Ո՞ւր է անհետացել հայկական պանիրը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 29, 2010 8:34

Հազիվ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել «հայկական պանիր» ծրագրի գոյության եւ պանրի արտահանման մեծ հեռանկարների մասին, երբ պարենային շուկայում պանրի գները թռիչքաձեւ աճեցին։ Հիմա կարծես թե իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, առկա է նույնիսկ պանրի գների ոչ մեծ անկում։ Միջին հաշվով՝ հոկտեմբերին կարող ենք արձանագրել պանրի մոտ 20 տոկոս թանկացում։ Ավելին՝ որոշ խանութներում կարելի է հանդիպել այնպիսի մի հազվագյուտ երեւույթի, ինչպես պանրի իսպառ բացակայությունն է, կամ էլ առաջարկվող տեսականու խիստ սահմանափակ լինելը։ Դա սուպերմարկետներին չի վերաբերում, սակայն կարելի է խոսել ոչ միայն գների թանկացման, այլ նույնիսկ դեֆիցիտի առկայության մասին։

Ազգային վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում տեղի է ունեցել պանրի արտադրության 2,5 տոկոս անկում։ Սա անկման այն ցուցանիշը չէ, որ կարող է հանգեցնել շուկայական դեֆիցիտի։ Օրինակ՝ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով, իսկ կաթնաշոռինը՝ 4,1 տոկոսով, սակայն շուկայում ոչ կաթի, ոչ էլ կաթնաշոռի դեֆիցիտ գոյություն չունի։ Առավել հավանական է, որ, իսկապես, տեղի է ունեցել արտահանման աճ, սակայն դրա վերաբերյալ վիճակագրական տվյալներ դեռեւս հրապարակված չեն։

Նկատենք, որ Հայաստանը տարեկան արտադրում է մոտ 17,5 հազար տոննա պանիր, որը լիովին բավարարում է ներքին պահանջարկը։

Արտադրության այս ծավալների պահպանման դեպքում Հայաստանը պանրի արտահանման պոտենցիալ չունի՝ այն կարող է իրականացվել միայն ներքին շուկայի մատակարարումների կրճատման հաշվին։ Հետեւաբար՝ վարչապետի նշած «հայկական պանիր» ծրագիրն իրագործելի է միայն պանրի արտադրության աճի շնորհիվ, սակայն վիճակագրությունը, ընդհակառակը, մատնանշում է պանրի արտադրության անկում։ Ոչ մեծ քանակությամբ պանիր մենք միշտ էլ արտահանել ենք, դա կազմել է մոտ 300-400 տոննա տարեկան, մոտավորապես այդքան էլ ներմուծում ենք։ Սակայն այդ ծավալներն արդյունաբերական նշանակություն չունեն, նման ապրանքաշրջանառությունն իրականացվում է բացառապես այն նպատակով, որ խանութներում տեսականու բազմազանություն լինի։ Միայն այն դեպքում, երբ Հայաստանն սկսի տարեկան 1000 տոննայից ավելի պանիր արտահանել, կարելի է լրջորեն խոսել ոլորտի արտահանման հաջողությունների մասին։ Սա իհարկե պանրի միջազգային շուկայում հեղափոխություն չի ստեղծի՝ միայն Շվեյցարիան տարեկան մոտ 100 հազար տոննա պանիր է արտահանում։

Ըստ հայ պանրագործների ներկայացրած բացատրությունների՝ պանիրը վերջին շրջանում թանկացել է կաթի գնման գնի բարձրացման հետեւանքով։ Նախկինում կաթը մթերում էին լիտրը 105 դրամով, ներկայում՝ 145 դրամով։ Այս գործոնի դերն, իհարկե, չի կարելի անտեսել։ Սակայն այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ այդ նույն ժամանակ չեն թանկացել մյուս կաթնամթերքները եւս, չէ՞ որ, տրամաբանորեն, կաթի թանկացումը պետք է կաթնամթերքի բոլոր տեսակների վրա ազդեր։ Սակայն այս առումով էական փոփոխություններ չկան՝ թանկացել է միայն պանիրը։ Ուստի պանրի շուկայի գործընթացների իրական գնահատականները դեռեւս առջեւում են։

Սամվել Ավագյան

NEWS.am

Դիտվել է 2103 անգամ:
Print Friendly

Leave a Reply