Սալոմե. յոթ քողի տակ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 31, 2010 13:05

Անդրեա Սոլարի «Սալոմե»

Մեծ Հերովդեսի թոռնուհին`  փառասեր Հերովդիան, գայթակղեց իր օրինական ամուսնու` Փիլիպոսի  խորթ եղբորը: Նրանց ճակատագրական կիրքը ծնունդ առավ Հռոմում: Եվ Հերովդիան տրվեց մեղսալի գայթակղությանը «ոչ իր երկրի օրենքով, այլ սեփական կամքով» (Հովսեփոս Փլավիոս): Հերովդիան համաձայնեց ամուսնանալ տագոր` Անտիպայի հետ մի պայմանով. Անտիպան պետք է բաժանվեր իր  առաջին կնոջից: Հերովդիային ամենևին չէր անհանգստացնում այն փաստը, որ օրենքը  թույլ չէր  տալիս կենդանի ամուսին ունենալով` կրկին ամուսնանալ: Կարելի է ենթադրել, թե ինչքան  են վրդովվել հրեաներն  այդ փաստից: Սակայն   Անտիպան գնաց այդ քայլին` հրաշալի գիտակցելով որ դրանով վտանգում է նաբաթեների հետ  30-ամյա բարիդրացիական հարաբերությունները (նախորդ կինը Նաբաթեի  արքայադուստրն էր) և սեփական հեղինակությունը: Հնարավոր է, որ չորրորդապետն   իր խիղճը հանգստացնում էր բազմաթիվ նախադեպերով, օրինակ` Աբիսողոմն  ամուսնացավ իր  հոր կանանց հետ, Հուդան` իր հարսի, Ամմոնը` քրոջ, իսկ Ղովտը` սեփական դուստրերի հետ:

Նրանց ժամանակակից  Հովհաննես Մկրտիչը, որ  քարոզում էր Հորդանանի աջ ափին ու այնտեղ էլ մկրտում  իր հետնորդներին, որոնց մեջ էր նաև Հիսուս Նազովրեցին,  պաշտպանեց օրենքը` պախարակելով նրանց ամոթալի կապը: Քարոզավայրը  միտումնավոր ընտրված էր առևտրական լաստանավերի անցուղիների մոտ, որտեղից  նրա ձայնը լսելի, իսկ մկրտման ծեսերն էլ տեսանելի էին բազմաթիվ մարդկանց : Ամբոխի առջև  արտահայտած մեղադրական խոսքն  արագորեն տարածվեց Ավետյաց  երկրում: «…Նրա ճառերը բերնեբերան են անցնում, արձագանքում են ամենուրեք, շրջում են օդում: Ինքը (Հերովդիան)  նույնիսկ լեգեոնների դիմաց աչք չէր թարթի: Բայց արի ու տես, որ ջլատվում է սրերից ավելի վտանգավոր այս ուժից…» (Գ. Ֆլոբեր):  Եվ որքան մարգարեի համախոհների թիվն  ավելանում էր, այնքան Անտիպան ավելի էր անհանգստանում, որ այդ ճառերը կհանգեցնեն քաղաքական  խառնաշփոթի:

Այս արարքից կատաղած` Հերովդիան պահանջում է բանտարկել Մեսիայի գալուստը կանխագուշակող Հովհաննես Մկրտչին, ինչն էլ ի կատար ածվեց: Հետո նա  վրեժ կլուծի ուրիշի ձեռքերով:

Արդեն երկու հազարամյակ Հովհաննես Մկրտչին գլխատողը համարվում է Սալոմեն: Մինչ վերջերս Սալոմեի հայրը համարվում էր Փիլիպոսը, իսկ վերջին տարիներին քննարկվում է նաև այն վարկածը, որ Հերովդես Անտիպան Սալոմեի ոչ թե խորթ, այլ  հարազատ հայրն է:

