ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2010 16:56

Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ին միաձայն ընդունած որոշմամբ, ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 9-ը: Նման առաջարկությամբ հանդես եկավ նախագծի համահեղինակ, ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ և խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր ԱԺ-ի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում, սակայն, ՙԺառանգություն՚ խմբակցության առաջարկությամբ, օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 25-28-ի հերթական քառօրյան` խորհրդարանական բոլոր խմբակցությունների

հետ փոխհամաձայնության գալու նպատակով: Սակայն հոկտեմբերի 27-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների ղեկավարների խորհրդակցության ընթացքում համաձայնություն ձեռք չէր բերվել:

Հոկտեմբերի 28-ի նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրապարակեց  Հայաստանի Հանրապետական, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես, ասված է, որ այս պահին իշխող քաղաքական կոալիցիան չի մասնակցելու  ԼՂՀ ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը£

ՙՊաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան՚,- ասված է համատեղ հայտարարության մեջ: Խորհրդարանական մեծամասնությունը միաժամանակ հայտարարում է. ՙԸնթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը՚£

Արձագանքելով կոալիցիայի հայտարարությանը, Ր.Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնեց, որ նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում կոալիցիոն գործընկերներն առաջարկել են ԵԱՀԿ ՙԱստանայի առաջիկա խորհրդաժողովի համատեքստում մի փոքր հետաձգել, տեղափոխել՚ օրինագծի քվեարկությունը: ՙՀիմա ասում են, որ խիստ անհավանական է, որ որևէ բան փոխվի մինչև Աստանա կամ դրանից հետո: Մեր մեջ ինչ-որ բան պիտի փոխվի, և, եթե մեծամասնության համար մի փոքր ժամանակ է պետք, մենք դեմ չենք, ուստի մենք համաձայն ենք

ճշմարտության մեր պահը տեղափոխել երկու քառօրյա անց` մինչև հինգշաբթի, դեկտեմբերի 9-ը՚,-հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply