Նախատեսվում է մինչև 2011-ի տարեվերջ փոխանակել հին նմուշի վարորդական վկայականները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 28, 2010 21:39

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ եւ մի շարք հարակից օրենքներում կառավարության հեղինակած փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթը: Այն կքվեարկվի հաջորդ` նոյեմբերի 15-18-ի քառօրյա նիստերում:

Հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հիմնավորմամբ, նախատեսվող բարեփոխումները բխում են Հայաստանի միջազգային պարտավորություններից: Ըստ այդմ, մասնավորապես, ազգային վարորդական վկայականը տրվելու է տաuը, իuկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից: Վերանայվում է տրանսպորտային միջոցների դասակարգումը, նաև նախատեսվում է, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործելու են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 10 տարուց ավելի վաղեմությամբ, այդ թվում` խորհրդային ժամանակաշրջանում տրված վարորդական վկայականները պետք փոխանակվեն նորերով:

ՙՄարդիկ 30 տարվա վարորդական վկայականով այսօր վարում են տրանսպորտային միջոցներ, և ճանապարհային ոստիկանի կողմից հնարավոր չի լինում նույնականացնել անձին՚,- պարզաբանեց փոխոստիկանապետը: Նշվեց նաև, որ վարորդական վկայականների փախանակումը կլուծի ևս մեկ կարևոր խնդիր. ՙՎարորդական վկայական ստանալու համար անձը չպետք է ունենա որոշակի լուրջ հիվանդություններ, որոնք վարելու համար ուղղակի խոչընդոտ են՚: ՙԱյս ճանապարհով եթե նա փոխանակում է վարորդական վկայականը, նա նաև բժշկական փորձաքննություն է անցնում, և դրանով կանխվում են հնարավոր հետագա վթարները, պատահարները՚,-ասաց նա:

Ըստ ՀՀ փոխոստիկանապետի, գործողության ժամկետի նշում չպարունակող վարորդական իրավունքի տերերը պետք է դիմեն Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Վկայականները կփոխանակվեն եռօրյա ժամկետում: Նոր նմուշի վկայականի համար վարորդից կգանձվի 12 հազար դրամի չափով պետական տուրք: Ա.Օսիկյանի տեղեկացմամբ, խորհրդային վկայական ունեցողների թիվն այսօր 20- 30 հազար է:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 5412 անգամ:
Print Friendly

Leave a Reply