Ռուս եւ ադրբեջանցի լրտեսուհիները ցնցել են Թուրքիան. Հույժ գաղտնի տեղեկություններ են Թուրքիայից դուրս հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 13:46

Թուրքական հեռուստաընկերությունների եթերից եւ թերթերի գլխավոր նորությունների մեջ շարունակում է առաջնային մնալ հոկտեմբերի 25-ին Թուրքիայի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում իրականացված գործողությունների մանրամասնները։ Թուրքիայի զինված ուժերում լրտեսությամբ զբաղվող, մարմնավաճառության բանդա կազմակերպած եւ բարձրաստիճան զինվորականնների եւ պաշտոնյաների նկատմամբ շանտաժ իրականացրած հանցախմբի գործունեության վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնվել թուրքական մամուլում։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության հրահանգով Թուրքիայի 9 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում Թուրքիայի ծովային ուժերի, իրային համալրման եւ առափնյա անվտանգության հրամանատարություններում ստեղծված բանդան մարմնավաճառության միջոցով ձեռք է գցել պետական հույժ գաղտնի փաստաթղթեր։ Բացի այդ, բանդան իր ուշադրության կենտրոնում է պահել բարձրաստիճան զինվորականների կանանց եւ երեխաներին, նրանց մշտապես պահելով իր ուշադրության տակ եւ մանրամասն տեղեկություններ հավաքել։

Զինվորականների բանդան հետեւել է նաեւ Թուրքիայի ծովային ուժերի. թե նախկին, թե ներկա հրամանատարների էլեկտրոնային փոստերը։ Բանդան, Ծովային ուժերի ներկայիս հրամանատար Ֆիքրեթ Գյունեշի էլ-փոստին հետեւելուց բացի ուշադրություն է դարձրել նրա ընտանիքի անդամների անձնական տվյալների հավաքագրմանը։

Իսկ ահա, թուրքական Takvim-ը գրել է, թե բանդան իր նպատակներին հասնելու համար օգտագործել է ռուս եւ մոլդովացի լրտես կանանց՝ նրանց որպես մարմնավաճառներ ուղարկելով բարձագույն հրամանատարների մոտ։

Թուրքական Zaman-ը իր հրապարակման մեջ նշել է 3 լրտես կանանց՝ ռուս, ուկրաինացի եւ ադրբեջանցի, որոնք կարողացել են մարմնավաճառի քողի տակ ձեռք գցել հույժ գաղտնի ռազմական փաստաթղթեր եւ Թուրքիայից դուրս ուղարկել։

Sabah օրաթերթը նույնիսկ 3 լրտես կանանց անուններն է հրապարակել՝ Ինեսա, Լիա Ռահմատովա եւ Նոնա Բորդուլի։
Ստամբուլի դատախազությունը փորձում է պարզել, թե լրտեսությունը որ երկրի օգտին է իրականացվել։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Թուրքիայի մի շարք զինվորական ստորաբաժանումներում իրականացվել են գործողություններ, որի ընթացքում ձերբակալվել են 3 տասնյակից ավել զինվորական։ Գործով անցնող հանցավոր խմբի անդամները մեղադրվում են մարմնավաճառների ցանց ստեղծելու, զինվորականների, պետական պաշտոնյաների եւ մարմնավաճառների սեռական հարաբերությունները նկարահանելու եւ այնուհետ շանտաժ անելու եւ լրտեսությամբ զբաղվելու մեջ։

Դատարանը բերման որոշում է կայացրել նաեւ ծովակալներ Շաֆաք Յուրեքլիի եւ Ֆահրի Ջանի նկատմամբ։

NEWS.am

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply