Երևանում այս տարի ստերիլացվել է 8 618 թափառող կենդանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 29, 2010 11:25
Երեւանում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ «Յունիգրաֆ Իքս» ՍՊ ընկերության կողմից ստերիլացվել է 8 հազար 618, քնեցվել 17 հազար 288 թափառող կենդանի։ Ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը նշում է, որ Երեւանում թափառող կենդանիների դեմ պայքարի ուղիները տարեցտարի կատարելագործվում են: Մշտապես ուսումնասիրվում է միջազգային փորձը Հայաստանում ներդնելու նկատառումով։ Աստիճանաբար նվազում է քնեցվող կենդանիների թիվը, փոխարենն ավելացվում է ստերիլացվածների քանակը։
Ըստ Լ. Գրիգորյանի` հսկայական աշխատանք է տարվում բնակչության շրջանում։ Սակայն, այդուհանդերձ, նրա խոսքով, կան գործոններ, որոնք չեն նպաստում ցանկալի արդյունքի հասնելուն: «Թափառող կենդանիների դեմ պայքար պետք է տարվի ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության ամբողջ տարածքում։ Հակառակ դեպքում կենդանիների հոսքը Երեւան կանխել հնարավոր չէ»,- ասաց Լ. Գրիգորյանը` հավելելով, որ խնդրի լուծմանը նպաստող հաջորդ քայլը օրենսդրական դաշտի կատարելագործումն է ու կոմերցիոն նպատակով կենդանիներ բազմացնող կազմակերպությունների եւ անհատների նկատմամբ վերահսկողության սահմանումը։ Նշենք, որ աշխարհում թափառող կենդանիների դեմ պայքարում կիրառվող մեթոդները հիմնականում երեքն են` կացարաններ, ստերիլացում, քնեցում։ Օրինակ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում թափառող շներին 2-7 օր համապատասխան կացարաններում պահելուց հետո եթե դրանց համար չեն կարողանում տերեր գտնել, ապա քնեցնում են։ Փորձագիտական տվյալների համաձայն՝ ամեն տարի ԱՄՆ-ի փողոցներից հավաքված 19 միլիոն թափառող կենդանիների մոտ 75 տոկոսը քնեցվում է։ Մյուս 25 տոկոսը գտնում է նոր տերերի կամ մնում է բարեգործական կազմակերպություններում։
Ընդ որում, թափառող կենդանիների վերաբերյալ ստույգ վիճակագրություն ԱՄՆ-ում, որտեղ գործում են կենդանիների հաշվառման հստակ մեխանիզմներ, չկա։ Կենդանիների պաշտպանության ամերիկյան կազմակերպություններից մեկի՝ «The Humane Society of the United States»-ի տվյալներով, Միացյալ Նահանգներում ամեն տարի կացարաններում է հայտնվում 6-8 միլիոն թափառող շուն ու կատու, որից 3-4 միլիոնը քնեցվում է։ Իսկ Ճապոնիայում կենդանիների համար գործում են հատուկ հյուրանոցներ, որտեղ տերերը կարող են ժամանակավորապես թողնել իրենց փոքր «բարեկամներին»։
Այդուհանդերձ, փողոցներում բնակվում են հազարավոր շներ։ Մասնագիտացած ծառայությունները, որսալով այդ կենդանիներին, տեղափոխում են կացարաններ, որտեղից նրանց կարող է վերցնել ցանկացած մարդ։ Պահանջարկ չունեցող կենդանիներին ոչնչացնում են:






Facebook
Tweet This
Email This Post