Հերովդես Անտիպան որոշել էր իր ծննդյան օրը շուքով նշել ու նախկին աներոջ` Նաբաթեի թագավորի հետ հաշտվելու ևս մի փորձ անել:  Բազմաթիվ հրավիրյալները ցամաքով ու ծովով   ժամանեցին Հերովդես Մեծի կառուցած ամրոց, որն իր դիրքով համարվում էր անառիկ. այն անհավանական խորության անդունդներով էր շրջապատված,  ուստի կոչվում էր «կախովի ամրոց»: Հերովդես Մեծը բարձունքը պարսպապատել էր, անկյուններում աշտարակներ  կանգնեցրել, իսկ կենտրոնում մի չքնաղ պալատ կառուցել` բազմաթիվ շքեղ հանգստարաններով:

Այդ աշտարակներից մեկի նկուղում էր պահվում Հովհաննես Մկրտիչը: Իսկ շքեղ հանգստարաններից մեկում, պահապանների խիստ հսկողության տակ էր գտնվում նախկին կինը` Նաբաթեի արքայադուստրը, ում կարգադրված էր  չլքել ապարանքը ու չհանդիպել հորը ` Նաբաթեի թագավորին, որպեսզի  դստեր արցունքներից նախկին աները  չվրդովվեր:

Խնջույքի սեղաններին «ցուլի երիկամունք , սկյուռ, սոխակ և խաղողի տերևով հոշած միս մատուցեցին : Իսկ քահանաները վիճում էին, թե կա՞ արդյոք «հարություն ի մեռելոց»…Շատերը զրուցում էին սրահի մեջտեղը, և շնչերի գոլորշին միախառնվելով աշտանակների ծխին, շամանդաղ էին գոյացնում օդում…»(Գ.Ֆ.):

Վարդգես Սուրենյանց «Սալոմե»Ըստ Մարկոսի ավետարանի` Անտիպայի կազմակերպած  խրախճանքի ընթացքում  ներս է մտնում Սալոմեն, պարում`՝  հիացմունք պատճառելով Անտիպային  և պառկում նրա հետ: …Եվ թագավորն ասաց. «Խնդրիր ինձնից ինչ ուզում ես և կստանաս»: Սակայն այս դարձվածքի բառացի թարգմանությունը հնչում է հետևյալ կերպ. «Ներս մտավ նրա դուստրը` Հերովդիան , պարեց ու բավարարեց Հերովդեսին` պառկելով նրա հետ»:  Վարկածներից մեկի համաձայն` Սալոմեն ոչ թե Հերովդիայի հարազատ ու Անտիպայի խորթ դուստրն էր, այլ հենց Հերովդեսի դուստրն էր: Հին մագաղաթյա   Աստվածաշնչում   նույնպես պարզ ասվում է, որ Սալոմեն Հերովդեսի դուստրն էր, ու նրա անունը Հերովդիա էր: Նկարագրված  իրադարձությունների ժամանակ Հերովդիայի դուստրն ու Հերովդես Անտիպայի խորթ դուստրը 30-ն անց էր: Իսկ ըստ Մարկոսի ավետարանի` խնջույքի ժամանակ պարողը 12-ամյա աղջիկ էր: Մնում է ենթադրել, որ  երկու արքայադուստրերն էլ միանման անուններ ունեին, ու դա է խառնաշփոթի պատճառը: Հերովդիան տոհմական  կամ  դինաստիայի անունն էր, իսկ Սալոմեն` անձնական անունը:

Սալոմեի պարը տղամարդ հյուրերի առջև արդեն բարեկրթության խախտում էր.«Պարը դարձավ հագեցման ծարավի սիրո պոռթկում: Սալոմեն կաքավում էր, ինչպես հնդիկ քրմուհիները…»:(Գ.Ֆ.) Նրա շարժումները բորբոքում էին տղամարդկանց: Նրան նայելու համար կարծես ողջ պալատն էր հավաքվել:

Իսկ այդ ժամանակ Նաբաթեի արքայադուստրը, օգտվելով գիշերվա թանձր մթից, դուրս պրծավ ապարանքից ու վազեց դեպի Պետրա` Նաբաթեի մայրաքաղաք: Փաստորեն, Սալոմեն   իր պարով կարծես շեղեց Անտիպայի ուշադրությունը և օգնեց նրա նախկին կնոջը, փախչել  ամուսնուց:

Մյուս վարկածի համաձայն` Սալոմեն Հերովդիայի դուստրն էր.«Հերովդիան ուսման էր տվել Սալոմե դստերն այն հույսով, որ  Անտիպան կսիրի նրան…ու… համոզվեց, որ վատ գաղափար չի հղացել ժամանակին» (Գ.Ֆ.): Անտիպային դուր եկավ Սալոմեի պարը, ու նա խոստացավ կատարել աղջկա կամքը` «ինչ էլ ուզես, կտամ, թեկուզ թագավորությանս կեսը» (ըստ Մարկոսի  ավետարանի):«Ես ուզում եմ, որ դու մի սկուտեղի վրա տաս …գլուխը…մոռացավ անունը … բայց տեղնուտեղը ժպտալով ավելացրեց`  Իոքանանի (Հովհաննես Մկրտչի) գլուխը…» (Գ.Ֆ.) : Չորրորդապետը կուչ եկավ ճզմված»: Թագավորը տրտմեց, սակայն հանուն իր երդման՝ հրամայեց բերել նրա գլուխը: «Երբ գլուխը հանձնեցին Անտիպային, չորրորդապետի այտերն ի վար  արցունքներ հոսեցին»(Գ.Ֆ.):

Հնարավոր է, որ Հովհաննես Մկրտիչն իր գլխով վճարեց  Նաբաթեի արքայադստեր ազատության համար:

Հերովդիան ստացավ ատելի մարգարեի գլուխը, իսկ մարմինը Մկրտչի աշակերտները հողին հանձնեցին Սամարայում (Սեբաստիա): Հովհաննես Մկրտչի գլխի մասին մի քանի վարկած կա, դրանցից մեկի համաձայն` այն թաղված  է Գանձասարի վանքի զոհասեղանի տակ: Այն, ըստ Մովսես Կաղանկատվացու, XIII դարում բերվել է Գանձակի Արցախ գավառ: Փախուստի դիմած Նաբաթեի  արքայադուստրը` Հերովդես Անտիպայի առաջին կինը, որ խիստ վիրավորվել էր ամուսնու և Հերովդիայի ամուսնության պատճառով, չթողեց, որ հայրն ու նախկին ամուսինը հաշտվեն:

Ինչ վերաբերում է Սալոմեին, ապա մանկահասակ աղջնակն ակամա ներքաշվել էր մեծահասակների ինտրիգների մեջ:

Սկզբում նա ամուսնանում է իր հորեղբոր` չորրորդապետ Փիլիպոսի հետ, որի մահից հետո` Արիստոբուլոս Հալկիդացու հետ և ունենում 3 որդի:

Ամուսնու հետ պատմական պարից 20 տարի անց Սալոմեն Ներոնի կարգադրությամբ կբարձրանա Փոքր Հայքի գահը  (Փլավիոս  «Հրեական հնախոսություններ»): Հռոմի կայսր Ներոնն այդ որոշումը կայացրել է իր գահակալության առաջին իսկ տարին` 54  թվին:

Այսպես հրեական երիտասարդ արքայադուստրն  ակամա պատմական դեր խաղաց և, վերջապես, hայոց հողում հանգրվանեց, ուր ոտք էր դրել որպես թագուհի: Ամեն դեպքում, այս վարկածը նույնպես դիտարկվում է:  Սակայն ո՞վ գիտի, թե էլ ինչ էր թաքնված չքնաղ Սալոմեի «յոթ քողի տակ»:

Ըստ «Ереван» ամսագրի նյութի

Դիտվել է 5497 անգամ:
Print Friendly

Leave a Reply