Առաջարկել են սփյուռքահայերին հայոց բանակում ծառայելու հնարավորություն տալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 29, 2010 10:51

Երեկ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց  «Արի տուն»  ծրագրի  շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ»  ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես եկան առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply