Երեւանում հաջողությամբ մեկնարկել է Սինոփսիսի շաբաթը Հայաստանում միջոցառումների շարքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 28, 2010 21:28
Սինոփսիսը նշում է բիզնեսի, կրթության եւ կառավարության հետ համատեղ ձեռքբերումները, որոնք աջակցում են Հայաստանի եւ տարածաշրջանի բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացմանը
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունն (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց, որ այս տարի Հայաստանում Սինոփսիսի շաբաթը Երեւանում մեկնարկել է հոկտեմբերի 26-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը: Սինոփսիսի շաբաթվա միջոցառումների ցանկը մի շարք կարեւոր ձեռնարկներ է ընդգրկում` 2010թ. շրջանավարտության հանդիսավոր արարողություն, Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադա, ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի արժանացած ուսանողների պարգեւատրում, որին կհաջորդի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանի հանդիպումը, ՏՏ ոլորտի նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելություն Երեւանի կամերային երաժշտության տանը, համայնքային կամավորական ծրագիր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների համար դասախոսություններ, ինչպես նաեւ մասնակցություն ԴիջիԹեք 2010 միջազգային ցուցահանդեսին եւ ԱրմԹեք2010-ին (Միջոցառումների ծրագրի մանրամասները տես Հավելված 1-ում):
Նվաճումների շարքում Սինոփսիսը կնշի նաեւ Վիրաժ Լոջիկի վերջին ձեռքբերումը, քանի որ այն Սինոփսիս Արմենիայի համար կարեւոր քայլ էր: ՙՎիրաժ Լոջիկի ձեռքբերման արդյունքում Սինոփսիս Արմենիան դարձավ Սինոփսիսի` ԱՄՆ-ից դուրս գործող ամենամեծ գիտաարտադրական կենտրոնը՚, – ասաց դոկտ. Չի-Ֆուն Չանը: ՙՍինոփսիս Արմենիան իր ավելի քան 520 աշխատակիցներով այժմ կարող է ավելի նշանակալից ծրագրեր իրականացնել եւ ավելի մեծ ազդեցություն ունենալ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կենտրոն դարձնելու գործում՚:
ՙՄենք հպարտ ենք Հայաստանն անվանել մեր հիմնական կենտրոններից մեկը՚, – ասաց Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: ՙՀայաստանի մեր գիտաարտադրական կենտրոնի հզորացումն ու հաջողություններն ապացուցում են, որ մեր աշխատակիցները եւ ընկերությունը նվիրված են Հայաստանի արդյունաբերությանը, կառավարությանը եւ կրթությանը: Այս համագործակցության հիմքով գրանցված հաջողությունները Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրա դրական ազդեցություն ունեն: Սա է վկայում նաեւ այն փաստը, որ Սինոփսիս Արմենիա ընկերությունը ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլում է: Նախորդ տարի մենք նշանակալից արդյունք գրանցեցինք. տարածաշրջանի այլ երկրներ ձգտում են կրկնել Հայաստանում իրականացվող մեր գործունեությունը: Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա ընթացքում մենք նշում ենք այս ձեռքբերումները եւ հրավիրում տեղական ու արտասահմանյան այլ ընկերություններին` միանալ Հայաստանի տնտեսության զարգացմանը՚:
ՙՀայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամյա ավանդական միջոցառում է դարձել, եւ այս տարի այն անցկացվում է չորրորդ անգամ՚, – ասաց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: – ՙԱյս շաբաթվա ընթացքում մենք հանրությանը ներկայացնում ենք նախորդ տարվա մեր բոլոր հաջողությունները եւ մեր ծրագրերն այն ուղղությամբ, թե ինչպես ենք պատրաստվում հաջորդ տարի շարունակել հանրության զարգացման գործում նշանակալի դեր խաղալ՚:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերության մասին
Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական և կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում. www.synopsys.com; www.synopsys.am:
Սինոփսիսը Հայաստանին Բարեգործական հիմնադրամի մասին
Սինոփսիսը Հայաստանին բարեգործական հիմնադրամը ստեղծվեց 2005 թ. հուլիսին: Հիմնադրամը համալրում է ընկերության գիտահետազոտական գործունեությունը մի շարք կրթական և սոցիալական ծրագրերի իրականացմամբ£ Հիմնադրամը գործում է երկու ուղղություններով` կրթական և սոցիալական: Հիմնադրամի կրթական գործունեությունն ընդգրկում է Հայաստանի առաջատար բուհերի գործակցությամբ իրականացվող մասնագիտական ճարտարագիտական կրթության աջակցության ծրագրեր:Հիմնադրամը նաև գումարներ է հատկացնում ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին ՀՀ Նախագահի կողմից տրվող մրցանակներին և հովանավորում է ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների զանազան մրցույթներ: Հիմնադրամի սոցիալական աշխատանքը հիմնականում ուղղված է տեղական համայնքներին աջակցություն ցուցաբերելուն:






Facebook
Tweet This
Email This Post
