Ադրբեջանի ընտրական իրավունք ունեցող 2 մլն քաղաքացիներ զրկված են քվեարկելու իրավունքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 29, 2010 10:45

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանում նախընտրական դիտորդական առաքելության առաջին զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում 2 մլն ընտրողների զրկել են քվեարկելու իրավունքից: Ինչպես հաղորդում է «Ամենպրես»-ը, ըստ «Ենի Մուսավաթ»-ի, ԵԽԽՎ զեկույցն արձանագրել է, որ արտասահմանում բնակվող բազմաթիվ ադրբեջանցիներ կարող են մասնակցել նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քվերակությանը միմիայն ընտրության օրը Ադրբեջանում իրենց բնակության վայրի ընտրատեղամաս ներկայանալու դեպքում:

Զեկույցում նշվում է, որ այդ իրավիճակը ստվեր է գցում ընտրական իրավունքների ունիվերսալ բնույթ կրելու սկզբունքին: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Սարըեւը դա բացատրել է գործող օրենսդրությամբ, որի համաձայն, արտասահմանում բնակվող քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցել միայն նախագահական ընտրություններին՝ արտասահմանյան երկրների դեսպանատներում կազմակերպված ընտրատեղամասերում քվեարկելու միջոցով: Ընդդիմությունը համարում է, որ այդ իրողությունը իշխանության օգտին եւ ի վնաս իրեն է:

«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն թերթին հայտնել է, որ ընտրելու իրավունք ունեցող Ադրբեջանի քաղաքացիներից մոտ 2 մլն-ը ներկայում բնակվում են Ռուսաստանում եւ այլ արտասահմանյան երկրներում: Այդքան ընտրողների` երկրից բացակայությունն ու ընտրություններին մասնակցել չկարողանալն ի վնաս ընդդիմության է: «Այդ մարդկանց 90 տոկոսն Ադրբեջանից հեռացել են գործազուրկ լինելու կամ քաղաքական հետամտումների պատճառով: Հայրենիքից նրանց արտագաղթելու պատճառը հենց իշխանության սխալ քաղաքականությունն է: Եթե այդ բողոքավոր ընտրախավը երկրում լիներ, կքվեարկեր ընդդիմության օգտին: 2 մլն ընտրողների` երկրից բացակայությունը լուրջ կասկած է առաջացնում ընտրությունների ճշգրտության նկատմամբ», -ասել է մուսավաթականը՝ նշելով, որ ամեն առիթով երկրի հարստությունից խոսող ղեկավարությունը պետք է ընտրատեղամասեր կազմակերպեր արտասահմանյան երկրներում:

«Ժողճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի կարծիքով, իշխանությունը չի ցանկանում իրագործել 2 մլն ընտրողների ընտրական իրավունքը, քանի որ այդ մարդկանց մեծամասնությունը հենց իշխանության քաղաքականությունից հոգնելու պատճառով է հեռացել հայրենիքից: «Այդ ընտրախավը իշխանությունից դժգոհ ընտրախավն է: Իշխանությունը շահագրգռված չէ իրենից դժգոհ մեծ ընտրազանգվածի՝ ընտրություններին մասնակցությամբ», -ասել է նա: Ումիդ կուսակցության գլխավոր խորհրդի նախագահ Էնվեր Աղազադեն եւ Դեմկուսի փոխնախագահ Թալիաթ Ալիեւը կարծում են, որ 2 մլն ընտրողների՝ հայրենիքից բացակայությունն իշխանության օգտին է: Նրանց կարծիքով, «եթե 2 մլն ընտրողներ արտասահմանում չգտնվեին, ակտիվորեն կմասնակցեին ընտրություններին եւ կօգնեին ձայներ վաստակել դեմոկրատական ուժերին»:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply