Բուհական անակնկալներ. կրեդիտային համակարգն ամեն բուհ կիրառում է ըստ իր հայեցողության

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 1, 2010 1:00

Բոլոր պետական բուհերում ռոտացիան արդեն ավարտված  է, ուսանողներներից յուրաքանչյուրն էլ արդեն պարզել է` այս ուսումնական տարում սովորելու է վճարովի՞, թե անվճար համակարգում: Շատ ուսանողների  ռոտացիայի արդյունքներն անակնկալի են բերել, շատերի համար էլ դա եղել է գիտակցված և նպատակային գործողությունների տրամաբանական արդյունք:

Չնայած հայաստանյան բոլոր բուհերում ներդրված  նոր ուսումնական համակարգն ընդհանուր մեկ անուն ունի`  Բոլոնյան, սակայն հայաստանյան ամեն բուհ այս կրթական համակարգի տարրերը յուրովի է մեկնաբանում: Օրենքով էլ սահմանված են ընդհանուր դրույթներ` տեղ թողնելով բուհերին «ստեղծագործական» մոտեցման համար:  Այսպես, նույն կրեդիտային համակարգը, ռոտացիայի սկզբունքը արմատապես տարբերվում է  ոչ միայն բուհից բուհ, այլև նույնիսկ բուհի տարբեր ֆակուլտետներում: Բուհերի  և ամեն ֆակուլտետի կրեդիային համակարգ կոչվածի «ստեղծագործական» մեկնաբանումը շատ ուսանողների և ծնողների շփոթության մեջ է գցում ու հաճախ էլ փաստի առաջ կանգնեցնում:

Պետական մանկավարժական համալսարանի երկրրոդ կուրս փոխադրված ուսանողներն, օրինակ, սեպտեմբերին անակնկալի են եկել` բացահայտելով, որ եվրոպական իրականությունից ներմուծված կրեդիտային համակարգը համադրված է խորհրդային տարիներից մնացած «բաց դուռ» հասկացության հետ, և հանրագումարային քննությանը անբավարար ստացած ուսանողները կարող են մասնակցել ռոտացիային ու շարունակել անվճար համակարգում սովորել:  Այս ամենի մասին, սակայն, ուսանողը տեղեկանում է միայն ռոտացիայից հետո:

Մանկավարժական համալսարանի մի շարք ուսանողներ «Անկախի» հետ զրույցում  նշեցին, որ իրենք հաճախ տեղյալ էլ չեն թե դասախոսն իրենց ինչ է գնահատում ակտիվության, տարվա ընթացքում գիտելիքների դրսևորման համար:  «Առաջին կուրսում  բոլոր քննություններս գերազանց եմ հանձնել, ողջ տարվա ընթացքում միշտ դասերին պատրաստ եմ եղել, ակտիվ մասնակցել: Երկրորդ կուրսի սեպտեմբերին վստահ էի, որ շարունակելու եմ անվճար համակարգում, բայց ռոտացիայից հետո ինձ դեկանատից հայտնեցին, որ ես լիկվիդ ունեմ: Ոչ քննական առարկաներից մեկի դասախոսը, դեկանատում նստած, ըստ իր հայեցողության ինձ անբավարար էր գնահատել»,- պատմում է մանկավարժական համալսարանի արդեն չորրորդ կուրսեցի ուսանողը, ով չցանկացավ, որ իր անունը բացահայտվի` վախենալով հնարավոր հաշվեհարդարից:

Երկրորդ կուրսեցի մեկ այլ ուսանող էլ պատմում է, որ իրենք բացահայտ գնահատվում են միայն քննական գրավորների և հանրագումարային քննության համար, մյուս բոլոր չափանիշներով` ակտիվություն, գիտելիքների դրսևորում և այլն, դասախոսը գնահատում է առանձին, ուսանողից գաղտնի: «Դեկանատում մեկ անգամ կարող ես մտնել, հարցնել, երկու անգամ, հետո բարկանում են, դուրս հանում, թե գնացեք դասախոսից ճշտեք: Տարվա վերջում դասախոսին էլ որտեղից գտնենք, որ իմանանք, թե մեզ ինչ է նշանակել»,- ասում է ուսանողը:

Հարցին ի պատասխան, թե ինչ ինչպես ուսանողը և ծնողը տեղեկանան գնահատման գործող համակարգի և չափանիշների, ուսանողի և դասախոսի իրավասությունների մասին, Մանկավարժական համալսարանի  քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան  Սվետա Հովակիմյանն ասում է, թե իրենք ամեն օր կուրսից կուրս են անցնում և ուսանողներին բացատրում գնահատման գործող համակարգը, իսկ եթե ծնողմներն էլ են ուզում տեղեկանալ, թող բուհ այցելեն, իրենք տեղում կբացատրեն: Սրան ի պատասխան դեկանատի աշխատակիցը թղթի վրա «Անկախի» թղթակցին բացատրում է, որ ուսանողները գնահատվում են ըստ տարվա ընթացիկ քննությունների, վերջնական քննության, տարվա ընթացքում ցուցաբերած ակտիվության, ներկայացրած ռեֆերատների, դասերին ներկայության  և այլն:  Սակայն որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի այս ամենը, չկա: Չի գործում նաև բուհի էլեկտրոնային կայքը, որտեղից հնարավոր կլիներ որոշակի տեղեկություններ ստանալ գործող գնահատման համակարգի ու չափանիշների մասին:

Երբ «Անկախի»  լրագրողը նկատում է, թե, օրինակ, ԵՊՀ-ում սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիներին սկավառակ են տալիս, որում ներկայացված են բուհում գործող կրեդիտային համակարգը, գնահատման չափանիշները, ուսանողի իրավասությունները, Հովակիմյանը պատասխանում է. «Մեր օրերում ամեն ուսանող չէ, որ հնարավորություն ունի կարդալու սկավառակի պարունակությունը, իսկ մենք ամեն օր մտնում ու բացատրում ենք»:

Հովակիմյանը զարմանք է արտահայտում նաև, երբ ֆակուլտետի ուսանողներից մեկը նշում է, թե չգիտի` դասախոսն իրեն ինչ է գնահատել ակտիվության և մի քանի այլ չափանիշների համար. «Ինչո՞ւ չգիտեք, մտեք դեկանատ, հարցրեք, կասենք»: (Հետաքրքրական կլինի ականատես լինել, երբ ֆակուլտետի մի քանի հարյուր ուսանողներն ամեն օր հերթով մտնեն դեկանատ ու հարցնեն, թե այդ օրն ինչ գնահատական են ստացել:)

Ի տարբերություն Մանկավարժական համալսարանի, ԵՊՀ-ում  ուսանողներին գնահատում են 20 բալանի համակարգով, և այստեղ սեպտեմբերի 1-ից ուսանողը գիտի, որ իր 20 բալի 4 միավորը կազմում է ներկայությունը, 4 միավորը դասերին և սեմինարներին ցուցաբերած ակտիվությունը, 4 միավորը գրավոր քննությունը կամ ռեֆերատը ևս 8 միավոր ուսանողը վաստակում է հանրագումարային քննության ժամանակ բանավոր պատասխանով:

ԵՊՀ-ում նաև,  ի տարբերություն մանկավարժական համալսարանի, կրեդիտային համակարգում չի գործում «բաց դուռ» հասկացությունը,  իսկ դասախոսն էլ ուսանողի բացակայությամբ և  իր ցանկությամբ ուսանողին որևէ կրիտերիայի համար չի գնահատում:  «Ես ԵՊՀ-ում երկու տարի սովորել եմ կրեդիտային համակարգով և երբևէ չի եղել, որ հանրագումարային քննության նախօրեին չիմանամ, թե քանի միավոր ունեմ մյուս կրիտերիաներից: Գնահատումը թափանցիկ է, ամեն սեմինարից հետո դասախոսը բարձրաձայն բոլորին ասում է, թե ով քանի միավոր է վաստակել»,- պատմում է ԵՊՀ շրջանավարտներից մեկը: Նրա խոսքով` միակ թերությունն այն է, որ տարբեր ֆակուլտետներում միավորների բաշխումը տարբերվում է .«Առաջին տարին կամընտրական առարկաների դեպքում մյուս ֆաակուլտետներում կռիվ էինք տալիս, մեր և իրենց միավորների բաշխման համակարգը տարբեր էր, բայց արդեն 2-րդ տարին նման խնդիր չկար, բոլոր ֆակուլտետներում էլ նույնն էր»:

Դիտվել է 3916 անգամ:
Print Friendly

Leave a Reply