Ժամանակակից հայ կինոյի հերոսը` աֆտարիտետ ու գողական

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 29, 2010 0:09

Ո՞վ է այսօրվա հայ կինոյի հերոսը. հարց, որը «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում համախմբել էր որոշ կինոքննադատների, կինոռեժիսորների, ուսանողների և լրագրողների:

Քննարկման ընթացքում կինոաշխարհի ներկայացուցիչները փորձեցին վեր հանել այսօրվա կինոյի հերոսին, բացահայտել նրա կերպարը, քննարկել կինոյի հիմնախնդիրները: Հնչեցին տարբեր կարծիքներ.

«Տարեկան հարյուր ֆիլմ ենք նկարահանում, մրցանակներ ենք բերում, Փարաջանովը կերազեր ստանալ մեկ տասներորդ մասն այն մրցանակների, որ այսօր ստանում են մեր երիտասարդ ռեժիսորները: Մեր այսօրվա կինոն գավառական կինո չէ. և՛ տեխնիկական միջոցներ են կիրառվում, և՛ ոճ կա, ֆիլմերը տարբերվում են իրարից,- թվարկեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը` շեշտը դնելով մի բացասական երևույթի վրա,- մեր կինոյում այսօր մարդն է պակասում, սովորական, նորմալ մարդը»:

Ըստ կինոգետի, այսօրվա հերոսները չեն հիշվում, հետք չեն թողնում մարդկանց սրտերում. «Մենք մեր հերոսին ավելի վատ ենք ներկայացնում, քան կա իրականում»,-ասում է նա:

Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանը նկատում է. «Խորհրդային տարիների կինոյի հերոսները գիտնականներն էին, երիտասարդ ֆիզիկոսները, մտավորականները, որոնք իրենց հետևից տանում էին մի ողջ սերունդ, իսկ այսօրվա հերոսներն աֆտարիտետներն ու գողականներն են»:

Հասմիկյանը բարձրաձայնեց նաև մի փաստի մասին, որն ավելի քան ակնհայտ էր. քննարկումը կինոաշխարհի շատ քիչ ներկայացուցիչների էր հետաքրքրել. «Դժբախտաբար, կինոյի կարկառուն դեմքերը, ռեժիսորները չեն մասնակցում նման քննարկումների, գալիս են միայն մի քանի կինոգետներ, լրագրողներ, երիտասարդ ռեժիսորներ,- ասաց նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որը չկա ո՛չ կյանքում, ո՛չ էլ արվեստում: Նա կինոաշխարհի ներկայացուցիչներին կոչ արեց մասնակցել կինոյին վերաբերող քննարկումներին և  խոսել ոչ թե ֆինանսի բացակայությունից, այլ ստեղծագործականին ու  մտածելակերպին վերաբերող խնդիրներից:

Կինոյի արդի խնդիրներից մեկն էլ, ըստ որոշ տեսակետների, սյուժեի, պատմության բացակայությունն է: Ռոբերտ Մաթոսյանը խոստովանեց, որ երիտասարդ ժամանակ քննադատում էր,  շատ ֆիլմեր չէր  հավանում, իսկ հիմա, երբ նայում է հին ֆիլմերը, բոլորն էլ հավանում է. «Պրոֆեսիոնալիզմ կար, ասելիք կար,- նշեց նա: Դրան հակադրվեց երիտասարդ կինոռեժիսոր Էգդար Բաղդասարյանը. «Հարյուր անգամ ասել եմ, էլի կասեմ. չեմ ընդունում, թե մենք լավ կինո ենք ունեցել: Մենք այսօր ունենք ավելի լավ կինո, քան նախկինում էր: Համաձայն չեմ նաև այն տեսակետին, թե մեր կինոն եղել է պրոֆեսիոնալ. ո՛չ, դրանք ունեին մասնագիտական  բազմաթիվ թերություններ: Այսօրվա կինոն` ծուռումուռ, բայց ավելի ադեկվատ է, ավելի ճիշտ է ներկայացնում իրականությունը,- ասաց նա:

Երիտասարդ կինոռեժիսորը նաև նկատեց, որ կինոոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչները հակված են դեպի սովետական կինոն` մոռանալով, որ աշխարհն ավելի մեծ է, քան սովետը, և նշեց, որ հայկական կինոն ունի նաև սերնդափոխության լուրջ խնդիր: Միաժամանակ երիտասարդ կինոռեժիսորը հայտնեց, որ չի ընդունում, թե պետք է առաջնորդվել ժամանակի թելադրանքով և ստեղծել կոմերցիոն ֆիլմեր. «Հենց որ սկսենք կինո ստեղծել, որը ոչ թե մեր սիրտն է ուզում, այլ թելադրում է շուկան, ապա կինոն կվերջանա: Փողեր կներդրվեն, կնկարվեն ֆիլմեր, որտեղ կլինեն սպանություններ, կրակոցներ, ամեն ինչ, բացի արվեստից»,-ասում է նա:

Մի բան պարզ է. հայկական կինոն մեռած չէ և ասելիք ունի, սակայն պետք է ճիշտ ներկայացնել այդ ասելիքը. «Կինոաշունը լավ է նրանով, որ մեզ տալիս է համատեքստեր,- նշում է Հասմիկյանը,- մենք մեր այսօրվա կինոն տեղավորում ենք ընդհանուր հայկական կինոյի ու մշակույթի համատեքստում»: Չպետք է կրկնել կամ վերադառնալ նույն ակունքներին, բայց չպետք է նաև կորցնել հայկական  կինոյի դեմքը. «Գոնե մարդուն չկորցնենք, հակադրվենք գլոբալիզացիային, որը ծնում է դեբիլիզացիա,- ասաց Հասմիկյանն ու ավելացրեց,- վերադառնալ պետք չէ, բայց պետք է վերաիմաստավորել»:

Կինոյի հաջորդ խնդիրը հասարակության մեջ կինոդիտումների նկատմամբ անտարբերությունն է և կինոթատրոնների բացակայությունը: Բոլորը զարմանում ու քննադատում են, որ Երևանում ընդամենը երկու նորմալ կինոթատրոն կա, սակայն ոչ ոք չի նկատում, որ շատ հաճախ, անգամ այդ երկուսն  էլ են  դատարկ: Այդ է վկայում նաև «Կինոաշունի» մեկամսյակը. օրինակ`  «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված «Նամուս» ֆիլմին ներկա է եղել ընդամենը մի քանի հոգի:

Եվ, ի վերջո, եթե կինոթատրոնների չգոյությունը դիտարկենք բիզնեսի տեսանկյունից, ապա պարզ է, որ կինոթատրոններ չկան, քանի որ պահանջարկ չկա. դժվար թե պահանջարկ ունենալու դեպքում հայ գործարար մտքի հանճարը չմտածեր կինոթատրոնների միջոցով հարստանալու մասին: Իսկ պահանջարկ չկա, ինչպես հաճախ կրկնում են ոլորտի գործիչները, որովհետև անցած երկու տասնամյակի ընթացքում կինո հաճախելու մշակույթը իսպառ անհետացավ մեր կյանքից.  ցրտի ու մթի տարիներին կինոթատրոնները  անգործության մատնվեցին, ապա սկսվեց համատարած մասնավորեցումը, և շենքերն օգտագործվեցին ըստ սեփականատիրոջ հայեցողության:

Ինչ վերաբերում է անցյալին, որը կարոտախտով են հիշում ավագ սերնդի ներկայացուցիչները, և որի մասին սկսում ենք երազել նաև մենք` երիտասարդներս, ապա նշեմ, որ մի փոքր հիասթափություն ապրեցի, երբ օրեր առաջ պատահաբար ձեռքս ընկավ սովետական տարիներին հրատարակված մի ռուսերեն գրքույկ: «Թվեր և փաստեր» անվանումով գրքում ներկայացված էր մի հետաքրքիր վիճակագրություն՝ սովետական հանրապետություններում յուրաքանչյուր քաղաքացու կինոթատրոն հաճախելու տարեկան միջին քանակի վերաբերյալ. Հայաստանը գրավում էր ամենացածր հորիզոնականները, իսկ 1986-ին մեր երկիրն այդ առումով ամենատխուր վիճակում էր` միջինից երկու անգամ ցածր: Մեզանից առաջ էր անգամ հարևան Ադրբեջանը:

Փաստորեն, դեռևս այն տարիներին, երբ Հայաստանը ողողված էր կինոթատրոններով, մենք` հայերս, կրկին  աչքի չէինք ընկնում կինոթատրոն հաճախելու ակտիվությամբ: Ուրեմն խնդիրը ոչ թե կինոթատրոններն են, այլ մտածելակերպն ու վերաբերմունքը:

Իսկ մտածելակերպի ու վերաբերմունքի առումով շաբաթ օրը մի ավելի քան արտառոց օրինակ մատուցեց Հանրային հեռուստատեսությունը: Դրանից առաջ արդեն, մի շաբաթ շարունակ, այդ հեռուստաալիքը գովազդում էր շաբաթ օրը հայկական կինոյի մասին հեռարձակվելիք հաղորդումը, և պարբերական գովազդի ընթացքում շարունակ  հարց էր տրվում, թե կինոաշխարհում ինչի վրա են վատնվում պետական փողերը:  Սա արդեն իսկ հետաքրքիր էր ընթացող «Կինոաշունի» համատեքստում, քանի որ այդ նույն հեռուստատեսությունը տվյալ միջոցառման տեղեկատվական հովանավորն է: Վերջապես դիտեցինք այդ «Հատուկ ռեպորտաժը», որը որևէ աղերս չուներ լրագրական ռեպորտաժ ժանրի հետ: Հաղորդման  առյուծի բաժինը դրա հեղինակի անձնական տեսակետներն ու նկատառումներն էին, որոնք հանգում էին մի մտքի. այն բոլոր ֆիլմերը, որոնք ֆինանսավորել է կինոկենտրոնը, անտաղանդ ռեժիսորների գործեր են, և որպեսզի պետական փողերը չվատնվեն, տվեք դրանք միայն Հանրային հեռուստատեսությանը, միայն Հրաչ Քեշիշյանին, որպեսզի նկարահանվեն այնպիսի հաջողված ֆիլմեր, ինչպիսիք են, օրինակ, «Սպանված աղավնին» և «Արտիստը»:

Հենց միայն այս փաստը ցույց է տալիս, որ թե՛ կինոգետները, թե՛ կինոկենտրոնը ասելիք ու անելիք շատ ունեն ճշմարիտ հասարակական կարծիք ձևավորելու հարցում, և հակված ենք մտածելու, որ «Կինոաշունն» այդ առումով ուշացած, բայց լավ սկիզբ է:

Դիտվել է 3599 անգամ:
Print Friendly

Leave a Reply