Կսկսվի ոչ միայն հայալեզու հանրակրթության, այլև բարձրագույն կրթության անապատացման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 29, 2010 16:01

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս վեց ամիսների ընթացքում չեն փոխել իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ:

Նրանք համոզված են, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ մտցնելու և օտարալեզու դպրոցներ բացելու դեպքում Հայաստանի կրթական համակարգը կգնա վերջնական կործանման:  Եվ հայտարարություն են տարածել, որում կոչ են «անում օվալաձև նոր դահլիճում հավաքված «ընտրյալ» մեծամասնությանը» կողմ չքվեարկել այս օրինագծերին, փոխարենը լծվել կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

«Ինչպես զինվորը կարող է չկատարել իր ապաշնորհ վերադասի ապօրինի հրամանը, դուք էլ պարտավոր եք դեմ քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով դուք կխուսափեք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց և սերունդների նզովքից: Մեր կոչն անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը քաղաքական մեծամասնության վարքագծի պատճառով կորցրել է լավատեսությունը և կարծում է, որ օրինագծերն, այնուամենայնիվ, կընդունվեն. «Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր կարծիքներն ու տեսակետները չենք կարող արտահայտել»,- ասում է պատգամավորը: Նա կարծում է, որ այստեղ լուրջ կրթական, քաղաքական շահ չկա, այլ կա կոնկրետ գործարարի կոնկրետ շահ. «Խոստումը տրված է, Դիլիջանում շենքի շինարարությունն ընթացքի մեջ է,  նրանք արդեն հայտարարել են իրենց դպրոցի ծրագրերի մասին, և այդ ցանկությանը պետք է գոհացում տրվի»,-ասում է նա:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ  զավեշտալի է համարում ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների առաջարկները. «Փաստորեն, կառավարությունը և այն ձևավորած կոալիցիան առաջարկներ են ներկայացրել իրենք իրենց, և այդ նույն կառավարությունն իր կատարած առաջարկներն ընդունել է մասնակիորեն: Նման բան աշխարհում կարող էր տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետությունում»,-նշում է Դալլաքյանը:

Գարեգին Չուքասզյանի կարծիքով` վեց ամիսների ընթացքում նախագծի մեջ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել. «Եթե, անգամ, եղել են ինչ-որ չնչին փոփոխություններ, դրանից սկզբունքի խախտումը չի պակասել: Իրականում մենք ոչ թե օտարալեզու դպրոցների բացման ընթացքի հետ գործ ունենք, այլ օտարալեզու կրթական համակարգի ներմուծման»,- ասում է նա:

Մինչ Ազգային ժողովը պատրաստվում է քվեարկության դնել Լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը շարունակում է էլ ավելի  խիստ հայտարարություններով հանդես գալ, փաստերի և վերլուծությունների միջոցով ցույց տալ իշխանություններին այդ քայլի աննպատակահարմարությունն ու կործանարար հետևանքները. «Այս ապիկար և կամազուրկ քաղաքականության արդյունքում կսկսվի ոչ միայն հայալեզու հանրակրթության, այլև հայալեզու  բարձրագույն կրթության անապատացման գործընթացը: Ակնհայտ է, որ միլիոնավոր դոլարների ներդրման հնարավորություն ունեցող օտարալեզու դպրոցները հետզհետե ամեն ինչով կգերազանցեն հայալեզու ուսուցմամբ դպրոցներին: Դրա հետևանքով օտարալեզու դպրոցները կսկսեն ավելի ու ավելի շատ աշակերտներ ներգրավել (սա օրենքով սահմանափակված չէ): Հայկական դպրոցները, որոնց ֆինանսավորումը կատարվում է մեկ աշակերտի հաշվարկով, ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց աշակերտական համակազմը, հետևաբար կկրճատվեն դրույքները, ֆինանսավորումը, և մի քանի տարի առաջ իրականացված օպտիմալացման ծրագիրը ստիպված կլինենք կրկնել պարբերաբար` կորցնելով թե՛ հայալեզու ուսուցմամբ դպրոցները, թե՛ հայալեզու մասնագետներին: Սրան զուգահեռ կտուժեն նաև հայկական բուհերը, քանի որ ուսուցման անընդհատության սկզբունքից ելնելով՝ օտարալեզու դպրոցի աշակերտը չի դիմի հայալեզու ուսուցմամբ բուհ, հետևաբար վերջիններս աստիճանաբար կմարեն»,-նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Նրանք նաև հուշում են Լիբանանի օրինակը, որն առաջնորդվել է նույն տարբերակով, և կրթության ընդհանուր ցուցանիշներով այժմ աշխարհում միջինից ցածր մակարդակ ունի: Մինչդեռ բացառապես միայն մայրենի լեզվով կրթական համակարգ ունեցող Ֆինլանդիան իր կրթական ընդհանուր ցուցանիշներով առաջինն է Եվրոպայում, եթե ոչ ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի այս քառօրյայում  քվեարկության են դրվելու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծերը:

Դիտվել է 1840 անգամ:
Print Friendly

Leave a Reply