«Նռան գույնը» ֆիլմն այսօր կեզրափակի «Ոսկե Ծիրան»-ը Ուստյան եղբայրները ստացան կինոփառատոնի առաջին մրցանակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 18, 2009 20:56

Այսօր Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին նվիրված ասուլիսի սկզբում Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողների ասոցիացիան «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավար ռեժիսոր Հարություն Խաչատրյանին հանձնեց «Golden Glob» մրցանակը: Արդեն 64 տարի է` ասոցիացիան աշխարհում հայտնի է կինոփառատոններին տրվող «Golden Glob» մրցանակով:

«Այս տարի մեր տնօրենների խորհրդին առաջարկեցի առաջին անգամ Երևան այցելել,- ասում է ասոցիացիայի ներկայացուցիչ Յորամ Կոհանանը,- Ես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ և կզեկուցեմ Հոլիվուդում, որ հաջորդ փառատոնին ավելի շատ ներկայացուցիչներ գան»:

«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոննի փակումը լինելու է այսօր`«Նռան գույնը» ֆիլմի հայկական հեղինակային տարբերակի ցուցադրմամբ: 

Ասուլիսին ներկա էին «Նռան գույն» ֆիլում Սայաթ- Նովայի դերակատար Վիլեն Գալստյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ֆիլմի խմբագիր Պերճ Զեյթունցյանը, նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, հնչյունային ռեժիսոր Յուրի Սայադյանը:

Մանսուրյանը հիշեց ֆիլմի հասցեին հնչած իր համար ամենամեծ ու արժեքավոր կարծիքը, որը հայտնել էր ավանգարդ երաժիշտ Պիեռ Բուլեզը.«Իմ կյանքում տեսած բոլոր ֆիլմերի շարքում միայն «Նռան գույնն» է, որ առանձնացնում եմ` որպես արժեք»:

Պերճ Զեյթունցյանն էլ հիշեց, թե ինչպես է 30 տարեկան հասակում դարձել ֆիլմի խմբագիրը. «Խորհրդի նիստ էր, քննարկում էին, թե ով պիտի սցենարի վրա աշխատի Փարաջանովի հետ միասին: Առաջարկեցին Պարույր Սևակին: Բոլորը համաձայնում էին, Փարաջանովը զայրույթից կարմրեց: Իմ կարծիքն էլ հարցրին, ասացի` 2 տաղանդավոր մարդ նույն գործը չեն կարող անել: Բոլորը համաձայնեցին, Փարաջանովի դուրն էլ շատ եկավ ասածս, ու դարձա խմբագիր»:

Գրողն ասում է, որ ֆիլմում միայն մի պարտականություն ուներ, որը լավ էր կատարում` չխանգարել Փարաջանովին:

Բալետի պարող և բալետմայստեր  Վիլեն Գալստյանը պատմեց Փարաջանովի հետ իրենց առաջին հանդիպումը . «Թատրոնում բալետ էի պարում, ասաց` ուզում է Սայաթ Նովայի դերը խաղամ: Զարմացած էի, ախր դերասան չեմ, նա էլ թե`ավելի լավ ու էդպես նկարվեցի: Հիմա ցանկացած բեմադրության ժամանակ փորձում եմ փարաջանովյան սիմվոլիկայով մտածել, ուղղակի բախտս բերել է, որ շփվել եմ իր հետ»:

Ստեփան Անդրանիկյանը, որ 1949թ. Փարաջանովի հետ սովորել է Մոսկվայի կինոինստիտուտում, պատմեց, որ Փարաջանովը նկարահանման հրապարակ էր գալիս առանց հստակ գրված սցենարի, իմպրովիզներ էր անում ու ձեռքին միայն փոքր հուշաթուղթ կար:

«Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղավ Հաղպատում, Ալավերդիի մշակույթի տանը,- հիշեց Անդրանիկյանը,- Ֆիլմի ընթացքում մարդիկ դահլիճում աղոթք էին մրմնջում. Նրանք հասկացել էին, իսկ միջին խավն այդպես էլ չհասկացավ»:

Ասուլիսի վերջում Հայաստանի Կինոգետների ասոցիացիայի անդամներից կազմված անկախ ժյուրին Սերգո և Արթուր Ուստյանների «Հոգիների ծնունդը» ֆիլմը «Արտադրված է Հայաստանում» անվանակարգում համարեց լավագույնը և շնորհեց առաջին տեղի մրցանակը:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply