Ընտրական օրենսգիրքը` բարեփոխումների ճանապարհին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 28, 2010 14:41

Վերջին օրերին, հատկապես քաղաքական շրջանակներում, ակտիվացել են ընտրական օրենսդրության բարեփոխման շուրջ խոսակցությունները: Պատճառը իշխանությունների մշակած` Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագիծն է, որը քննարկելու նպատակով հոկտեմբերի 11-ին տեղադրվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում: Աշխատանքային խումբն առաջարկել է մեկամսյա ժամկետում` մինչև նոյեմբերի 11-ը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողով: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագծի հեղինակները նախատեսում են առաջարկություններն ամփոփելուց հետո` մինչև դեկտեմբերի 1-ը, քննարկում կազմակերպել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մատուցմամբ` չնայած ԸՕ-ի բարելավման նպատակով գործող աշխատանքային խմբում, որտեղ ԲՀԿ-ն ներկայացրել է ինքը, կուսակցության տեսանկյունից հիմնական սկզբունքային հարցերի շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, այդուհանդերձ խմբակցության նախորդ շաբաթ կայացած նիստում որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել նաև խմբակցությունում և մինչև նոյեմբերի 11-ը ներկայացնել առաջարկներ, մասնավորապես` ընտրակեղծիքների համար քրեական օրենսգրքում պատժամիջոցների խստացման վերաբերյալ:

Հանձնաժողովների կազմավորման սկզբունքի ընտրության կապակցությամբ էլ Ն. Զոհրաբյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ վերջերս Երևանում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ վերջինները նշել են, որ «ի վերջո, իրենց համար միևնույն է, թե ընտրական հանձնաժողովների կազմավորման ո՞ր մոդելը կընտրվի, այլ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմը` նախագահ, փոխնախագահ, քարտուղար, լինի հաշվեկշռված, և, ամենակարևորը, ԸՕ-ն կյանքի կոչելու քաղաքական կամք լինի»: Ըստ պատգամավորի` հրապարակված նախագծում փորձ է արվել «անցնել ավելի պրոֆեսիոնալ հանձնաժողովների, և առաջարկվող մոդելը տարբերակներից մեկն է»: Նշվեց նաև, որ նախագիծն ամբողջացնելուց հետո պետք է ուղարկվի Վենետիկի հաձնաժողով` պաշտոնական եզրակացություն ստանալու համար: «Ես չեմ բացառում, որ քննարկումների արդյունքում նախագիծը որոշակի փոփոխություններ կրի»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Իշխանությունները, մասնավորապես, առաջարկում են ընտրական հանձնաժողովները կազմավորել 7 անդամից: Ըստ նախագծի` հանրապետության նախագահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի հինգական թեկնածուներ են ներկայացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի

և վճռաբեկ դատարանի նախագահները: Ներկայացված թեկնածուներից յոթը նշանակվում են ԿԸՀ անդամ, մյուսները մնում են ռեզերվում` հանձնաժողովի անդամի թափուր տեղերը լրացնելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորում և հանձնաժողովների անդամներին նշանակում է ԿԸՀ-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում են հանրապետության նախագահը, ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը, արդեն իսկ հայտնել են իրենց անհամաձայնությունը մի շարք սկզբունքային դրույթների, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի վերաբերյալ և մշակել ու Վենետիկի հանձնաժողով են ուղարկել ԸՕ-ի փոփոխությունների միասնական նախագիծ:

Ինչպես  նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, այն արտացոլում է իրենց միասնական «մոտեցումները թե՛ խնդիրների, թե՛  լուծումների վերաբերյալ»: Ընդդիմության առաջարկները նաև հրապարակվել են հայաստանյան մամուլում, ուստի, ըստ Ս.Սաֆարյանի և ՀՅԴ ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի, դրանից զատ, իրենք մտադիր չեն որևէ մեկին առաջարկներ ներկայացնել,  մանավանդ որ իրենց համար անհայտ է, թե նախագիծը մշակած ի՞նչ խմբի մասին է խոսքը:

Ընդդիմադիր պատգամավորների մատուցմամբ`

ԵԽԽՎ-ի պահանջներից մեկի` Հայաստանի ԸՕ-ի բարեփոխման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը կազմավորված էր խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից, 2008-ից չի գործել և որևէ նիստ չի գումարել: Ա.Ռուստամյանի համոզմամբ, ԸՕ-ի բարեփոխման գործընթացը պետք է իրականացվեր հատուկ կարգով, քանի որ «հենց ԵԽ-ի պահանջն էր, որ փոփոխությունները կատարվեն ընդդիմության հետ համախոհության հասնելու միջոցով»:

Ինչպես հայտնեց Ս. Սաֆարյանը, ցավոք, ընտրական հանձնաժողովների կազմավորման հարցում արտախորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունները համակարծիք են. «ՀԱԿ-ը նույնպես կարծում է, որ հանձնաժողովները պետք է ձևավորվեն մասնագիտական, պրոֆեսիոնալ սկզբունքով, և պետությունը պետք է կազմակերպի և անցկացնի ընտրությունները»: Խորհրդարանական ընդդիմությունը սկզբունքային է համարում այս խնդիրը, և պնդում է, որ ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորեն ԱԺ-ում խմբակցություններ ունեցող կուսակցությունները, ընդ որում` հանձնաժողովների կազմի կեսը պետք ներկայացնեն իշխանությունները, մյուս կեսը` ընդդիմությունը: Ըստ Ս. Սաֆարյանի` «ճանապարհը, միգուցե, ոչ լավը, բայց միակն է` գնալ ձևավորման կուսակցական սկզբունքով և հակակշիռներ ստեղծելու ճանապարհով»:

«Մեր պրակտիկան ցույց է տվել, որ այն ընտրական հանձնաժողովներում, որտեղ ընդդիմությունը կարողացել է մեկ անդամով կամ մեկ անդամ, մեկ վստահված անձով հակակշիռ ստեղծել, ապա փոխվել են ընտրությունների արդյունքները: Այն տեղամասերում, որտեղ իշխանությունն է ամբողջությամբ իր վերահսկողության տակ պահել ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, ընտրությունների արդյունքների հետ կապված ոչ միայն կասկածներ, այլև աղաղակող փաստեր են եղել»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Հոկտեմբերի 22-ին հրապարակվեց նաև արտախորհրդարանական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով` իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե իբր մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է»: Ըստ ՀԱԿ-ի` «գործող, անգամ պակասավոր օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն»:

Մերժելով իշխանությունների հետ քննարկման մեջ մտնելու առաջարկը` ՀԱԿ-ը հայտնում է, որ այնուամենայնիվ, «շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ` ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ` լիազորելով վերջինիս և նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին դրանք օգտագործել համապատասխան քննարկումներում: Նրանք միաժամանակ տեղեկացվել են կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է` արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1904 անգամ:
Print Friendly

Leave a Reply