Ադրբեջանում կա 11 հայ գերի եւ պատանդ, իսկ Հայաստանում` 3 ադրբեջանցի գերի ու պատանդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2010 13:37
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել:
Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին:
Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:
Աստաբացյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնվում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մեկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ հայտնելով, որ դա կազմակերպության սկզբունքն է, եւ իրենք իրավունք չունեն հայտնել այդ անձանց անունները:
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը, նաեւ 47-ամյա Էլդար Թագիեւը:
Նախագահները պայմանավորվել են նաեւ զոհվածների դիակների փոխանակություն իրականացնել: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ զոհվել էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքվի բանտում:  Մինչդեռ հայկական կողմում են ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Ֆարիդ Ահմեդովի եւ Ադրբեջանի Ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Նշենք, որ երեկ Աստրախանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»:
NEWS.am
Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply