսկ դրանից առաջ որևէ տեղ չի աշխատել,  չժխտելով, որ Ուրումյանը երեխաներին ծեծել է, չափազանց զարմացավ լրագրողի հարցից, թե ինչու է նա ծեծի ենթարկել երեխաներին: Փաստորեն, դպրոցում երեխաներին ծեծելն այնքան սովորական երևույթ է, որի վրա զարմանալը զարմանքի պատճառ կարող է լինել: Դպրոցի նախկին ջոկատավարը «ցավով փաստեց», որ հիմա բարքերը փոխվել են՝ երեխաների իրենց իրավունքների իմացության տեսանկյունից. «նրանց ծեծել կլինի՞ հիմա, նրանք նենց գիտեն իրենց իրավունքները ո՜ր»:

Ծեծն, ի դեպ, հատուկ է ոչ միայն այս, այլև սովորական հանրակրթական դպրոցներին. փաստ՝ վերջին ամսում Ֆեյսբուք սոցիալական ցանցում պտտվող տեսահոլովակը, որտեղ Պուշկինի դպրոցում պատմության ուսուցիչը երեխային անկյունը մտցրած ձեռքով հարվածում էր գլխին:

Դա հնուց արմատացած երևույթ է, և հանրապետության ամենասովորական հանրակրթական դպրոցում, որտեղ սովորել է «Անկախի» լրագրողը, նրանց  դասղեկը՝ դասարանի աղջիկների առաջ,  ցուցափայտով դաժանաբար ծեծում էր տղաներին:

Հակասությունը սկսվում է այն ժամանակ, երբ Նուբարաշենի 18 դպրոցի  նախկին կին ուսմասվարը հրաժարվում է աշխատանքից, և 2008 թ. սեպտեմբերին Գևորգյանը Ուրումյանին  նշանակում  է ուսմասվար: Ուրումյանի ասելով` տնօրենը իրեն կանչել է առանձնասենյակ ու պահանջել 1500 դոլար կաշառք կամ երեք ամսվա աշխատավարձը:

Ուրումյանի պաշտպան Էդիկ Աղաջանյանի կարծիքով՝ տնօրենը, օգտագործելով երեխաներին, փորձել է հաշիվ մաքրել Ուրումյանի հետ: «Իհարկե, մենք չկարողացանք հիմնավորել կաշառքի պահը նախաքննության ժամանակ,- ասաց նա,- քանի որ այդ ժամանակ ականատես վկաներ չեն եղել, և կա  միայն Ուրումյանի  ասածը Գևորգյանի դեմ»:

Դպրոցի տնօրեն Ծովինար Գևորգյանը, մեկնաբանելով Ուրումյանի խոսքերը, «Անկախին» ասաց, որ իր համար այդ մեղադրանքը զավեշտ է:

«Ես ընդամենը կծիծաղեմ իր ասածի վրա,- ասաց նա,- ես  էնքան շատ եմ կադրային փոփոխություն արել, որ եթե փորձեի կաշառակերությամբ զբաղվել, հիմա վաղուց նստած կլինեի: Թող գտնվի մի ուրիշը, որ կասի, թե կաշառք եմ վերցրել:  Նախաքննության ժամանակ  մարդիկ են հարցաքննվել, որոնց ես ազատել եմ, դե թող ցուցմունք տային այդ մասին»:

Գևորգյանը նաև ասում է, որ իր եկած ժամանակ Ուրումյանը դպրոցում շուրջօրյա է աշխատել. «Նա միաժամանակ շուրջօրյա հերթապահ էր, գիշերային դաստիարակ, պատմության և աշխարհագրության դասատու: Մարդը օրական 24 ժամ դպրոցում էր, դա նորմալ չէ, բացի այդ, դա արգելված է օրենքով»:

Ըստ Գևորգյանի` դպրոցի բարքերը փոխելու համար անհրաժեշտ էր կադրային կոշտ քաղաքականություն:  «Էստեղ 4 գիշերային դաստիարակ կար, որոնց ես հետո ազատեցի և որոնք բառացիորեն ապրում էին դպրոցում,- ասում է նա,-  երբ եկա, տեսա, որ երեխաների ննջասենյակներին կից կողպված սենյակներ կան, որոնք նրանք վերածել էին առանձնատան ու հյուրեր ընդունելով՝ զբաղվում էին խրախճանքով, իսկ երեխաները ոչխարների նման լցված էին մի տեղ ու ինչ ուզել` արել են»:

Տնօրենն ասում է, որ ռուսերենի մի ուսուցչուհու ազատել է նրա համար, որ երեխային(կոնկրետ՝գործով տուժող ճանաչված Արմենին) ազատել է, որովհետև լսել է, թե ինչպես դասը խանգարելու համար ուսուցիչը երեխային հանձնել է բարձր դասարանի աշակերտներին, ասելով, թե «տարեք մշակեք, իսկ նրա ճակատին սիգարետ էին հանգցրել»:

Սակայն,  որպես ուսուցիչ՝ Գևորգյանը գոհ է եղել Ուրումյանից: «Նա կարողանում էր ղեկավարել դասապրոցեսը,-ասումէ Գևորգյանը,-  էստեղ  դասապրոցեսն ու ուսուցիչները միմյանցից անկախ էին: Երեխաներին մի տեղ լցրած՝ մանկավարժները սուրճ էին խմում դասի ժամին, երեխա կար, որ 10 տարի էստեղ սովորել է, բայց տառերը չգիտի»:

Գևորգյանն ասում է, որ մի անգամ լսել է, թե ոնց մանկավարժներից Անուշ Գևորգյանը՝  փայտե ցուցափայտը ձեռքին դասի ժամանակ գոռում էր.  «Մարո, սուրճս բեր, Մարոն էլ, պարզվեց Ուրումյանն է, ինչ իմանամ, թե ինչ հարաբերություններ կային իրենց մեջ, որ նման ձևով էր նրան դիմում»:

Տնօրենի խոսքով՝ Ուրումյանը խմելու սովորություն ուներ, որը նկատվել է նրա ուսմասվար աշխատած ժամանակ: «Ես մի սովորություն ունեմ.  ցույց եմ տալիս, թե իբր գնում եմ տուն, սակայն հետո հետ եմ գալիս,- ասում է Գևորգյանը,-  մի անգամ հետ եկա ու զգացի, որ միջանցքից խմիչքի հոտ է գալիս, հաջորդ օրը նկատողություն արեցի: Մի օր էլ ուշ ժամին ինձ դպրոցից զանգում ու ասում են, որ Ուրումյանը երեխաներից մեկի մամայի հետ փակվել է ուսմասվարի սենյակում: Առավոտյան խրախճանքի հետքերը պարզ նկատելի էին. օղու բաժակներ, կոտրված աթոռ: Մարդն էնքան էր խմել, որ չէր փակել ուսուցչանոցի դուռն ու սեյֆը, աթոռը կոտրված էր, իսկ հավաքարարը  մաքրում էր փսխածների հետքերը»:

դասասենյակ Նուբարաշեն 18 դպրոցում

Գևորգյանը որոշում է արդեն երրորդ նկատողությունը տալ Ուրումյանին, այս անգամ երեխային դաժան ծեծելու համար:

Դպրոցի երկու երեխա, որոնք չուզեցին իրենց անունը տալ, «Անկախին» պատմեցին, որ տեսել են, թե ինչպես է Ուրումյանը փայտով ծեծում տուժող ճանաչված Կարենին: Նրանցից մեկը ընդգծում էր, որ  Ուրումյանը փայտի հաստ մասով խփում էր Կարենի գլխին, որից հետո  Կարենը նորից փախել է դպրոցից:

Դպրոցի աշխատակից Գայանե Եղիազարյանը, որ 10 տարի աշխատել է դպրոցում, «Անկախին» ասաց, որ, թեպետ անձամբ չի տեսել, թե ինչպես է Ուրումյանը ծեծում Կարենին, սակայն  դպրոցի աշակերտներից մեկը շնչակտուր պատմել է իրեն, որ Ուրումյանը «ծեծելով շանսատակ է անում նրան»:  «Հետո Կարենը կաղալով եկավ, հարցրեցի` ինչի էր ծեծում, ասաց՝ փախչելու համար,- պատմում է Գայանեն,- տնօրենն այդ ժամանակ դպրոցում չէր: Ուրումյանն էլ ինձ ասաց, թե «չես կարող ասել` ես եմ ծեծել, դու ինձ չես տեսել ծեծելիս, Ալիկն ա ծեծել»,  ես էլ ասացի, թե եթե դուք չեք ծեծել, բայց ձեր ներկայությամբ է ծեծվել, ու դուք էլ նայել եք, ուրեմն ավելի հանցագործ եք: Մեր դպրոցում միշտ էլ երեխաները փախել են, ուրեմն միշտ էլ պետք է ծեծվե՞ն»:

Ուրումյանն ինքն էլ չի ժխտում, որ ծեծել է երեխաներին: «Բայց ինչի՞  համար էի ծեծում, որ դպրոցից չփախչեն, որ կարգի հրավիրվեն»,- ասում է նա:

Երբ Գևորգյանը նեղ մանկավարժական խորհուրդ է հրավիրել Ուրումյանին երրորդ նկատողություն տալու համար, վերջինս ասել է, որ դուրս գալու դիմում է ներկայացնում: Դատարանում Ուրումյանն ասաց, որ այլ հեղինակավոր քոլեջից աշխատանքի հրավեր է ունեցել:

Այս դեպքերից հետո Ուրումյանին հրավիրում են Էրեբունու քննչական բաժին, ու սկսվում է  նախաքննությունը:

Սմբատ Ուրումյանի դատավարությունը

Գործը հարուցվել է 2008 թ. դեկտեմբերին և մոտ 6 ամիս տևած նախաքննությունից հետո՝  2009 թ. հուլիսին սկսվել է դատավարությունը, որը  ձգվում է մինչ օրս: Սմբատ Ուրումյանի նկատմամբ սկզբնապես որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ քաղաքից բացակայելը,  այնուհետև Էրեբունու դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը, և  վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նա 2008 թ. դեկտեմբերի 19-ից նա կալանավորված է և գտնվում է Նուբարաշենի ՔԿՀ-ի մեկուսարանում:

Նախաքննության հենց սկզբում գործով տուժած Կարենը  ցուցմունք է տալիս, որ տեսել է, թե ինչպես Սմբատ Ուրումյանը դպրոցին կից կաթսայատանը բռնաբարում է դպրոցի մեկ այլ անչափահաս տղա աշակերտի (պայմանական՝  Արսենին): Նախաքննության ավարտից հետո, որն սկսվել էր միայն Արմենին ու Կարենին  մուրացկանության դրդելու մասով,  Ուրումյանի գործը դատարան է մտնում նաև Արսենին սեռական բռնության ենթարկելու մասով:

Գործի տվյալներով`  Ուրումյանն Արմենին ու Կարենին պարբերաբար ծեծի է ենթարկել՝ պարտադրելով նրանց մուրացկանությամբ զբաղվել, ինչը նրանք արել են մետրոյի «Երիտասարդական», «Բարեկամություն»  և այլ կայարաններում, ինչպես նաև Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Կիևյան ու Բաղրամյան խաչմերուկներում:

Դատավարությունն այժմ գտնվում է ավարտի փուլում, որի վերջնական արդյունքում տուժող մասից միայն  Կարենը չի փոխել իր ցուցմունքը, իսկ մյուս երկուսը իրենց ցուցմունքները փոխել են՝ ասելով, որ Ուրումյանի դեմ ցուցմունք են տվել տնօրեն Ծովինար Գևորգյանի դրդմամբ:

Նրանցից մեկն ասում է, որ գումարներն առձեռն չի տվել Ուրումյանին,այլ փոխանցել է ուրիշի միջոցով, այդ ուրիշը սկզբում ընդունում, հետո նորից հերքում է դա, կամ հակառակը: Դատական գործը լի է այսպիսի մանրամասներով, որ լաբիրինթոսի տպավորություն է թողնում. մի տեղից  առաջ գնալով` հասկանում ես, որ տեղում պտույտ ես գործում, և հայտնի չէ, թե  որտեղ է ելքը:

Արսենը սկզբում հաստատել է, որ Ուրումյանն իրեն բռնաբարել է, հետո ասել է, որ տնօրենն իրեն 10 հազար դրամ է տվել, որպեսզի սուտ խոսի: Նա  մանկավարժի և հոգեբանի ներկայությամբ հերքել է, որ նման բան չի եղել: Ուրումյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Արսենն ու Արմենը   նույնպես չեն պնդել նախնական ցուցմունքները, մոտեցել ու սեղմել են ամբաստանյալի ձեռքը:

Կենտրոնում Սմբատ Ուրումյանը

Դատարանում երկուսն էլ ներկայանում են փաստաբաններով: Արսենի պաշտպան Էմմա Եղիազարյանը դատարանում ասաց, որ տուժող երեխան չէր կարող այդպես վերաբերվել Ուրումյանին, մոտենալ ձեռքը սեղմել . «Երեխայի մոտեցումը մեղադրյալի նկատմամբ այլ կլիներ»:

Էմմա Եղիազարյանը դատական նիստից հետո հրաժարվեց զրուցել «Անկախի» լրագրողի  հետ` պատճառաբանելով, որ չափազանց զբաղված է:

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Արթուր Ղամբարյանն ասում է, թե Արսենը  ցուցմունք է տալիս, որ Գևորգյանն իրեն 10 հազար դրամ է տվել սուտ խոսելու համար, որից հետո մանրամասն  պատմել է, թե ինչպես է իրեն բռնաբարել: «Հնարավո՞ր  է, որ երեխան  այդպես մանրամասն պատմի կամ նրան սովորեցնեն, թե ինչպես այդ ամենը  վառ նկարագրել»,- հարցնում է նա:

Նա ասում է` գործով ապացուցված է,  որ ամբաստանյալի կինն Արսենի մորը 20 հազար դրամ տվել է տան վարձի համար, այն դեպքում, երբ նրանք մինչև դատավարությունը միմյանց չեն ճանաչել:

«Դրանից հետո է Արսենն իր ցուցմունքները փոխել, էլ ճնշումը քանի՞ տեսակ է լինում,- հարցնում է դատախազը,- փաստացի երեխայի մոր վարքն ասում  է, թե  իմ երեխայի արժանապատվությունը պաշտպանելու լավագույն միջոցը կատարված փաստը հերքելն է. հերքենք, որ չասեն, թե երեխան բռնաբարվել է»:  Ղամբարյանն ասում է, որ  տուժող կողմը, որը գործում է պաշտպանության կողմից, պատասխան ունի տալու հասարակությանը, թե որտեղից  միջոցներ փաստաբան վարձելու համար, երբ երկու ընտանիքն էլ նյութական ծանր կացության  մեջ են:

Կարենը, որը չի փոխել իր ցուցմունքները,  նույնպես ներկայանում է փաստաբանով: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Հովիկ Արսենյանը:

Ուրումյանի պաշտպան Աղաջանյանի կարծիքով` Կարենը չի փոխել իր ցուցմունքները, քանի որ պարբերաբար ծեծի է ենթարկվել Ուրումյանի կողմից՝ դպրոցից փախչելու և դասերից բացակայելու համար  ու չարացած է նրա դեմ: Իսկ դատախազն ասում է, որ կարմիր մեքենայով մի մարդ՝ Հուսիկ Եղիազարյանը` Ուրումյանի բարեկամը, տուժող կողմին տանում և վախեցնում է: Իսկ Կարենը, որ մինչև վերջ չի փոխել իր ցուցմունքը, այս ընթացքում դանակահարվել  է:

Հարուցվել է առանձին քրեական գործ, որն ընթանում է այս գործից անջատ:

հատված դատական նիստից

Պարզելու համար, թե ենթարկվե՞լ է արդյոք Արսենը  սեռական բռնության, նշանակվել է  դատաքննական փորձաքննություն, որի արդյունքում փորձագետը եզրակացրել է. «Հետանցքի շրջանում վնասվածքներ չկան, և հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դա չի բացառում, որ սեռական ակտ չի եղել»:

Փորձագետը դռնփակ դատական նիստի պայմաններում հարցաքննվել է: Աղաջանյանն ասում է, որ փորձագետն ասել է, թե 13 տարեկան երեխայի սեռական բռնաբարության դեպքում պարտադիր պետք է լինեն վնասվածքներ կամ սպիներ, սակայն դրանք կարող են չառաջանալ երկու դեպքում. «առաջին, եթե այդ անչափահասը պարբերաբար զբաղվել է դրանով, երկրորդ, երբ սեռական բռնաբարության ժամանակ օգտագործվել են հատուկ քսուքներ, որոնք կբացառեին նման վնասվածքների առաջացումը»: Ամբաստանյալի պաշտպանն ասում է, որ գործով առկա նման փաստ չկա, որ անչափահասը պարբերաբար զբաղվել է դրանով, ինչպես նաև ոչինչ չկա, որ Ուրումյանն օգտագործել է  քսուքներ:

Իսկ Դատախազ Արթուր Ղամբարյանն ասում  է, որ պաշտպանող կողմը խեղաթյուրում է փորձագետի եզրակացությունը. «Բացի պաշտպանի նշած դեպքերից, փորձագետն ասել է նաև, որ  հնարավոր է`  հարաբերությունից հետո արյունազեղումներ լինեն, որոնք վերանում  և սպիների ձևով չեն պահպանվում»:

Ուրումյանի պաշտպանի կարծիքով` իր պաշտպանյալին  առաջադրված մեղադրանքները թե՛ թրաֆիքինգի և թե՛ բռնաբարության մասով հիմնավորված չեն, մինչև վերջ չեն հիմնավորվել և՛ նախաքննության, և՛ դատավարության ընթացքում: «Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, վերջնական վճիռը կկայացնի դատարանը»,- ասաց նա:

ձախւց աջ՝ Էմմա Եղիազարյան, դատախազ Հարություն Ղամբարյան

Նոյեմբերի 3-ին նշանակված է դատական նիստ, որի ժամանակ Ուրումյանը հնարավորություն  կունենա ասելու իր վերջին խոսքը: Դրանից հետո դատարանը երկու շաբաթվա ընթացքում կհրապարակի դատավճիռը:

Ինչպե՞ս է դատավորը որոշելու, թե երեխաների որ ցուցմունքը հաշվի առնել:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ծրագրի իրավաբան Դավիթ Թումասյանն ասում է, որ դատավորը վճիռ կայացնում է՝ ելնելով ներքին համոզմունքից:  «Վճիռը հրապարակելու ժամանակ դատարանում կներկայացվի, թե ինչի հիման վրա է վճիռն ընդունվել, որ հանգամանքներն է դիտվել որպես արժանահավատ և  ապացուցված»,- ասաց նա:

«Թրաֆիքինգի դեմ պայքարի» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. նոյեմբերին, որն ուսումնասիրում է Հայաստանի իրավիճակն ու զբաղվում վիճակագրությամբ: Ուրումյանի գործով Թումասյանը դատարանում  ներկայանում է դիտորդի կարգավիճակով:

Այս դատական գործը Հայաստանում երկրորդն է, որ հարուցվել է երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու համար:

Առաջինը դեպքն արձանագրվել է անցյալ տարի:  2009 թ. ապրիլի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  Գարիկ Հովհաննիսյանը դատապարտվել է  7 տարվա ազատազրկման քր. օր.-ի 132.1 հոդվածի համաձայն՝  Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի 2 սաներին մուրացկանության դրդելու, գումարները վերցնելու և գումարի քիչ լինելու դեպքում նրանց դաժանորեն պատժելու համար: Այդ երեխաներից մեկը՝ Արմենը,  տուժող է ճանաչված նաև Ուրումյանի գործով:

Այդ գործով, փաստորեն, ապացուցված է համարվել, որ երկու երեխաները զբաղվել են մուրացկանությամբ: Սա միայն պաշտոնապես ապացուցված դեպքն է, իսկ ինչքա՞ն երեխաներ կան, որ զբաղվում են դրանով, ո՞ւր են գնում կամ գնացել այդ փողերը:

Թումասյանն ասում է, որ երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքերն, անշուշտ, ավելի շատ են. «Սակայն դրանք լատենտային են, և պետք է բացահայտել»:

Հայաստանի օրենքներով տուժող կողմին բարոյական փոխհատուցում նախատեսված չէ, և տուժող կողմն ինքը պետք է հայց ներկայացնի, որը տվյալ պարագայում  շատ դժվար է ապացուցել, քանի որ մուրացկանությամբ զբաղվելու դեպքում, երբ երեխային դրդում և հարկադրում են դրանով զբաղվել, շատ դժվար է ապացուցել, թե որքան գումար է «աշխատել» նա:

Դիտվել է 3054 անգամ:
Print Friendly

Leave a Reply